«Ես չեմ կարծում, որ որեւէ պետության մեջ չի կարելի գտնել հարյուր փաստ եւ ներկայացնել հանրությանը, բայց էականն այն է, որ դրանք հնարավորություն տան գնահատել կառավարության քաղաքականությունը»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում վերլուծելով Նիկոլ Փաշինյանի`վանաձորյան մամուլի ասուլիսում հնչեցրած փաստերը, կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: «Ես գտնում եմ, որ որեւէ կառավարություն իր ձեռքբերումները պետք է կապի իր գործունեության ծրագրի հետ. օրինակ, առողջապահության ոլորտում սա էինք ծրագրում, այս քայլերի արդյունքում սա ունենք»,- ասաց Խոսրով Հարությունյանը`հավելելով, որ կառավարության գործունեության ամփոփման համար, ելակետայինը պետք է լինի կառավարության գործունեության ծրագիրը: Ուստի խնդիրը պետք է ինստիտուցիոնալ լինի, այդ փաստերը պետք է խոսեն վարվող քաղաքականության մասին. «Ես դա չեմ տեսնում եւ կարծում եմ`լավ չէ: Եթե, պայմանական ասած, չենք հիմնավորում թե որո՞նք են այն քայլերը, որ բերել են արտահանման եւ ներմուծման աճի, ապա դա կարող է անկախ ինձնից էլ տեղի ունենալ կամ տեղի չունենալ»:
Խոսրով Հարությունյանը դրական է համարում հարկային վարչարարությամբ հարկային եկամուտների ավելացումը. «ՊԵԿ-ն այս կառավարության ամենաարդյունավետ կառույցներից մեկն է եւ իր ֆունկցիան բավական բարեխիղճ է կատարում. ստվերի կրճատում, ՀՆԱ-ի աճ եւ այլն, դա հարկային վարչարարության արդյունք են»: Բայց կան հարցեր, որոնք իր համար հավելյալ մեկնաբանություններ են պահանջում: Օրինակ, վարչապետը նշում է 8,7 տոկոս արդյունաբերական աճի մասին` վեց ամսվա կտրվածքով, շինարարության դինամիկ աճի մասին, բայց միաժամանակ ունենք էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նվազում: Սա, ըստ բանախոսի, երկու բան է նշանակում` կամ տնտեսվարողների մի մասը «լեւի» հոսանքով է աշխատում, ինչը կարծում է՝ այդպես չէ, կամ աճ չկա: Տնտեսության աճի պարագայում, Խոսրով հարությունյանը դիտարկմամբ, հնարավոր չէ բեռնափոխադրումների ծավալների նվազում. «Ես չեմ ցանկանում հնչեցվող թվերը կասկածի տակ դնել, ի վերջո, վարչապետը դրանք ստանում է վիճպետվարչությունից եւ դրանք հիմք է ընդունում»: Բայց, քանի իր հարցերը պատասխաններ չեն ստացել, դրանք մտահոգությունների տեղիք են տալիս եւ կասկած առաջացնում`միգուցե այդ ամենը նկարվո՞ւմ է:
Արտադրության աճի եւ արտահանման ծավալների` 02 տոկոս աճի համամասնությունն էլ տարօրինակ ենթադրությունների տեղիք է տալիս. «Արտադրվում եւ պահվում է պահեստո՞ւմ»:
Գյուղատնտեսության ոլորտում աճի մասին խոսելիս, բանախոսն, օրինակ, չի գտնում, թե որքա՞ն ներդրումներ են կատարվել գյուղատնտեսական սառնարանային տնտեսությունների ձեւավորման համար, որպեսզի գյուղացուն զերծ պահենք գնի թելադրման խնդիրներից: Ոռոգման համակարգում էլ ներդրումների եւ զարգացումների տվյալներ չի գտել եւ այսպես:
Կարդացեք նաև
«Վարչապետի խոսքում ներդրումների մասին խոսք չկա, իսկ գերավճարների հետ վերադարձն ու ԱԱՀ-ի վերադարձը սկսվել է Կարեն Կարապետյանի կառավարման ժամանակից. բայց դա պետության կողմից տնտեսության մեջ արած ներդրում չէ, դա տնտեսվարողի շրջանառու միջոցներն են, որոնք ներդրում կդառնան, թե`ոչ, պարզ չէ: Գումարը տնտեսվարողը տվել էր կառավարությանը եւ ետ է ստանում առանց տոկոս, մինչդեռ բանկից կարող էր տոկոսով ստանալ»,-վարչապետին հիշեցնում-հակադարձում է նախկին վարչապետը:
Նա դրականն էլ է արձանագրում: Օրինակ, ասում է, որ տեղական մակարդակում, մասնավորաբար, ճանապարհների շինարարության մեջ, լուրջ քայլեր են իրականացվում, բայց այս ամենը պետք է տեղավորվի կառավարության հռչակված քաղաքականության մեջ, ոչ թե` «այսօր կարողացա կանեմ, վաղը չեմ կարող`չեմ անի»:
«Եթե տնտեսության մեջ հստակ ներդրումներ չկան, սա պետք է գնահատել նախկին քաղաքականության իներցիա»,- ասում է Խոսրով Հարությունյանը`հավելելով, որ Հայաստանում ուղղակի ներդրումները 11 անգամ նվազել են եւ իրեն հետաքրքրում է`ի՞նչ է անում կառավարությունը ներդրումներ ապահովելու համար. հետեւողական քայլեր չի տեսնում այս ուղղությամբ, նաեւ դեսպանների կողմից: Կարծում է, որ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հավաքի ժամանակ, ներդրողներ ապահովելու հարցը ինստիտուցիոնալ ձեւով չի դրվել դեսպանների առջեւ:
Կառավարության հռչակած «տնտեսական հեղափոխությունն» էլ համարում է «քաղաքական կլիշե», քանի որ կառավարությունը այդ թեզից հաջող անցավ արդարադատության ոլորտի հեղափոխության: Իսկ կառավարության թեզը`արտահերթ ընտրություններ անենք, ներդրումներ կլինեն, ըստ նրա, քննության չբռնեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ