Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հրայր Թովմասյանը մեր վրա տղա չբերեր ու չդիմեր Վենետիկի հանձնաժողովին, կարող է անհրաժեշտությունը չառաջանար պաշտոնը լքելու. Հովիկ Աղազարյան

Սեպտեմբեր 19,2019 19:25

«Իմ քայլը» խմբակցությունն արդեն պատրաստել է օրենսդրական նախագիծը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու: Թե ի՞նչ հիմքեր կան դրա համար, խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր մոտեցումն ունի: Նրա խոսքով՝ «Թեկուզ այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը նոր Սահմանադրության որոշ հոդվածներ ուժի մեջ մտնելուց մի ամիս առաջ դառնում էր ՍԴ անդամ, որ հին Սահմանադրության պարագայում հետագայում դառնա անփոփոխելի, մինչեւ 2035 թվականը մնա ՍԴ նախագահ, դա լուրջ հիմք է: Երբ որ ինքը առաջին հերթին էդ ամեն ինչի ճարտարապետ է, Սահմանադրություն են մշակել ու ընդունել, բայց կիրարկում են զուտ իրենց համար: Դա՝ մեկ հիմք: Երկրորդ հիմքն այն է,որ ժողովուրդն արել է հեղափոխություն եւ հեղափոխություն է արել՝ իշխանությունը փոխելու համար: Իշխանությունն ունի մի քանի ճյուղեր՝ դատական, օրենսդիր եւ գործադիր: Օրենսդիր ճյուղը փոխվել է, գործադիրը փոխվել է, դատականը չի փոխվել: Դատական համակարգը, լինելով կուռ կառույց, լուրջ խոչընդոտներ է ստեղծում՝ ժողովրդի կողմից եղած պատգամներն իրականացնելու համար: Պետք է դա մեխանիկական լիներ եւ մարդիկ ունենային քաղաքական բարոյականություն եւ հեռանային, բայց մարդիկ չեն հեռանում որովհետեւ իրենք հատուկ էին այդ ժամանակ այս իրավիճակը կանխատեսել եւ հիմա մնում են այդ դիրքերի վրա՝ հարցեր լուծելու»:

Հարցին՝ եթե չեն հեռանում, ինչպե՞ս պիտի հեռացնեք, ի՞նչ մեթոդներով՝ Աղազարյանը պատասխանեց, որ տարբերակներից մեկը այն է, ինչ անում են՝ օրենսդրական նախաձեռնությամբ. «Պետք է հիմա դիմենք ՍԴ-ին ու ՍԴ-ն որոշում կկայացնի, որ պետք է Հրայր Թովմասյանին զրկել լիազորությունից»:

Դիտարկմանը, որ դրա համար ՍԴ 6 անդամ պետք է կողմ լինի, նրանց ինչպե՞ս եք ստիպելու, որ, անպայման, կողմ լինեն՝ Աղազարյանը պատասխանեց. «Ինչո՞ւ պիտի ստիպենք, նրանց կդրդի իրենց խիղճը, իրենց քաղաքացիական պարտքի զգացողությունը»: Ճշտեցինք՝ այսինքն, հույսը պետք է դնել իրենց խղճի վրա, եթե խիղճ ունեն, պետք է կողմ լինեն՝ Աղազարյանը պատասխանեց. «Ուրիշ տարբերակներ էլ կարող են առաջանալ հետագայում, եթե այս տարբերակն, ասենք, ընդունելի չլինի: Չի վերջանում էս ամեն ինչով: Եթե խնդիրը դրված է, անպայման լուծում կգտնվի, ուղղակի այս պահին այս մոտեցումն ենք մենք ընդունել»:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն ասում են, որ եթե ՀՀԿ-ի քաղաքական գործչին՝ Հրայր Թովմասյանին ուզում են փոխարինել իրենց քաղաքական գործչով, չեն համաձայնելու: Հովիկ Աղազարյանն ասաց. «Երեւի կոնկրետ անձի նկատի ունեք, բայց խոսքը երեւույթի մասին է՝ Հրայր Թովմասյանին բոլորդ ճանաչում եք: Ինքը նախկին իշխանությունների կարկառուն գործիչներից մեկն է, էս ամեն ինչի ճարտարապետը, էս ամեն ինչը արված է նպատակային, որովհետեւ մարդիկ տարիների ընթացքում թալանել են, կողոպտել են, հարստահարել են ժողովրդին եւ այդ ամեն ինչը պետք է կարողանան պահպանել:

Սա պահպանման փորձերից մեկն է՝ սաբոտաժ անել էս ոլորտում, էն ոլորտում, անվստահություն առաջացնել ժողովրդի մոտ իշխանության նկատմամբ եւ վերջին հաշվով իրականացնել հակահեղափոխություն: Շատ պարզ ու հասարակ մեխանիզմ է: Բայց դա անհնարին է, որովհետեւ ժողովուրդը որեւէ մարզպետից, ինձնից կարող է հիասթափվել, բայց վարչապետի վարկանիշը շարունակում է մնալ շատ բարձր, հետեւաբար այդ ամենը սին են»:

Դիտարկմանը, որ եթե Թովմասյանին որպես նախկին իշխանության ներկայացուցիչ են դիտարկում, այս իշխանության ներսում էլի կան նման մարդիկ, օրինակ, Ֆելիքս Ցոլակյան, Տիգրան Մուկուչյան, Վալերի Օսիպյան, Արթուր Դավթյան եւ այլն, ինչո՞ւ այդ դեպքում նրանց հետ էլ նույն կերպ չեք վարվում՝ Հովիկ Աղազարյանն այսպիսի պատասխան տվեց. «Եթե, օրինակի համար, Հրայր Թովմասյանը, մասնավորապես, չդիմեր Վենետիկի հանձնաժողովին եւ մեր վրա տղա չբերեր, իր գործունեությունն ուղղված լիներ միայն իրավական դաշտում աշխատելուն, ապա կարող է իր դեպքում էլ այդ անհրաժեշտությունը չառաջանար»:

Ըստ Աղազարյանի, Թովմասյանն այսօր քաղաքական հարցեր է լուծում. «Այսօր այս ՍԴ-ն քաղաքական մարմին է,մենք էսօր պիտի էդ հարցը լուծենք, վաղը թե ինչ կստացվի, վաղվա համար մենք պատասխան կտանք»:

Մենք ճշտեցինք՝ ճի՞շտ հասկացանք, որ եթե Հրայր Թովմասյանն իրեն այսպես ասած «խելոք պահեր», այս իշխանություններին ծառայեր եւ չդիմեր Վենետիկի հանձնաժողով՝ կմնար այդ պաշտոնում, բայց, քանի որ նա իրեն «խելոք» չի պահել՝ պետք է հանել՝ Աղազարյանը պատասխանեց. «Ինքը զբաղվում է քաղաքականությամբ եւ ոչ թե զբաղված է լուծելով սահմանադրությանը վերապահված հարցերին, հետեւաբար ինքը պետք է հեռանա: Մասնավորապես, իր քաղաքականության կարեւորագույն կետերից մեկը իր հին շրջապատին եւ շրջապատի շրջապատների տարիների ընթացքում թալանածը պահպանելն է»:

Մեր դիտարկմանը, որ թալանած ասում եք՝ դատական ակտեր են պետք է դրա տակ, կա՞ նման ակտ՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Ի՞նչ դատական ակտ: Ես պատգամավոր մարդ եմ, պաշտոնապես ասում եմ՝ դատավորների 95%-ը կաշառակեր են, ո՞վ է կասկածում, կարող եմ ապացուցել ձեզ, որեւէ մեկը կասկածո՞ւմ է դրանում, կա՞ մեկը կասկածող: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ բոլոր ընտրությունները 95-ից հետո կեղծված են: Կարամ նաեւ ուրիշ լեզվով էդ բառերն ասեմ, եթե ինչ-որ մեկը հակադրվի: Բոլոր ընտրությունները կեղծված են, որեւէ մեկը կասկածո՞ւմ է: Իսկ ՍԴ-ն միշտ էլ քննության է առել եւ սրբագրել է այդ երեւույթը»:

Այն մտահոգությանը, թե որտե՞ղ է երաշխիքը, որ մի քաղաքական գործչին փոխելով՝ իշխանություններն իրենց հարմար մեկ այլ քաղաքական գործչի չեն բերի ՍԴ նախագահի պաշտոնում՝ Աղազարյանը պատասխանեց. «Մենք իշխանության ենք եկել ուրիշ ձեւով: Ժողովուրդը մեզ տասնապատիկ ավելի վատ կվերաբերվի, եթե մեն չարդարացնենք իր հույսերը: Եթե մեկը գյուղացուն տալիս էր 10 հազար դրամ, որ ձայն տար, հիմա գյուղացին չի վերցրել էդ 10 հազար դրամը ինձնից ու ձայն է տվել ինձ, սիրուն աչքերով նայելու է երեսիս ու ասի՝ պարոն Աղազարյան, էս ի՞նչ եք անում, ես ո՞նց պիտի պատասխան տամ դրան, գիտեք թե հե՞շտ է, հեշտ չի»:

Աղազարյանը վերջում նշեց, որ չնայած դատավորների 95 տոկոսը կաշառաերներ են, բայց պետք չի վերցնել բոլորինու մասսայաբար գնդակահարել, նախ վեթինգի մասին օրենք է պետք. «Ով կանցնի չափորոշիչներով՝ կանցնի, ով չի անցնի՝ դուրս կմնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30