Aravot.am-ն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց՝ այդ ի՞նչ է անում պարոն Փաշինյանը կամ կառավարությունը, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն իր հրաժարականի տեքստում գրել էր՝ «կա՜նգ առ»:Պարոն Կարապետյանն ասաց՝ Վանեցյանին հարցրեք: Մեր այն դիտարկմանը, որ Վանեցյանի խոսքն ուղղված էր Փաշինյանին, կառավարությանը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց՝ մեկ ուրիշն էլ դրսից կարող է մեկ այլ բան ասի: Հիշեցրինք, որ Արթուր Վանեցյանը երկրի առանցքային պաշտոնյաներից մեկն էր, ինչին պատասխան Վլադիմիր Կարապետյանն ասաց՝ նա արդեն ազատված էր պաշտոնից:
Կառավարության նիստից հետո լրագրողները Վլադիմիր Կարապետյանին նաեւ հարցրին՝ ի՞նչ նկատի ուներ, երբ ի պատասխան Վանեցյանի հայտարարությանն իր տեքստում նշել էր, որ պետք է պարզել, թե ով է գրել Վանեցյանի հրաժարականի տեքստն ու ակնարկել նրա կապը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոն շրջանակների հետ:
Պարոն Կարապետյանն ասաց. «Արթուր Վանեցյանը հաստատեց, որ մենակ չի գրել իր հրաժարականի տեքստը, իրեն օգնել են»:
Կարդացեք նաև
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ի՞նչ նկատի ուներ Վլադիմիր Կարապետյանը, արդյոք Արթուր Վանեցյանը նախկին իշխանության ներկայացուցիչների օգտին գործողություններ է արել. «Ինքը հաջորդ օրը տվեց պարզաբանումներ։ Ես ուզում եմ կոնտեքստը նշել, երբ վարչապետն այսպես խնայողաբար բառերին մոտենալով խոսում էր այն իրավիճակի մասին, որը ստեղծվել էր իր եւ իր ենթակայի միջեւ, ակնարկում էր, որ կա փոխադարձ համաձայնություն։ Եվ դրանից հետո առերեսվել նման հայտարարությանը, որն արեց Վանեցյանը, անսպասելի էր թե իր համար, թե իր թիմի ներկայացուցիչների համար»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ