Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխություններ՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում

Սեպտեմբեր 19,2019 16:03

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին առաջարկությանը:

Նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում առաջնային օղակ է ու նաև երկարաժամկետ դրական ազդեցություն է ունենում հասարակության և տնտեսության վրա:

Օրինագծի ընդունման, ինչպես նաև հետևողական և շարունակական  աշխատանքների արդյունքում կմեծանա նախակրթարաններում երեխաների ընդգրկվածության թիվը: Նախարարի համոզմամբ` մինչև 2024 թվականը 5-6 տարեկանների 90%-ը և 3-6 տարեկանների 70%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական հաստատություններում: Մինչ կառավարության հաստատմանը ներկայացվելը՝ նախագիծը շրջանառվել է և դրվել հանրային քննարկման:

Առաջարկվող նախագծով  թիրախային է դիտվում 3-6 տարեկան բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ներառական և որակյալ նախադպրոցական կրթության մատչելիությունը և 5 տարեկանների առավել ընդգրկվածությունը:

Նախագիծը երաշխավորում է համընդհանուր ներառական կրթության միջոցով նախադպրոցական կրթությունը դարձնել մատչելի և հասանելի քաղաքաբնակ ու գյուղաբնակ բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալական ու տնտեսական պատճառներով խոցելի երեխաների համար:

Նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդգրկվածության ընդլայնմամբ խթանվում է  նաև ծնողների զբաղվածության ապահովումը:  Այս տարի մարզերում բավական մեծ թվով նախակրթարաններ են բացվել, և այդ քաղաքականությունը, ըստ ԿԳՄՍ նախարարի, լինելու է շարունակական: Նախադպրոցական հաստատություններում երկարօրյա խնամքի հարցը կարևոր է աշխատող ծնողների համար: Օրինագիծը ենթաօրենսդրական ակտեր ընդունելու հիմքեր է նախատեսում երկարօրյա ռեժիմով աշխատող նախակրթարաններ ունենալու համար:

Նախագծի ընդունումից հետո ակնկալվում են նաև այլ դրական արդյունքներ. նախատեսվում է  նախադպրոցական ծառայությունների շարունակականություն և ընդլայնում, մանկավարժական կադրերի վերապատրաստում, նախադպրոցական հաստատությունների գործունեության  կանոնակարգման,  վերահսկողության իրավական երաշխիքների և օրենսդրական հիմքերի ստեղծում:

Մասնավորապես, հաշվի առնելով, որ նախադպրոցական հաստատությունները հիմնականում գործում են ՏԻՄ-երի ենթակայությամբ` անհրաժեշտություն կա հստակեցնել գործառույթները` սկսած ֆինանսավորման մեխանիզմներից, մինչև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության ապահովում: Ներկայում, ինչպես իր խոսքում նշել է նախարարը,  համակարգում բազմաթիվ բացեր կան` միասնական քաղաքականություն վարելու և արդյունավետ վերահսկողություն իրականացնելու առումով:

Փոխվարչապետ Տ. Ավինյանն ընդգծել է, որ  ժողովրդագրական  վիճակի բարելավման համատեքստում ևս նախադպրոցական ծառայությունների բարելավումը դիտվում է որպես առաջնահերթություն: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է նախագծի ընդունումը` երեխայի իրավունքների բարելավման համատեքստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30