Ինչպես հայտնի է, երեկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին հետեւեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականը: Ուժային կառույցների ղեկավարների իրար հետեւից այս շղթայական հրաժարականները տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեցին: Ավելի ուշ պարզվեց, որ Օսիպյանը զուտ վետերանի կարգավիճակում չի մնա, վարչապետը նրան նշանակեց իր խորհրդական: Իսկ այ Վանեցյանի հարցերը մի քիչ ավելի լուրջ են: Իշխանության ներկայացուցիչները նախատում են նրան՝ իր հրաժարականի հայտարարության տեքստի համար:
«Առավոտի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս պաշտոնանկություններն իր համար անակնկալ չեն եղել. «Ցանկացած պաշտոնանկություն ունի իր հիմքերը, հիմնավորումները: Ընդհանուր որեւէ բան չկա Վալերի Օսիպյանի հրաժարականի եւ Արթուր Վանեցյանի հրաժարականի մեջ, փոխկապակցված չեն մեկը մյուսի հետ: Որեւէ պաշտոն հավերժ չի, գալիս է մի պահ, երբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել, տեղափոխություններ կատարել եւ այդ ամենը նորմալ է»:
Վանեցյանն իր հրաժարականի հայտարարության մեջ խոսում էր իշխանության տարերային որոշումների, առաջնային ու երկրորդական խնդիրները չտարբերելու մասին: Արմեն Խաչատրյանն ասաց. «Անհամբեր սպասում եմ պարոն Վանեցյանի մեկնաբանություններին, պարզաբանումներին իր այդ հայտարարության շուրջ, իր այդ անորոշ եւ բազմաբովանդակ հայտարարության շուրջ: Ես մեծ ցանկություն ունեմ լսելու նրա պարզաբանումները: Չեմ կիսում նրա տեսակետը եւ ընդհանրապես չեմ կիսում այնպիսի տեսակետ, որ բարձրաստիճան սպան կարող է նման տեսակետ ունենալ»:
Մեր դիտարկմանը՝ Վանեցյանը նույնիսկ ոչ թե տողատակին, այլ բացեիբաց ասում է, որ ինձ համար սպայի պատիվն ու արժանապատվությունն ամեն ինչից վեր է ու այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը նրա առաջ այնպիսի առաջադրանքներ է դրել, որը նա չի արել՝ գտնելով, որ պրոֆեսիոնալիզմը թույլ չի տալիս կատարել՝ Արմեն Խաչատրյանն արձագանքեց. «Ես կասեմ հետեւյալը՝ այս ամբողջ իրադարձության մեջ սպայի պատվին եւ արժանապատվությանը հարիր չէ մի բան՝ այ նման հայտարարությունը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դո՞ւք էլ եք համարում, որ «կոռուպցիոներների PR գրասենյակի մատն է խառը» այդ հայտարարության մեջ, ինչպես վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էր մեկնաբանել՝ նա պատասխանեց. «Իհարկե, ժամանակի ընթացքում գնահատականներ կտրվեն բոլոր պաշտոնյաների գործունեության վերաբերյալ, թե՛ լավ, թե՛ վատ: Ամեն դեպքում ես այդ հայտարարության գնահատականները չեմ կարող կիսել, ասեմ ավելին՝ դա ընդհանրապես հարիր չէ բարձրաստիճան սպային»:
Վանեցյանը գտնում է, որ իր հրաժարականը կլինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ: Արմեն Խաչատրյանն արձագանքեց. «Ինչո՞ւ մենք պետք է կանգ առնենք, եթե երկրում մեծ գործընթաց է սկսվել հեղափոխությունից հետո, բազմաթիվ ուղղություններով գործընթաց է՝ սկսած ժողովրդավարական կառույցների վերականգնում, ստեղծում, կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական զարգացում: Ինչո՞ւ մենք պետք է կանգ առնենք ու ո՞նց պետք է կանգ առնենք, երբ այդ մանդատը ժողովուրդը մեզ տվել է՝ հնարավորինս արագ առաջ գնալու համար: Մենք ի՞նչ իրավունք ունենք կանգ առնենք, ինչո՞ւ պիտի կանգ առնենք եւ ի՞նչ իրավունք ունի բարձրաստիճան սպան նման հայտարարություն անել»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գտնում է, որ Վանեցյանի հայտարարությունը քաղաքականություն մտնելու հայտ է, իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ նա ահռելի ինֆորմացիայի է տիրապետում: Արմեն Խաչատրյանն ասաց. «Դա պարոն Վանեցյանի իրավունքն է՝ քաղաքականություն կմտնի, թե ոչ, ցանկացած քաղաքացի ունի այդ իրավունքը: Հետագայում ես ուղղակի մեծ ուշադրությամբ կհետեւեմ նրա պարզաբանումներին, եթե, իհարկե, դրանք լինեն»:
Մենք նաեւ հարցրեցինք՝ Արթուր Վանեցյանին վերջերս էին գեներալ-մայորի կոչում տվել, իսկ դրանից հետեւում է, որ իշխանությունները գոհ էին նրա աշխատանքից, ուրեմն ի՞նչ պատահեց՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Գեներալ-մայորի կոչում տալը, իհարկե, ինչ-որ տեղ խրախուսում է, նման կառույցի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը ես էլ եմ կարծում, որ պետք է ունենա գեներալ-մայորի կոչում, ինչը համապատասխանում է նրա զբաղեցրած պաշտոնին, սակայն այսօր Հայաստանում ցանկացած պաշտոնյայի գործողությունները մանրադիտակի տակ են, եւ նրանք պետք է անեն այն, ինչը լիազորված են սահմանադրությամբ եւ օրենքներով իրականացնելու եւ պետք է անեն իրենց առջեւ դրած խնդիրները՝ հանուն ՀՀ-ի ու հայ ժողովրդի: Եթե որեւէ մեկը կթերանա, անպայման վրա կհասնեն համապատասխան հետեւանքները: Ես հրաժարականը կապում եմ լուրջ խնդիրների հետ, որոնք պետք է լուծված լինեին եւ չեն լուծվել: Պետք է հասկանալ, թե ինչու չեն լուծվել»:
Հարցին՝ իսկ Վալերի Օսիպյանն իր աշխատանքում թերանո՞ւմ էր, որ ազատեցին ոստիկանապետի պաշտոնից՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Այդ հսկա համակարգում ու այդ բազմապիսի խնդիրները, որոնք դրված են ոստիկանության առջեւ, հնարավոր չէ, որ թերացումներ չլինեն: Այդ թերացումները պայմանավոված են մի շարք օբյեկտիվ պատճառներով, որոնց համար կարճաժամկետ լուծումները տեղին չեն, երկարաժամկետ լուծումներ են պետք: Իհարկե, այդպիսի խնդիրները բազմաթիվ են եղել եւ հնարավորինս կարողացել ենք օգտակար լինել այդ ծառայությանը նաեւ օրենսդրական նախաձեռնությունների միջոցով: Այո, խնդիրներ միշտ կան ու լինելու են, սակայն պետք է շնորհակալություն հայտնել պարոն Օսիպյանին ծառայության համար: Ամեն դեպքում նա իրականացրել է ծառայությունն այնպես, ինչպես հարիր է սպային եւ ինչ անձնական հնարավորություն ունեցել է, ներդրել է այդ ծառայության կայացման համար»:
Հնարավո՞ր է Հունան Պողոսյանը փոխարինի Վալերի Օսիպյանին այդ պաշտոնում՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ Պողոսյանն ունի գեներալ լեյտենանտի կոչում, ոստիկանության արհեստավարժներից է, բայց նման կանխատեսում չի կարող անել: Օսիպյանի՝ ոստիկանապետի պաշտոնում գործունեությունից ընդդիմադիր պատգամավորները շատ դժգոհ են, դժգոհություններ են ստանում նաեւ քաղաքացիներից: Հարցին՝ դուք գո՞հ եք եղել Օսիպյանի աշխատանքից՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Գուցե ես կցանկանայի ավելի տեմպով խնդիրների լուծման ճանապարհով գնայինք, բայց կողքից նայելը շատ հեշտ է: Երբ ինքդ ես այդ բեռը վերցնում քեզ վրա, այնպիսի խնդիրների ես հանդիպում, որ կանխատեսել հնարավոր չէ: Այս ընթացքում ոստիկանությունում շատ բան է փոխվել, ինչն ակնառու է, համակարգված կոռուպցիան արմատախիլ է արվել: Իհարկե, խնդիրներ շատ կան, բայց 1,5 տարվա համար, կարծում եմ, Վալերի Օսիպյանն իր գործառույթներն իրականացրել է բավարար մակարդակով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ