Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանն Էդմոն Մարուքյանին հիշեցնում է, թե ինչպես էր մեղադրում Նիկոլ Փաշինյանին` Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումը» հագնելու մեջ

Սեպտեմբեր 19,2019 14:44

Այսօր, «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, մի ժամանակ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը մտնեն կառավարության կազմի մեջ, դառնան նախարարություններ, որպեսզի այդ մարմինների նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն իրականացվեր: «Դա չանցավ, դա մերժվեց մեծամասնության կողմից, անգամ վարչապետին մեղադրեցին նրանում, որ հագավ այն կոստյումը, որը Սերժ Սարգսյանի համար էր կարված»,- հիշեց Խոսրով Հարությունյանը:

Այս հիշեցման պատճառն, օրերս խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված`«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու՝ «Լուսավոր Հայաստանի» առաջարկն էր: Առաջարկի համաձայն, ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող են նշանակվել բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին:

«Սա լրջագույն մոլորություն է»,- կարծում է Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ քաղաքական պաշտոնյան սեփական պատասխանատվությամբ իրեն վերապահված ոլորտի գործունեության համար քաղաքական որոշումներ է ընդունում եւ ստանձնում դրանց կատարման քաղաքական պատասխանատվությունը:

Համընկա՞վ, զուգադիպե՞ց այս նախագծի ընդունումը եւ ԱԱԾ պետի հրաժարականը, բանախոսը դժվարանում է գուշակել, բայց մտավախություններ ունի, որ այդ կառույցները կարող են օգտագործվել կուսակցական, նեղ շահերի համար, առավել եւս, որ իշխանությունն անթաքույց իր քաղաքական ազդեցությունը տարածում է իշխանության բոլոր ճյուղերում: Մեկ այլ բան էլ է հիշեցնում`1990-ականներին մենք ունեցել ենք նման իրավիճակներ եւ ոստիկանությունն էլ, ԱԱԾ-ն էլ իշխող ուժի քաղաքական շահեր համար օգտագործվել են: Խոսրով Հարությունյանի գնահատմամբ, ժողովրդավարական ազատությունների եւ իրավունքի գերակայության սկզբունքների համատեքստում էլ սա մտահոգիչ է, մանավանդ, եթե սրան հավելում ենք այն որակումներ, որոնցով Վանեցյանը դուրս եկավ:

Հիշեցնենք, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն այսպիսի գրառում էր կատարել. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30