Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում կմշակվի «Անտառային ազգային ծրագիրը»

Սեպտեմբեր 19,2019 21:12

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ սեպտեմբերի 19-ին հրավիրված աշխատանքային նիստում քննարկել է անտառների պահպանության եւ անտառտնտեսությանն առնչվող հարցեր:

Հայաստանը դասվում է սակավ անտառային տարածքներ ունեցող երկրների շարքում: 2005 թվականին  ընդունված «Անտառային օրենսգրքով» կարգավորվում են հանրապետության անտառների եւ անտառային հողերի կայուն կառավարման` պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման եւ արդյունավետ օգտագործման, ինչպես նաեւ անտառների հաշվառման, մոնիթորինգի, վերահսկողության եւ անտառային հողերի հետ կապված հարաբերությունները:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ներկայացրել է ոլորտի առջեւ ծառացած խնդիրները, զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը: Նրա հավաստմամբ՝ մինչեւ 2050 թվականը 21,1 տոկոսով պետք է ընդլայնվեն անտառային տարածքները: ՀԲ-ի աջակցությամբ համատեղ իրականացվելու է ուսումնասիրություն. գնահատվելու են այն տարածքները, որոնք ծառապատվելու են, հաշվառվելու են գյուղատնտեսության վնաս չպատճառող հողակտորները, գույքագրվելու է յուրաքանչյուր խնդիր, կկազմվի աշխատանքային հստակ ժամանակացույց: Ըստ այդմ՝ առաջիկա 5 տարվա ընթացքում զարկ կտրվի տնկարանային տնտեսությանը. կկառուցվեն ժամանակակից տնկարաններ: Փոխնախարարը կարեւորել է բարձրագույն կրթությամբ մասնագետներ ունենալու հարցը: «Անտառապահների փոխարեն մեզ անհրաժեշտ են բուհ-ն ավարտած անտառագետներ, որոնք  կդառնան անտառի վերաբերյալ առաջնային տեղեկատվության աղբյուրներ»,- նշել է Վարդան Մելիքյանը:

Կարեւոր է համարվել բնագավառի գործող օրենսդրության բարեփոխումը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ թեեւ «Անտառային օրենսգրքի» պահանջ է, սակայն վերջին 15-20 տարվա ընթացքում անտառը դուրս է մնացել պետական հոգածությունից: Առաջիկայում կմշակվի «Անտառային ազգային ծրագիրը», ինչը հնարավորություն կտա ոլորտում իրականացնել համապարփակ լուծումներ:

Անդրադարձ է կատարվել նաեւ ապօրինի անտառահատումներին: Նշվել է, որ մի շարք տարածքներում տեղակայվել են ոստիկանական հենակետեր, որոնք իրականացնում են շուրջօրյա վերահսկողություն: Արդյունքում վառելափայտի գները բարձրացել են՝ մեկ խորանարդ մետրը 21 հազարի փոխարեն վաճառվում է 30 հազար դրամով: Հաշվի առնելով, որ առջեւում ձմեռ է՝ մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է սոցիալապես անապահով խավի համար նվազեցնել վառելափայտի գինը: Փոխնախարարի հավաստմամբ՝ նրանց տրվում է անտառային թափուկ: Անտառածածկ տարածքների պահպանման գործում Վարազդատ Կարապետյանը նաեւ առաջարկել է սահմանափակել արդյունաբերական նպատակով անտառանյութի օգտագործումը:

Աշխատանքային քննարկման ընթացքում պատգամավորները բարձրացրել են բազմաթիվ հարցեր: Բնագավառին վերաբերող քննարկումները կլինեն շարունակական:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30