Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետ Ադոնցը` ռոքի, Բուլգակովի, հումորով մարդկանց ու կնոջից նվեր ստացած մատանու մասին. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2019 23:00

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ զրույցը Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո առավելագույնս անկեղծ էր ու անմիջական: Քանի որ բոլորս գալիս ենք մանկությունից, նրան եւս խնդրեցինք մանկության շրջանի որեւէ ջերմ հուշ պատմել:

«Ամենաջերմ հուշերից մեկը կապված է Նոր տարվա հետ, երբ հունվարի 1-ի առավոտյան արթնանում էի ու վազում տոնածառի մոտ, որպեսզի տեսնեի, թե այդ տարի գուլպայի մեջ ինչ է լինելու: Հայրս ու մայրս այդ առումով շատ կրեատիվ էին, կարողանում էին անսպասելի ուրախացնել: Օրինակ, մեկ անգամ շատ ուրախացել էի, երբ մեծ գուլպայում էլեկտրոնային տրակտոր գտա, ինչն այդ ժամանակ, այսպես ասած, հարգի խաղալիք էր…Եվ այսօր արդեն, երբ ամեն անգամ թոռնիկիս համար խաղալիք եմ գնում, այդ տրակտորն է աչքիս առաջ գալիս»,-ասում է պարոն Ադոնցը:

Պատանեկան տարիները եւ երիտասարդության շրջանները կապված են ընկերների հետ, որոնց հետ մինչեւ հիմա շփվում է: Սիրով է հիշում Չեխովի դպրոցի իր ընկերներին, ուսուցիչներին: Նշում է, որ Կիեւում է ծնվել, սակայն պապն իրեն բերել է Երեւան. «Պապիկս չհանդուրժեց, որ ես սկսեմ ձեւավորվել Հայաստանից դուրս, ինձ բերեց Հայաստան, եւ ես մինչեւ իր վերջին օրն ապրել եմ իր հետ…Ապրում էինք Կասկադի հարեւանությամբ, եւ միայն առաջին սեպտեմբերին են ինձ դպրոց տարել, դրանից հետո ինքս եմ գնացել»:

Գիտնականների ընտանիքում ծնված Ավետ Ադոնցն ասում է, որ 40 եւ ավելի տարի ապրել է գիտնական պապիկի հետ, ընդգծում, որ գիրք կարդալն իրենց տան կարեւոր ավանդույթներից էր: Հիշում է, որ պապիկից հետո նույն թերթը կարդալը ավելի հեշտ էր լինում, քանի որ նա կարդալու ընթացքում ընդգծում էր կարեւոր պարբերությունները, նշումներ էր անում: Ավելացնում է, որ պապիկը կարեւոր դերակատարություն է ունեցել իր` որպես ուսյալ մարդ եւ որոշում կայացնելու ունակ անձնավորություն ձեւավորվելու գործում, մասնագիտության ընտրության հարցում եւս դեր է խաղացել:

ԱԳ նախարարի տեղակալի հետ գրքերից էլ խոսեցինք` ի՞նչ գրականություն է դեր խաղացել աշխարհայացքի ձեւավորման առումով, թեեւ ներկայումս բազմազբաղ է, բայց ո՞րն է կարդացած վերջին գիրքը: Ասաց, որ վերջին անգամ ընթերցել է քաղաքատնտեսական բնույթի The Economist ամսագիրը, բազմազբաղ լինելու պատճառով հասցնում է հիմնականում մասնագիտական գրականություն կարդալ:

«Ձեւավորման առումով` Բուլգակով, իսկ եթե Բուլգակով, ապա «Վարպետը եւ Մարգարիտան»: Առաջին գիրքս, որ շատ հետաքրքրությամբ կարդացի դպրոցում, դա Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստոն» էր… Հիմա էլ, եթե այդ գիրքը բացեմ, վստահ չեմ, որ չեմ կարդա (ժպտում է- Գ.Հ.)…Եթե չկարդամ էլ, գոնե կթերթեմ»,-նշեց մեր զրուցակիցը:

Հումորի զգացողությանն ու հումորով մարդկանց էլ անդրադարձանք: ԱԳ նախարարի տեղակալն ասաց, որ իր շրջապատի բոլոր մարդիկ ունեն հումորի զգացում: «Ցանկացած մտածող մարդ պետք է խելացի հումոր ունենա…Սակայն միշտ պետք է գիտակցել այն սահմանը, որի եզրին կառուցում ես այդ հումորը»,-կարծում է նա:

 

Երաժշտության մասին խոսելիս պարզեցինք, որ Ավետ Ադոնցը ռոք երաժշտություն է սիրում, նաեւ ջազ-ռոք…Ջազն էլ անվանում է ինտելեկտուալ զարգացման երաժշտություն: «Նման երաժշտություն լսելիս, մտածում ես, որ ձրի ճաշակ են մատուցում, դասական երաժշտության ոլորտում Բախ ու Բեթհովեն եմ սիրում, հաճախ լսում եմ, երբ մենակ եմ լինում…Պատահում է, որ YouTube -ում փորձում եմ գտնել այն, ինչ տվյալ պահին հոգեհարազատ է ինձ…Ամեն դեպքում, Շոպեն չեմ լսում, Շոպենի փոխարեն հաստատ իմ սիրելի ռոքը կլսեմ»,-ասաց նա:

Ճաշակով մարդկանց մասին խոսելիս էլ պարոն Ադոնցը շեշտեց, որ բարձր ճաշակ ունեցող մարդն այն է, որ մտածող է, կարդացած է, որի հետ զրուցելը հետաքրքիր է, որն ունի իր դիրքորոշումներն ու սկզբունքները ցանկացած հարցում. «Իմիջիայլոց, ճաշակի մասին խոսելիս նկատի չունեմ մարդու փողկապը կամ, ասենք, շապիկը, թեեւ դրանք եւս ճաշակի ցուցիչներ են»: Ճաշակի ձեւավորման գործում պարոն Ադոնցը կարեւորում է նաեւ ընտանիքը եւ այն միջավայրը, որտեղ ապրում է մարդը. «Ճաշակը նաեւ դաստիարակության արդյունք է, թեեւ գենետիկան նույնպես առկա է»:

Իր ընտանիքը համարում է իր ամրոցը, իսկ ամենաթանկ նվերը` կնոջից ստացած մատանին, որն իրեն է նվիրել 1985թ. Կոնդի եկեղեցում. «Սրանից թանկ բան ես չունեմ, այս մատանին միշտ կրում եմ»:

Հարցին` իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է` Ավետ Ադոնցը պատասխանում է, որ ինքն ինքնաբավ մարդ է, իսկ եթե հաջողակ համարեր, այս կյանքում իր տեղը չէր գտնի, որովհետեւ նման գիտակցության պարագայում դադարում ես առաջ գնալ, կատարելագործվել, նոր քայլեր կատարել: Քիչ անց էլ հավելում է. «Իմ հաջողակ լինելու մասին գնահատական տալը սուբյեկտիվ կլինի, խնդրեմ իմ մասին գնահատական կնոջիցս կամ երեխաներիցս հարցրեք, այն էլ կլռեն, չեն ասի (ծիծաղում է-Գ.Հ.)»:

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութով:

 

Լուսանկարները` Ավետ Ադոնցի արխիվից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30