ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծն արդեն ուղարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով: Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ իրավական հիմքերը կցվել են, նաեւ կցվել է «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը: ԱԺ նախագահն արդեն այն մակագրել է պետաիրավական հարցերի հանձնաժողով: Մակունցը իրավական հիմքերը չմանրամասնեց՝ ասելով, որ դրանք շուտով կհրապարակվեն: Միաժամանակ նա վստահեցրեց՝ այն իրավական հիմքերը, որոնք ներկայացվել են, չափազանց ծանրակշիռ են. «Մենք վստահ ենք, որ ՍԴ-ն առաջնորդվելու է բացառապես իրավական հիմքերը դիտարկելով»:
Հարցին՝ որտեղի՞ց է այդ վստահությունը, եթե ՍԴ անդամների նկատմամբ կա վերապահում, բացի Հրայր Թովմասյանից, մյուսների պաշտոնավարումն էլ էր խնդրահարույց: Ինչո՞ւ եք վստահ, որ իրենք պետք է առաջնորդվեն այլ կերպ՝ Մակունցը պատասխանեց. «Նախ, իրավական հիմքեր մենք ունենք այս պահին տվյալ դատավորի հետ կապված: Դրա համար նպատակահարմարությունը, որ ներկայացվեց հիմա, այն էր, որ իրավական հիմքերն ամբողջացվել են եւ նախագիծը ներկայացվեց: Մեր գնահատմամբ, այն հիմքերը, որոնք ներկայացրել են իրավաբանները, բավականին ծանրակշիռ են, մնացածը ՍԴ-ն է որոշում, ընթացք տվողը եւ չտվողը էլի իրենք են»:
Մենք հարցրեցինք՝ ինչո՞ւ է այնուամենայնիվ, միայն մեկ դատավորի նկատմամբ այդ գործընթացը լինում եւ ՍԴ դատավոր-ՍԴ անդամ եզրույթի տարբերությունն այլեւս չի» դիտարկվում՝ Մակունցը պատասխանեց. «Միայն մեկ դատավորի հետ կապված ենք այդ գործընթացը սկսել, որովհետեւ այս պահին իրավական հիմքերը միայն տվյալ դատավորի հետ կապված են: Ինչ վերաբերում է դատավոր եւ անդամ եզրույթներին, նախագծի մեջ մենք հղումով տվել ենք մեր դիրքորոշումը, թե ինչ նկատի ունենք ու ընդհանրապես չենք մտնում դատավոր եւ անդամ բանավեճի մեջ»:
Հարցին՝ մյուս խմբակցությունների հետ նախնական քննարկում եղե՞լ է, ի՞նչ դիրքորոշում ունեն՝ Մակունցը պատասխանեց, որ ինքը խոսել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ. «Ես հանձնարարել էի, որ նրանց ուղարկեին նախագիծը, բայց քանի որ արդեն հրապարակվել է, ծանոթանալու խնդիր չկա, խնդրել էի, որ իրենք իրենց դիրքորոշումը նախապես հայտնեին, եթե հնարավոր է, կամ քննարկում ունենանք, եթե նրանք հարմար կգտնեն: Բայց, իհարկե, քննարկում ունենալու ենք նաեւ պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Ես առաջարկում եմ, որ նախ նախագծին մեր գործընկերները ծանոթանան»:
Կարդացեք նաև
Հարցին՝ իշխող ուժը քննարկե՞լ է, թե ո՞վ է փոխարինելու Հրայր Թովմասյանին, եթե նրա լիազորությունները դադարեցվեն՝ Մակունցը պատասխանեց, որ օրենսդիրը չունի նման լիազորություն ՍԴ նախագահ նշանակելու:
Մենք հարցրեցինք՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները մտահոգություն ունեն, որ դուք այս քայլով մի քաղաքականացված անձի հանում եք, մեկ այլ քաղաքականացված, այսինքն՝ այս իշխանություններին ծառայող ՍԴ նախագահ ունենալու համար, դուք այս մտահոգությունները կարո՞ղ եք փարատել՝ Մակունցը պատասխանեց. «Ես առաջարկում եմ նախ ծանոթանալ նախագծին, իրավական հիմքերին, նոր այնուհետեւ կքննարկենք: Այս պահին եւ առհասարակ որեւէ քաղաքական հիմք չկա դրված նախագծում, իսկ թե հետո ինչ քաղաքական ելույթներ կլինեն առանձին պատգամավորների կողմից, ես չեմ կարող ասել: Բայց մենք առաջարկում ենք, որ նախագիծը դիտարկվի բացառապես իրավական տիրույթում, ինչն էլ ընկած է դրա հիմքում»:
Մակունցն ընդգծեց, որ ԱԺ-ում նախագիծն ընդունելու համար իրենց ձայները բավարար են, բայց շատ կարեւոր է իրենց համար, որ մյուս խմբակցությունների դիրքորոշումը լսեն իրավական հիմնավորումների հետ կապված:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ