Կառավարությունը որոշումներ է ընդունել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին (նստավայրը` Թել Ավիվ) և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին (նստավայրը` Ադիս Աբեբա):
Իսրայելում ՀՀ դեսպանություն հիմնելու որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին, և վերջին տարիներին զգալիորեն ավելացել են երկկողմ գործակցության զարգացման դինամիկան, տարբեր մակարդակներում շփումները: Իսրայելում ՀՀ դեսպանության ստեղծումը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը, նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության մի շարք ոլորտների զարգացման համար՝ մեծացնելով մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի ներկայությունը: Երկկողմ կապերի կայուն զարգացումն ապահովելու առումով կարևորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019 թ. վերջ – 2020 թ. սկիզբ) Թել Ավիվում Հայաստանի դեսպանության ստեղծումը:
Ըստ Եթովպիայում Հայաստանի դեսպանություն հիմնելու որոշման հիմնավորման՝ Հայաստանի և Եթովպիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1993 թ. դեկտեմբերին: Ադիս Աբեբան աֆրիկյան մայրցամաքի քաղաքական հիմնական կենտրոններից է, որտեղ տեղակայված է Աֆրիկյան միության կենտրոնակայանը, իսկ Աֆրիկյան միությանն անդամակցում են աֆրիկյան մայրցամաքի բոլոր պետությունները: Ուստիև, Ադիս Աբեբայում դեսպանություն հիմնելը հնարավորություն կընձեռի ոչ միայն սերտ երկկողմ հարաբերություններ հաստատել Եթովպիայի հետ, այլև զարգացնել շփումները աֆրիկյան այլ երկրների հետ, ինչպես նաև խորացնել համագործակցությունը Աֆրիկյան միության հետ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ