Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ տրամաբանությամբ ի սկզբանե էին նշանակել Օսիպյանին, նույն տրամաբանությամբ հիմա տանում են խորհրդական». Նինա Կարապետյանց

Սեպտեմբեր 19,2019 14:27

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի համար տարօրինակ է մինչև պաշտոնանկությունները Արթուր Վանեցյանին ու Վալերիյ Օսիպյանին գեներալ-մայորի կոչումներով պարգևատրելը  և մեկից քիչ ամիս հետո նրանց աշխատանքից ազատելը:

Aravot.am-ը Նինա Կարապետյանցից հետաքրքրվեց՝ անտրամաբանական չէ՞ այն, որ մի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ վարչապետին չի գոհացրել Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի գործունեությունը, մյուս կողմից Վալերիյ Օսիպյանը նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Իրավապաշտպանը պատասխանեց. «Կադրերի ընտրությունն է առհասարակ տարօրինակ: Որևէ հիմնավորում չկար՝ ինչո՞ւ կոնկրետ այդ անձինք պիտի լինեին, քանի որ իրենք իրենց մասշտաբով չէին համապատասխանում իրենց նորանշանակ պաշտոններին: Թե՛ ոստիկանապետը, թե՛ առավել ևս ԱԱԾ տնօրենը կաևորագույն ուժային կառույցներն են, որտեղ մարդիկ իրապես պետք է համապատասխան լինեին իրենց պաշտոններին: Հիմա հարց է առաջանում՝ եթե կարծում էիք, որ իրենք այնքան լավ են աշխատել, որ իրենց կոչումը կարելի է բարձրացնել, տրամաբանությունը ո՞րն է, որ շատ կարճ ժամանակ հետո նրանց հեռացնում ես աշխատանքից: Դա է տարօրինակ: Վերջապես երկար ժամանակ շրջանառվում էին տարբեր լուրեր Վանեցյանի՝ տարբեր հանցավոր անձանց հետ կապվածության առումով: Այդ ամենը մի կողմ դնելով՝ մենք երկար չգիտես ինչի՞ էինք սպասում: Առհասարակ նոր իշխանությունների՝ կադրերի նշանակման ոլորտում շատ հետաքրքիր թավիշ է, թավշով է. դա ի սկզբանե ինձ համար ընդունելի չի եղել: Իսկ թե ինչո՞ւ Վալերիյ Օսիպյանին նշանակեց խորհրդական. ինչ տրամաբանությամբ, որ ի սկզբանե էին նշանակել, նույն տրամաբանությամբ հիմա տանում են խորհրդական: Ես չեմ համարում, որ պարոն Օսիպյանն ունի այնքան փորձառություն, որն օգտակար կլինի ոլորտի կառավարման հարցում: Նա միջին կլասի ոստիկան է՝ ոչ ավել: Նա շատ լավ կառավարում էր ցույցերը, ուրիշ հարց՝ դրական, թե բացասական: Իսկ ինչ վերաբերում է նախարար լինելուն կամ առավել ևս խորհրդական, ինձ համար հասկանալի չէ ընտրությունը, ինչպես որ հասկանալի չէր Արթուր Դավթյանի՝ իր պաշտոնում մնալը, հասկանալի չեն շատուշատ ուրիշ հարցեր: Այնպես որ, հետհեղափոխական շրջանում կադրային քաղաքականությունն ամենատխուր մասն է»:

Մեր հարցին՝ վարկածներ կան, որ Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկությունը կապված էր նաև Ամուլսարի հետ, մասնավորապես իբր Օսիպյանի հրաժարականի պատճառ է եղել Ամուլսարի ճանապարհի բացման առիթը, երբ նա հրաժարվել է չոր ու կոշտ ոստիկանական ուժեր ու մեթոդներ կիրառել հանքի շահագործման դեմ հանդես եկող ջերմուկցիների շրջափակումը «ճեղքելու» օպերացիայի համար, Նինա Կարապետյանը պատասխանեց. «Այդ վարկածն իրատեսական չեմ համարում, քանի որ պարոն Օսիպյանը միշտ եղել է իշխանությունների կամակատար. ինչ կհրամայեն, այդպես էլ կաներ, ու դրա վառ ապացույց է շատ կարճ ժամանակ առաջ Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելը, ԱԺ դռները փակելը: Դա փաստում է, որ Օսիպյանը ցանկացած հրահանգ կատարելու էր, քանի որ ինքը վերլուծելու, իշխանությանը հակառակվելու մեծ փորձ չի ունեցել ու չունի, հետևաբար ինչ հրահանգ տային, կատարելու էր: Ուստի դա անիրատեսական եմ համարում»:

Նինա Կարապետյանցը հույս ունի, որ նոր նշանակումները կլինեն ավելի տրամաբանական, ավելի հասկանալի, ավելի հեղափոխական: Նա ակնկալում է ճիշտ կադրերի ընտրություն: Մեր հիշեցմանը՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում մի շարք թեկնածուների անուններ են շրջանառվում՝ Անդրանիկ Քոչարյան, Վահե Ղազարյան, Հունան Պողոսյան, Վիլեն Գաբրիելյան և այլք, Նինա Կարապետյանցն արձագանքեց՝ այս բոլորից ամենաանընդունելին  Հունան Պողոսյանի թեկնածությունն է. «Ավելի անհաջող կադր շատ դժվար էր ընտրել: Եթե ուզում եք իմանալ անգամ Օսիպյանն ավելի լավ կլիներ, քան Հունան Պողոսյանը: Թեև իրեն ներկայացնում են որպես փորձառու, բայց ամեն փորձառություն չէ, որ դրական է: Փորձառություն կա, որ հանցավոր է եղել, ու այդ հանցավոր փորձառությունը հիմա փորձում են կապել հեղափոխության հետ: Դա միամտություն է, եթե չասենք՝ ճակատագրական սխալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30