Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը կանխել է կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

Սեպտեմբեր 19,2019 17:27

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական հսկողությունը ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման նկատմամբ: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ անհատ ձեռնարկատեր Կ. Ե.-ի անվամբ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող տարբեր տեսակի ապրանքների և  դրանք ուղեկցող փաստաթղթերի միջև առկա են անհամապատասխանություններ։ Վարչության թիվ 3 բաժնի աշխատակիցները, իրացնելով տվյալները,  ՀՀ պետական սահմանը հատելուց հետո զննության են ենթարկել բեռնատարը:

Պարզվել է, որ բեռն ուղեկցող փաստաթղթերում նշված 922 արկղ կոսմետիկ պարագաների փոխարեն առկա է 1.542 արկղ: Բացի այդ, առանց ուղեկցող փաստաթղթերի բեռնատարում եղել է նաև բնականին նմանվող մորթուց կարված 93 մուշտակ։ Պարզվել է նաև, որ հաշիվ-ապրանքագրում նշված ապրանքների 495 հազար ռուսական ռուբլի արժեքը չի համապատասխանում իրականությանը, այլ բեռնատարում փաստացի առկա են եղել 5 միլիոն 870 հազար ռուսական  ռուբլի արժեքով ապրանքներ՝ հաշվի չառնելով 93 մուշտակի արժեքը։

Ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ և նշված ապրանքներն առգրավվել են: Միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը  ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ներկրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին և ֆիզիկական անձանց հորդորում է ապրանքների ձեռք բերման գները, քանակը և տեսականին փաստաթղթերում նշել իրականությանը համապատասխան և  ներկայացնել ճշգրիտ տվյալներ՝ հետագա հարկային հսկողությունից և խիստ վարչարարությունից խուսափելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30