Թերևս այս երկու ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները ավելի խորքային պատճառներով են պայմանավորված՝ անկախ նրանից, որ պաշտոնից ազատվելուց ժամեր անց Օսիպյանը նշանակվեց վարչապետի խորհրդական։ Ի դեպ, ժամանակին նախագահի խորհրդականի պաշտոնը դարձել էր «շտրաֆբատ», ուր նշանակվում էին պաշտոնազուրկ նախարարները։ Ինչեւէ, վերադառնանք պատճառներին։
Ի վերջո, որպես ԱԱԾ-ի և ոստիկանության պետերի հրաժարականի մյուս պատճառ՝ մամուլում քննարկվում է նաև այն տարբերակը, թե վարչապետը դժգոհ է նրանց աշխատանքից, քանի որ այդ պաշտոնյաներին հաջողվում էր քիչ թե շատ պահպանել իրենց ինքնուրույնությունը, իսկ վարչապետին պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք հլու-հնազանդ կատարելու են իր կամքը՝ առանց հակադրության նշույլի, որքան էլ այդ կամքը սխալ կամ ընդգծված հակաօրինական լինի։
Իսկ կամակատար ղեկավարները չեն կարող արժանանալ հասարակության հարգանքին, քանի որ իրենց հիմնական գործը լինելու է «աթոռի համար դողալը»:
Այսպիսի անսպասելի հրաժարականները առաջին նշաններն են իշխանական համակարգում նկատվող ճաքերի, քանի որ, ելնելով իշխանության ներսում առկա տրամադրություններից, վտանգ կա, որ ուժային երկու կառույցների ղեկավարների պաշտոնները կարող են վստահվել կարծիք չունեցող, ծայրահեղական անձանց, որոնք համակարգի ներսում հավասարակշռությունը պահպանելու փոխարեն կարող են տարերային և անկանխատեսելի քայլերի գնալ, որպեսզի արժանանան վարչապետի վստահությանը, ինչպես նաև հասարակության շրջանում իշխանության վարկանիշը պահելու համար նորանոր շոուներ բեմադրեն՝ բոլոր ծանրագույն հետևանքներով։
Կարդացեք նաև
Պատահական չէ, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է այն օրենսդրական նախագիծը, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական։ Առաջարկված փոփոխության համաձայն՝ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Երբ կընդունվի օրենքն ամբողջությամբ, դեռևս պարզ չէ: Այնպես որ, չի բացառվում, որ առայժմ բավարարվեն պաշտոնակատարներով (թե՛ բառիս բուն, թե՛ փոխաբերական իմաստով), մինչև օրենքի ընդունումը:
Իսկ դա արդեն նշանակում է ԱԱԾ-ի և ոստիկանության թուլացում, քանի որ այդ կառույցները կարող են հետագայում ղեկավարել անվտանգությունից, հասարակական կարգի պահպանումից և այս կառույցների առանձնահատկություններից գաղափար չունեցող զուտ քաղաքական անձինք, ինչը բազմաթիվ վտանգներ է պարունակում և կարող է թանկ նստել մեր պետության վրա։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում