Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցանկություն էր հայտնել փոխել քաղաքի տրանսպորտային միջոցները՝ Չինաստանից ներկրելով էլեկտրական, առանց աղմուկի աշխատող ավտոբուսներ։ Քաղաքապետը, Գյումրու տոնին ընդառաջ հյուրընկալելով Չինաստանի Սիան քաղաքի ժողովրդական կառավարության գլխավոր քարտուղարության տեղակալ Յանգ Գոշիենգին, նրան խնդրել էր փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի գլխավորությամբ մեկնող պատվիրակությանն ուղեկցել տրանսպորտային միջոցներ արտադրող BYD ընկերություն, որպեսզի տեղում բանակցեն ավտոբուսներ գնելու ու Գյումրի ներկրելու հարցի շուրջ։
Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, որը օրերս է վերադարձել Չինաստանի Սիան քաղաքից․ նրա ղեկավարած պատվիրակությունը մասնակցում էր Եվրասիական տնտեսական միջազգային ֆորումի, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենք այցելել են էլեկտրական մեքենաների և ավտոբուսների արտադրության զբաղվող չինական առաջատար BYD ընկերություն, որտեղ ուսումնասիրել են արտադրական գործընթացը, ծանոթացել արտադրանքին ու քննարկել ավտոբուսների ձեռք բերման հնարավորությունները։
«Էլեկտրական շարժիչներով մեկ ավտոբուսը չինական մեկ միլիոն յուան արժե, որը եթե վերածենք դոլարի, գալիս է մոտ 148 հազար դոլար։ Կանաչ էներգիան այնտեղ շատ է ընդունված, կանաչ էներգիայով են աշխատում։
Կարդացեք նաև
Իրենք արտադրության նոր մոդելներ ևս մշակում են։ Տարբեր տարածքներում, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում ունեն իրենց ներկայացուցիչը, մենք վերցրեցինք իրենց ներկայացուցչի կոորդինատը, նա բիզնես մենեջեր է, մեր տարածաշրջանում տեխնիկայի մատակարարմամբ է զբաղված, որպեսզի ճշտենք, թե գնման ի՞նչ տարբերակներ կան։ Այդ ներկայացուցչի հետ ենք շարունակելու բանակցությունները։
Մեզ փոխանցեցին, որ նոր մոդելներ են առաջիկայում արտադրելու, որոնք հնարավոր է ավելի մատչելի լինել։ Քննարկումներ ենք տանելու։ Կոնկրետ այս պահին իրենց ունեցած արտադրատեսակները դիզայնով ճիշտ մեր քաղաքում գործող ավտոբուսները լինեին, միայն թե էլեկտրական շարժիչով։ Տեսքի հետ կապված էական տարբերություն չկա, պարզապես էլեկտրական էներգիայով աշխատելու պահն է, դա էլ ոնց որ թե քննարկման հարց է։ Ինձ թվում է մեր բյուջեի ծավալի հետ կապված արդյունավետ չէ նման գնի ավտոբուսներ ձեռք բերելը»,-ասաց փոխքաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ