Վերջին ամիսներին Թուրքիայի իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունից հազարավոր անդամներ են հեռացել, այդ թվում՝ երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Ի՞նչ է սպասվում Էրդողանին՝ գրում է «Դոյչե Վելե»-ն:
Դավութօղլուն համարվում է թուրք ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը: Այն բանից հետո, երբ «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը 2002թ. առաջին անգամ հաղթեց խորհրդարանական ընտրություններում, նա միշտ եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողքին. սկզբում որպես ԱԳՆ ղեկավար, այնուհետև որպես վարչապետ և կուսակցության ղեկավար: Բայց 2016թ. Էրդողանը զգաց, որ իր հովանավորյալը գնալով ավելի համառ և անկախ է դառնում, ուստի հեռացրեց երկու պաշտոններից էլ:
Էրդողանի դիրքերը խարխվել են
2019թ. իրավիճակը փոխվեց. տնտեսական ճգնաժամը, ընդդիմության ազդեցության աճը խարխլեցին Թուրքիայի նախագահի և նրա կուսակցության դիրքերը: Այն, որ Թուրքիայում իշխանության մեջ վակուում է առաջացել, ընդունում է նաև Դավութօղլուն, որը վերջին ամիսներին կոշտ քննադատում է իշխող կուսակցությանը: Սեպտեմբերի 13-ին նա երեք պատգամավորների հետ հայտարարեց կուսակցության կազմից դուրս գալու մասին:
Կարդացեք նաև
Հունիսին՝ Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններից առաջ, որում իշխող կուսակցության թեկնածուն պարտություն է կրել, Դավութօղլուն Facebook սոցիալական ցանցի իր էջում կոշտ քննադատության ենթարկեց Էրդողանին. նախկին վարչապետ գրել էր, որ կուսակցությունը կորցնում է ընտրողներին, բացի այդ նկատվում է նաև համակարգային ճգնաժամ:
Էրդողանը կորցնում է իր կողմնակիցներին
Այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, անհանգստացնում է Էրդողանին: Նա մտավախություն ունի, որ կուսակցության ներսում խմորումների պատճառով կարող է զրկվել պահպանողական ընտրողների ձայներից: Թուրքիայի նախագահը, արձագանքելով նախկին վարչապետի քննադատություններին, նրան անվանեց դավաճան: Դավութօղլուի դեպքը միակը չէ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում կուսակցութունը լքել են հարյուր հազարավոր անդամներ: Կուսակցությունից հեռացել է նաև էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանը, որը ևս կարծում է, որ «Արդարություն և Զարգացում»-ը հեռացել է նախնական արժեքներից: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Բաբաջանը մտադիր է ստեղծել իր քաղաքական ուժը: Այս հարցում նրան աջակցում է երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Կդառնա՞ Դավութօղլուն այլընտրանք
2018թ. հետո Թուրքիայում իրավիճակ է փոխվել, քաղաքացիները իշխանության այլընտրանք ունեն: Դեռևս պարզ չէ՝ արդյոք Դավութօղլուն կդառնա այլընտրանք, թե ոչ: Ի տարբերություն Ալի Բաբաջանի և Գյուլի, երկրի նախկին վարչապետը մեծ հեղինակություն ունի թուրք ազգայնականների շրջանում: Շատերը նրան մեղադրում են երկար ժամանակ լուռ մնալու համար: Շատերն էլ կարծում են, որ կուսակցությունից դուրս գալով, նա ուղղակի հաշիվներն է մաքրում իր հակառակորդների հետ, իսկ կուսակցությունը ամենաքիչն է հուզում նրան: Նմանատիպ քննադատություններ հնչում են նաև էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանի հասցեին: Բայց նրան ավելի շատ են վստահում, քան Դավութօղլուին: Թուրքիայում կարծում են, որ նա իրականում կարող է ստեղծել լիբերալ-պահպանողական կուսակցություն, որը բարեփոխումներ կիրականացնի, ինչպես կառավարման առաջին տարիներին անում էր «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը: