Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքան մեծ էր այդ ցուցակը, որը ներկայացված էր, ես նույնիսկ մտածում էի՝ միգուցե իմ անունն էլ կգտնեմ այնտեղ». Մակունցը՝ հրաժարականների մասին

Սեպտեմբեր 19,2019 15:32

Մամուլում սպասվող հրաժարականների մի ամբողջ ցուցակ էր հրապարակվել ու համառորեն լուրեր են պտտվում, որ բավականին մեծաքանակ հրաժարականներ են սպասվում կառավարությունում: Նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի անունն էր շրջանառվում, որ պատրաստվում է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից:

Այսօր այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հարցին՝ քննարկվե՞լ է այդ հարցը, ի՞նչ է կատարվում խմբակցությունում՝ պատասխանեց. «Ես նույնպես ծանոթացել եմ այդ ցանկին, որը հրապարակվել էր մամուլում: Անկեղծ ասած, այնքան մեծ էր այդ ցուցակը, որը ներկայացված էր, ես նույնիսկ մտածում էի՝ միգուցե իմ անունն էլ կգտնեմ այնտեղ: Կատակը մի կողմ, իհարկե, որեւէ բան չի քննարկվել վարչության նիստի ժամանակ: Ես ինքս չունեմ որեւէ տեղեկատվություն, որ որեւէ մեկը հրաժարական է ներկայացնելու գործադիր իշխանությունից: Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, ապա խմբակցությունում նման զարգացումներ չեն սպասվում»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, չկա՞ նման խնդիր, որ Ամուլսարի հարցով պատգամավորների մի «թեւն» անջատվի եւ առանձին գործի ԱԺ-ում՝ Մակունցը պատասխանեց. «Ոչ, «Իմ քայլը» խմբակցությունն ուժեղ է ավելի, քան երբեւէ: Մենք դեռ շատ-շատ անելիքներ ունենք բարեփոխումների հետ կապված, այդ թվում՝ դատաիրավական եւ մեր բոլոր ուժերն ու ջանքերն ուղղելու ենք այդ գործընթացին»

Հարցին՝ այսինքն, առաջիկա 4 տարում դուք մնալու եք այդ 88 հոգանոց խմբակցությունո՞վ՝ նա պատասխանեց. «Ես դրա մասին չէի խոսում, խոսում էի այն մասին, որ հիմա մեր բոլոր ուժերն ուղղորդում ենք այն ռազմավարությունն իրականացնելու, որն, օրինակ, դատաիրավական բարեփոխումների համատեքստում ներկայացվել էր արդարադատության նախարարության կողմի, ունենք շատ անելիքներ տնտեսական հարթակում փոփոխությունների ուղղությամբ: Այնպես որ, շատ անելիքներ կան, զինվեք համբերությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30