Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. «Մենք Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել»

Սեպտեմբեր 19,2019 18:22

Վահե Էնֆիաջյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստում

Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ  ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Խորհրդարանի ղեկավարի տեղակալն իր ելույթում նշել է.

«Հարգարժան գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերով կոմիտեի 53-րդ նիստի բոլոր մասնակիցներին:

Արդյունավետ եւ գրագետ տնտեսական քաղաքականությունը միշտ լուրջ երաշխիքներ է տալիս համագործակցող երկրների կողմից առավել բարենպաստ քաղաքականություն վարելու համար:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր Վեհաժողովն այն կազմակերպություններից մեկն է, որտեղ վերոնշյալ գաղափարախոսությունը քննարկվում է անդամ-պետությունների կողմից, եւ հնարավորության դեպքում պետք է կիրառել վերջինիս իրականացման համար բոլոր անհրաժեշտ միջոցները:

Վստահ եմ, որ մենք ունենք լավ հեռանկարներ մեր գործընկեր երկրների հետ ընդհանուր ծրագրերն իրականացնելու համար, սակայն դրանք լիովին չեն իրականացվում` որոշակի հանգամանքների լույսի ներքո:

Այս ուղղությամբ անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն եւ մեծ ուշադրություն պետք է հատկացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցության ձեւաչափերին:

Գործընկերներ, ինչպես ես, այնպես էլ կարծում եմ ներկաներից մեծ մասը կուզենային Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը տեսնել որպես Սեւծովյան համագործակցության կազմակերպության մասնակից-երկրների խորհրդարանականների միջեւ արդյունավետ համագործակցության հարթակ, այլ ոչ` թշնամանքի եւ քարոզչության վայր:

Հարգելի գործընկերներ, կուզենայի անդրադառնալ Բաքվում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վեհաժողովի հիսուներեքերորդ լիագումար նստաշրջանի նիստի ընթացքում Էլգար Գուլիեւի կողմից արված հայտարարությանը:

Պարոն Գուլիեւը, Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության եւ քաղաքականության ոգով, ոչ միայն խեղաթյուրեց, այս ամբիոնն ինձ թույլ չի տալիս կիրառել առավել ստույգ բնորոշումը, իրավիճակն ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում, այլ նաեւ հանդես եկավ իմ երկրի դեմ պատերազմի սպառնալիքով: Սա ադրբեջանական կողմի եւս մեկ փորձ է` Հայաստանի եւ Արցախի Հանրապետության դեմ նոր պատերազմ սկսելու իրավունքն իրեն վերապահելու համար:

Մենք անընդունելի ենք համարում ինչպես մարդկանց կողմից իրենց ճակատագիրը որոշելու իրավունքը՝ որպես ագրեսիվ գործողություն ներկայացնելու փորձերը, այնպես էլ ագրեսիվ հակահայկական քաղաքականության պատասխանատվությունից խուսափելը, որը վերածվել է զինված ագրեսիայի Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ:

Անիմաստ է նաեւ խաղաղ բնակչությանը սպանող դիվերսանտներին ներկայացնել որպես ռազմագերիներ:

Ինչ վերաբերում է էթնիկ զտումներին, ապա պարոն Գուլիեւը ցանկանում է  ամբողջ մեղքն ուրիշների վրա բարդել: Աշխարհը հիշում է Սումգայիթում, Բաքվում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերը, որոնք խլեցին հարյուրավոր խաղաղ մարդկանց կյանքեր, ինչպես նաեւ Մարագա գյուղում խաղաղ բնակչության կոտորածը: Հայկական կողմը չի հրահրել պատերազմը, որի հետեւանքներից մեկը եղավ երկու կողմերից փախստականների հոսքը` այդ թվում Ադրբեջանից փախած շուրջ 350 հազար հայեր:

Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հետեւում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակը ոչ միայն Արցախի գրավումն է, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի եւ նույնիսկ մայրաքաղաք Երեւանի գրավումը:

Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ նմանօրինակ հայտարարությունները չեն կարող նպաստել կողմերի միջեւ երկխոսությանը:

Այս ուղղությամբ ուզում եմ ընդգծել, որ մեր երկիրը միշտ բարձր մակարդակով հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

Միաժամանակ Հայաստանի ղեկավարությունը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այնուամենայնիվ, մենք Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ շատ երկրներում խորհրդարանները հանդիսանում են հիմնական ժողովրդավարական ինստիտուտը՝ ազատ ընտրությունների միջոցով ժողովրդի կամքի մարմնացումը:

Մենք կարող ենք վստահաբար ասել, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները լիովին համապատասխանում են այս դրույթին: Մենք նաեւ վստահ ենք, որ ընտրություններն Արցախի Հանրապետությունում կընթանան ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան: Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները հաստատում են մեր վստահությունը:

Մենք կարծում ենք, որ օրինական օրենսդիր իշխանությունը երկրի ժողովրդավարական զարգացման եւ խաղաղ քաղաքականության անհրաժեշտ տարր է: Հենց այս ամենը հիմք ընդունելով` մենք լիահույս ենք, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գործընկերների հետ գործակցությունը կլինի արգասաբեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30