Վահե Մովսիսյանը վերականգնվել էր աշխատանքում Մայր թատրոնում:
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի կառավարման բաժնի նախկին պետ Վահե Մովսիսյանը վիճարկել էր տնօրենի՝ թիվ 66-Ա հրամանը՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ: Հիշեցնեմ, որ 2018 թվականի օգոստոսի 3-ի վճռով հայցվոր Վահե Մովսիսյանը վերականգնվել է նախկին աշխատանքում եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Մայր թատրոնից գումար բռնագանձելու վճիռ է կայացվել:
Անվավեր էր ճանաչվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի՝ ի դեմս տնօրեն Վարդան Մկրտչյանի, նկատողություն տալու մասին 23.03.2018 թվականի թիվ 66-Ա հրամանը, խիստ նկատողություն տալու մասին թիվ 70-Ա հրամանը, աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 20.04.2018 թվականի թիվ 85-Ա հրամանը, եւ Վահե Մովսիսյանը կվերականգնվի նախկին աշխատանքում՝ սկսած 20.04.2018 թվականից բռնագանձելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով հաշվեգրման ենթակա գումարը: Վճռվել էր թատրոնից հօգուտ Վահե Մովսիսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Վահե Մովսիսյանը վերջերս է ստացել պահանջած գումարը, սակայն վճռից հետո այդպես էլ չի կարողանում աշխատանքի գնալ, քանի որ նշյալ հաստիքը դատական գործընթացի փուլում «անհետացել» է, գոյություն չունի:
Կարդացեք նաև
Վահե Մովսիսյանն աշխատանքից ազատվել է անցյալ տարվա ապրիլի 20-ին: Նույն տարվա դեկտեմբերի 27-ին ՀՀ մշակույթի նախարարը հաստատել է թատրոնի նոր կառուցվածքը՝ որով Վ. Մովսիսյանի նախկինում զբաղեցրած հաստիքը կրճատվել է: Առնվազն տարօրինակ է, որ մեկ տարվա դատական գործընթացների ժամանակ դատարանին, Վ. Մովսիսյանին չի իրազեկվել այդ մասին: Թատրոնի տնօրեն Վ. Մկրտչյանը դիմելով ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Կ. Մարգարյանին՝ հայտնել է. «Թատրոնի կառուցվածքը եւ հաստիքային միավորները հաստատվում են ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Սույն դեպքում ՀՀ մշակույթի նախարարի կողմից հաստատված կառուցվածքով տվյալ հաստիքը կրճատվել է……Թատրոնից անկախ պատճառներով վճռի համապատասխան պահանջը՝ նախկին աշխատանքում վերականգնելու մասին, կատարելն անհնար է, ուստի կատարողական վարույթն այդ մասով պետք է ավարտվի»:
ՏԱ օրենքին հղում անելով՝ Վ. Մովսիսյանի ներկայացուցիչ-փաստաբան Ն. Բարսեղյանը դիմել էր նախարարի պաշտոնակատար (նախկին) Ն. Ղարիբյանին, թե ինչով է պայմանավորված եղել նոր հաստիքացուցակը հաստատելու հանգամանքը:
Փոխնախարար Վահե Բուդումյանի բլանկով փաստաբանը ստացել է նրա հետեւյալ պատասխանը. «ՀՀ մշակույթի նախարարության կողմից ՊՈԱԿ-ի հաստիքացուցակ չի կազմվում: ՊՈԱԿ-ների հաստիքացուցակը, ինչպես նաեւ կառուցվածքը հաստատվում են ՊՈԱԿ-ների տնօրենների կողմից՝ հիմք ընդունելով «ՊՈԱԿ-ի մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի 1-ին մասի է կետը»:
Վ. Մովսիսյանը դեռ այս տարվա փետրվարի 25-ին դիմել էր թատրոնի տնօրենին՝ երբվանից ներկայանա աշխատանքի. «Եթե իմ զբաղեցրած պաշտոնը կրճատել եք, սպասում եմ համարժեք աշխատանքի: Իսկ եթե դա էլ չեք ուզում անել, տվեք բոլոր այն հիմքերն ու հրամանը, որով օպտիմալացվել եմ»:
Ոչ գրավոր, ոչ բանավոր պատասխան չի ստացվել մինչ օրս: Ի վերջո, ո՞վ է կրճատել հաստիքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.09.2019