Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե ՍԴ-ն մեկ քաղաքական գործչից փրկելու համար պետք է տալ մյուս քաղաքական գործչին, կներեք, մենք սրան չենք համաձայնելու». Անի Սամսոնյան

Սեպտեմբեր 19,2019 14:33

Ազգային ժողովը օրենսդրական նախաձեռնություն է մշակել, որով ուզում է դադարեցնել ՍԴ դատավորի լիազորությունները: Մինչդեռ իշխանականները մինչ այդ տարբերակում էին մտցնում ՍԴ դատավոր եւ ՍԴ անդամ եզրույթի միջեւ, հետեւաբար պարզ չէ՝ հիմա ՍԴ դատավորի՞ լիազորություններն են դադարեցնելու, թե՞ ՍԴ անդամի:

Այս առնչությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարցին՝ ինչպե՞ս է լուծվելու այս թնջուկը՝ պատասխանեց. «Այս թնջուկը ստեղծել է իշխանությունը՝ իր անհեռատես, չհիմնավորված հայտարարություններով եւ  գործողություներով եւ հիմա պարտավոր է լուծել այս թնջուկը: Երբ մեզ մոտենում ու հարցնում էին, թե ի՞նչ կարծիք ունեք սահմանադրական ճգնաժամի մասին, մենք ասում էինք՝ որեւէ նման ճգնաժամ չկա: Այդ ճգնաժամը ստեղծել են նրանք, ովքեր ուզեցել են տեսնել ճգնաժամ, եւ այդ ճգնաժամը գալով խորացել է: Փաստորեն, ստացվում է մի բան՝ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնարկում է մի քայլ, որը հակասում է իր նախորդ ասածներին: Հիմա դատավորներ են, այն ժամանակ անդամներ էին: Սա պետք է հասկանալ, որովհետեւ այսպես նաեւ մենք հանրությանն ենք մոլորեցնում: Մենք ի վերջո իրավական երկիր ենք ուզում դառնալ եւ չենք կարող հանրությանը տալ իրար հակասող մեսիջներ ու փորձել լուծել մի ճգնաժամ, որը մենք ինքներս ստեղծել ենք»:

Անի Սամսոնյանն ասաց, որ իրենք միշտ ասել են, որ ՍԴ անդամները նույն ՍԴ դատավորներն են. «Մեզ համար կարեւոր է, թե կարգապահական խախտման ի՞նչ էական հիմքեր մեզ կներկայացնեն եւ պետք է հասկանալ՝ դա ո՞ւմ է վերաբերվում՝ միայն ՍԴ դատավոր նախագահ Հրայր Թովմասյանի՞ն, թե՞ նաեւ մյուս դատավորներին, ովքեր կատարել են այդ կարգապահական խախտումները, եթե կատարել են: Եթե միայն մեկ դատավորի է դա վերաբերում, ուրեմն այստեղ կա նաեւ քաղաքական խնդիր: Մենք քաղաքական հարց ենք լուծում եւ քաղաքականացնում ենք ՍԴ-ն: Եթե նախկինում Հրայր Թովմասյանը Հանրապետականի ՍԴ-ի Հրայր Թովմասյանն էր, հիմա մենք ուզում ենք բերել մեկին, ով կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության ՍԴ-ի նախագահը: Այսինքն, մենք քանդում ենք ինստիտուտը, բայց ուզում ենք այնտեղ դնել մեր ուզած մարդուն, ՍԴ-ն սարքել մեր գրպանի ՍԴ-ն: Այդպես անթույլատրելի է»:

Հարցին՝ երեկ Վլադիմիր Վարդանյանը մատնացույց արեց Հրայր Թովմասյանի վերջին հայտարարությունները՝ ցույց տալու, որ ՍԴ-ն արդեն քաղաքականացված է, դա չի՞ կարող հիմք լինել՝ լիազորությունների դադարեցման համար՝ Սամսոնյանը պատասխանեց. «Այո, որովհետեւ օրենքում նշված է, որ ՍԴ դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե նա զբաղվել է ակնհայտ քաղաքականությամբ, բայց դա պետք է ապացուցել: Եվ եթե մենք հեռացնում ենք մեկ քաղաքական անձի, մենք չպետք է բերենք մյուս քաղաքական անձին: Իսկ մենք հիշում ենք Վահե Գրիգորյանի հայտարարությունները, որն ասում էր, որ ՍԴ-ն քաղաքական մարմին է: Այսինքն, մենք փոխում ենք մի քաղաքական մարմնին մյուս քաղաքական մարմնով»:

Անի Սամսոնյանն ասաց, որ չի կարող ՍԴ-ի որոշումները վերծանել ու ասել՝ ՍԴ-ն քաղաքականացվա՞ծ է, թե՞ ոչ, բայց եթե «Իմ քայլը» խմբակցությունը ապացույցներ բերի, որտեղ կերեւա՝ Հրայր Թովմասյանը, որպես ՍԴ դատավոր, վերաբերմունքը եղել է քաղաքական, դա իսկապես անթույլատրելի կլինի. «Հիմքերը պետք է լինեն եւ այդ ապացույցները մեզ պետք է համոզեն»:

Հարցրեցինք՝ ամեն դեպքում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման համար դուք այլ մեխանիզմներ տեսնո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Ես չեմ տեսել, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, այդ ճգնաժամը ստեղծվել է արհեստական եւ ստեղծվել է ԱԺ նիստերի դահլիճում: Այդ ամենը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ եւ դա հնարավոր չէ հերքել: Մինչեւ Մարտի 1-ի դատավարության մեկնարկումը  ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի բարիդրացիական հարաբերություններ ուներ «Իմ քայլի» հետ եւ դա երեւում էր թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային: Մենք իշխանությանը բազմիցս զգուշացրել ենք, որ պետք չի անել քայլեր, որոնք ակնհայտ ճնշում կդառնան ՍԴ-ի վրա: Ցավն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները սա շատ լավ օգտագործելու են, փաթեթավորելու են եւ ուղարկելու են ՄԻԵԴ: Մենք այս վտանգների մասին իշխանությանը զգուշացրել ենք»:

Անի Սամսոնյանն ասաց, որ երբ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծը ներկայացնի ու լուրջ հիմքեր տեսնեն, կմիանան նախաձեռնությանը. «Եթե մենք հասկանանք, որ սա նորից պայքար է անձի դեմ ու ՍԴ-ն մեկ քաղաքական գործչից փրկելու համար  պետք է տալ մյուս քաղաքական գործչին, կներեք, մենք սրան չենք համաձայնելու, որովհետեւ ՍԴ-ն պետք է լինի անկախ ինստիտուտ ու կապ չունի՝ դա ՀՀԿ-ի՞ ՍԴ-ն կլինի, թե՞ «Իմ քայլը» խմբակցության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30