Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեսիջներ» ԱՄՆ-ից՝ պաշտպանության ոլորտի համագործակցությունից մինչեւ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգություն

Սեպտեմբեր 20,2019 12:00

ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի այցից հետո Հայաստան է ժամանելու ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Փաշինյանի այցը ԱՄՆ կմեկնարկի Լոս Անջելեսից. սեպտեմբերի 22-ին, նա կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Փաշինյանը նաեւ հանդիպումներ կունենա Կալիֆոռնիայի եւ Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արեւելյան ափի հայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ կառույցների ղեկավարների եւ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է գործարար համաժողով, որին կմասնակցեն տեղի գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Լոս Անջելեսից նա կայցելի Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայազգի մասնագետների հետ: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Կառավարության պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ տեղի կունենան մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ, Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ՝ կայցելի Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես եւ Կոլումբիայի համալսարան: Նշվում է նաեւ, որ ԱՄՆ՝ Փաշինյանի այցի շրջանակում նախատեսվում են համագործակցության մասին հուշագրերի ստորագրում:

Որպես աշխարհի ամենահզոր ժողովրդավար երկիր, Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ժողովրդավարության հաստատման գործում, Վաշինգտոնում անցկացված Ամերիկայի հայկական համագումարի երեկոյի ընթացքում նշել է կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանը: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ վերջինս կարծիք է հայտնել, թե Հայաստանն այժմ ունի երեք հիմնական մարտահրավեր. «Թավշյա հեղափոխության ընձեռած հնարավորություններով զարգացնել տնտեսությունը, ամրապնդել դիրքերը տարածաշրջանում եւ հնարավորություններ բացել սեփական քաղաքացիների համար։ Իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ, պայքարել կոռուպցիայի դեմ, մարտահրավերներ, որոնք ավելի հաղթահարելի են հանրության մեծ աջակցություն վայելող կառավարության համար»:

Ի դեպ, հայտնի է, որ ՀՀ կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրերը քննարկելու նպատակով հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված կլինեն թե՛ դեմոկրատական եւ թե՛ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ, հայտնել է Ջեքի Սփիրը. «Համոզված եմ, որ հպարտ ենք զգալու Հայաստանի նոր իրականությանը ականատես լինելով։ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է շոշափելի, երբ աշխարհում այն անկում է ապրում: Հայաստանը այս գորշ պատկերում լուսավոր կետ է, եւ մեր բոլորիս պարտականությունն է վառ պահել այդ լույսը»: Հավելենք, որ կոնգրեսական Սփիրի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զգալի մեծամասնության ընդունված նախաձեռնությամբ Հայաստանին 2019-ին տրվելու է հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն:

Օրերս, Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսի շրջանակում անց է կացվել հայ-ամերիկյան հարաբերությունների մասին քննարկում ՀՀ եւ ԱՄՆ չորս դեսպանների մասնակցությամբ, որի շրջանակներում Հայաստանի եւ Միացյալ Նահագների չորս նախկին եւ գործող դեսպաններ քննարկել են երկու երկրների միջեւ հարաբերությունները: Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը կարեւորել է Հայաստանի ինքնիշխանության գործոնը արտաքին քաղաքականության ոլորտում. «Թավշյա հեղափոխությունը հստակ ազդանշան ուղարկեց աշխարհին եւ մասնավորապես Եվրասիական միությանը, որ Հայաստանը հետամուտ է իր սեփական շահերին, որոնք միշտ չէ, որ համընկնում են վերոհիշյալ խմբի անդամ երկրների շահերի հետ»։

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի կարծիքով՝ այսօր Հայաստանի առջեւ ծառացած են բազմաթիվ ներքին եւ արտաքին մարտահրավերներ, նա նկատել է, որ Հայաստանի համար արտաքին քաղաքական գերխնդիրներից են ղարաբաղյան հակամարտությունն ու Թուրքիայի հետ հարաբերությունները: Դեսպանը շեշտել է նաեւ Մոսկվայի հետ Երեւանի հարաբերությունների կարեւորությունը՝ անվտանգության մարտահրավերներից ելնելով, հավելելով, որ նոր վարչակազմին հաջողվել է պահպանել հավասարակշված բազմաբեւեռ արտաքին քաղաքականություն:

Իսկ նախկին փոխպետքարտուղար, դեսպան Ջոն Հեֆերնը կարեւորել է հետհեղափոխական փուլում օրենքի գերակայության հաստատման խնդիրը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական դաշտում, գործող համակարգի նկատմամբ հանրային վստահությունը. «Ինստիտուտների կառուցումը հիմնական խնդիրներից է, սակայն հանրային վստահությունը դրանց նկատմամբ եւս շատ կարեւոր է: Հնարավոր չէ ամեն անգամ դուրս գալ փողոց: Անհրաժեշտ է կառուցել համակարգի նկատմամբ հավատ»:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանն իր հերթին շեշտել է, որ ԱՄՆ-ը առանցքային գործընկեր է Հայաստանի համար. «ԱՄՆ շարունակում է մնալ առանցքային գործընկեր Հայաստանի համար: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը վարչապետ Փաշինյանի կառավարության առաջնահերթություններից է, եւ մենք հույս ունենք ընդլայնել դրանք»:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Հայաստանում էր ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությունը։ Միացյալ Նահանգների հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը եղել եւ մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, նրանց հետ հանդիպմանն ասել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Ըստ ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության՝ Մնացականյանը եւ Քուփերը բարձր էին գնահատել ԱՄՆ-Հայաստան շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի եւ Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում: Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու եւ ընդլայնելու իր ներդրումը խաղաղության պահպանման եւ մարդասիրական գործողությունների միջազգային ջանքերում, ինչպես նաեւ բարձր է գնահատվել ԱՄՆ-ի` ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահ երկրների հետ միասին գործադրած ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ:

ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՊՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Տոնոյանը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը, արձանագրելով, որ այն ներառում է բազմաթիվ ոլորտներ, ինչպես նաեւ հույս հայտնել, որ համագործակցության զարգացումը շարունակական բնույթ կկրի։ Քուփերն իր հերթին նշել է, որ ուրախ է լինել Հայաստանում՝ քննության առնելու այն ուղիները, որոնք թույլ կտան առավել ամրապնդել երկկողմ համագործակցությունը խաղաղության ու անվտանգության հարցերի շուրջ։ Ըստ նրա՝ Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարեւոր գործընկեր է, եւ ԱՄՆ-ը բարձր է գնահատում շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի եւ «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում։

ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը հաստատել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքը բազմաթիվ ընդհանուր շահերի, այդ թվում՝ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության երաշխավորման շուրջ։

Ավելի վաղ, Դավիթ Տոնոյանն ընդունել էր ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին եւ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ նշյալ հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այսպիսով, պաշտոնական Երեւանը շեշտեց, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանը ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում եւ մենք պատրաստակամ ենք շարունակել քայլերն այս ուղղությամբ, եւ արձանագրեց, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունները պայմանավորված չեն առանձին անձերով եւ դրանք կրում են առավել ինստիտուցիոնալ բնույթ: ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությունը Երեւանում քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությունը։

Փաշինյանի այցից առաջ, կարելի է արձանագրել, որ այս փուլում ամերիկյան կողմից Հայաստանի ուղղությամբ որոշակի ազդակներ են հնչել, որոնք կարող են հետագայում հայ-ամերիկյան օրակարգի ձեւավորման հիմք հանդիսանալ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30