Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպե՞ս նա չվախեցավ արջից» նոր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում, սեպտեմբերի 27-ից կցուցադրվի Երեւանում՝ բոլոր կինոթատրոններում, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, Կապանում, Քաջարանում, ինչպես նաեւ Ստեփանակերտում։ «Առավոտը» զրուցեց ֆիլմի հեղինակների հետ:
– «Նրա մասին կամ թե ինչպե՞ս նա չվախեցավ արջից» ֆիլմում անդրադարձել եք շատ զգայուն թեմայի, աշխատելիս ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք:
Նարինե Մկրտչյան – Այո, թեման շատ զգայուն է, այդ իսկ պատճառով ֆիլմն իրականացնելիս փորձում էինք այնպես անել, որ այն ավելի խոցելի չդառնա։ Բնականաբար, արդեն իսկ սցենարը գրելիս մենք գիտեինք, թե ինչ վտանգի առջեւ ենք կանգնելու, եւ ինչ խոչընդոտներ են լինելու, քանի որ նկարահանումներն իրականացրել ենք 2016-17թթ., բայց հավատը գործի հանդեպ ավելի զորեղ էր, քան վախը։
Ֆիլմը գեղարվեստական է՝ ներշնչված իրական դեպքերից, որի հիմքում Գյումրիում ռուս զինվորի կողմից կատարած սահմռկեցուցիչ ոճրագործությունն է։ Եվ նյութի գեղարվեստական վերծանումը մեր մոտեցմամբ՝ հնարավորություն ստեղծեց խուսափել խոչընդոտներից, քանի որ մենք գործ ունեինք մեր ստեղծած կերպարների հետ։
Կարդացեք նաև
– Ֆիլմի պրեմիերան կայացել է Ռոտերդամում, ըստ ձեզ՝ լավագույն գնահատականը ֆիլմի վերաբերյալ, որ մինչ այժմ տրվել է:
Արսեն Ազատյան – Ֆիլմի վերաբերյալ բազմաթիվ գնահատականներ են հնչել, թե հանրային եւ թե մասնավոր ձեւով, թերեւս լավագույն գնահատականը, որպես արձանագրված փաստ կամ ձեռքբերում՝ պետք է համարել Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Deep Focus/Signatures (Խորին սեւեռում/Ստորագրություն) ծրագրում մասնակցելն էր, ուր ընդգրկվում են միայն կայացած եւ ճանաչված անուններ, ինչպես նաեւ ծրագրի ղեկավար, կինոգետ Էդվին Կարելսի ֆիլմի համեմատությունը Դուստոեւսկու վեպի հետ։
– Որեւէ տպավորիչ դրվագ կհիշե՞ք, որ առնչվում է «Նրա մասին կամ թե ինչպե՞ս նա չվախեցավ արջից» ֆիլմին:
Նարինե Մկրտչյան – Տպավորիչ էր Գյումրիում կատարված նկարահանումների ողջ ընթացքը, շատ տարօրինակ զգացում էր, անընդհատ վերապրում էինք այն, ինչ տեղի էր ունեցել։
Արսեն Ազատյան – Ինչ-որ միստիկ մթնոլորտ էր ստեղծվել նկարահանման խմբի շուրջ, ոչ ոք ոչինչ չէր հարցնում, ոչ ոք չէր տրտնջում, ոչ ոք չէր շտապում… մեր նկարահանման խումբը միայն այդ ժամանակ իմացավ, թե որն է ֆիլմի իրական հիմքը։
– Բազմաթիվ ֆիլմերի հեղինակ եք, ինչ պատմություն կուզենայիք ֆիլմի վերածել, որը կարող է լինել, այսպես կոչված՝ ձեր երազանքի ֆիլմը:
Արսեն Ազատյան – Իհարկե, ունենք այդպիսի գաղափար, նույնիսկ մի քանիսը, բայց եկեք չբարձրաձայնենք այն, ինչը դեռ երեւակայության մեջ է։
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել են ֆիլմի հեղինակները:
«Առավոտ» օրաթերթ
19.09.2019