Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխությունից ընդամենը չորս ամիս առաջ ԿԲ պահուստները 16 մլն դոլարով ավելին էին, քան այն աննախադեպ ցուցանիշը, որի մասին խոսում է վարչապետը. «168 ժամ»

Սեպտեմբեր 19,2019 11:52

Ահա այն 100 փաստերից մեկը, որը Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հերթական չորսժամյա մամուլի ասուլիսում։

«2019թ. օգոստոս ամսվա վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմել են շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարով։ Նշված ժամանակահատվածում աճն ապահովող գործոններից առանձնանում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից շուրջ 351 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտարժույթի առքը, ինչը ներքին շուկայում արտարժույթի ավելցուկի արդյունք է։ Պահուստների ընթացիկ մակարդակը 2013 թվականից մինչ օրս երբեք ավելի բարձր չի եղել,- ասել է վարչապետը՝ շարունակելով,- Իրականում, սակայն, այսօր մենք միջազգային պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակն ունենք, որովհետև 2013թ. ցուցանիշը կապված է եվրոբոնդերի թողարկման հետ, երբ մենք մեծ քանակությամբ արժույթ ենք բերել և մեր պահուստում արձանագրել ենք։ Հիմա տրամաբանորեն, երբ մենք եվրոբոնդերի խմբաքանակի նոր թողարկումը կիրականացնենք, այդ պահից կունենանք Հայաստանի միջազգային պահուստների ամենաբարձր մակարդակը նաև դե յուրե, իսկ այս պահին դե ֆակտո երբեք Հայաստանի միջազգային պահուստներն ավելի չեն եղել»։

Դժվար է ասել, այս փաստը վարչապե՞տն է պեղել, թե՞ իրեն տրամադրել են։ Ամեն դեպքում, անկախ դրանից, այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, քիչ կապ ունի իրականության հետ։ Դրանում, անշուշտ, դժվար չէ համոզվել՝ աչքի անցկացնելով Կենտրոնական բանկի պաշտոնական հրապարակումներն արտաքին պահուստների վերաբերյալ։

«Պահուստների մակարդակը 2013թ. մինչ օրս երբեք ավելի բարձր չի եղել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հիմա տեսեք՝ եղե՞լ է, թե՞ չի եղել։ Բայց մինչ այդ՝ մի ճշտում. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Կենտրոնական բանկի արտաքին պահուստները կազմել են շուրջ 2,3 մլրդ դոլար։ Իրականում դրանք ավելի քիչ են՝ շուրջ 2 մլրդ 298 մլն դոլար։ Այսինքն՝ 2 մլն դոլարով պակաս։

Բայց դա էլ էական չէ։ Էականն այն է, որ այդ թիվն ամենևին էլ աննախադեպ չէ 2013 թվականից հետո։ Այդպես չի լինի նաև այն պարագայում, եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 2,3 մլրդ դոլարը ճիշտ է։

Կենտրոնական բանկի արտաքին պահուստների մակարդակը շատ ավելի բարձր է եղել ոչ միայն 2013թ., այլև իշխանափոխությունից ընդամենը մի քանի ամիս առաջ. 2017թ. դեկտեմբերին այն գերազանցում էր 2 մլրդ 314 մլն դոլարը։

Եթե 2 մլրդ 298 մլն դոլարն ավելի շատ է, քան 2 մլրդ 314 մլն դոլարը, այլ հարց է։ Բայց սա պաշտոնական թիվ է, որն արձանագրել է Կենտրոնական բանկը։

Դա նշանակում է, որ իշխանափոխությունից ընդամենը չորս ամիս առաջ ԿԲ պահուստները 16 մլն դոլարով ավելին էին, քան այն աննախադեպ ցուցանիշը, որի մասին խոսում է վարչապետը։ Ավելին, տարադրամային պաշարները հիմա շատ ավելին կարող էին լինել, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո դրանք չնվազեին, երբեմն՝ նույնիսկ բավական կտրուկ։

Միայն անցած տարվա ապրիլ-մայիս-հունիս ամիսներին երկրի տարադրամային պահանջարկը բավարարելու համար Կենտրոնական բանկի միջազգային պահուստները դատարկվեցին ավելի քան 240 մլն դոլարով։

Պահուստների ռեկորդային անկում գրանցվեց նաև այս տարվա հունվարին։ Դրանք միանգամից կրճատվեցին 265 մլն դոլարով, ինչի հետևանքով 2 մլրդ 259 միլիոնից իջան՝ ընդհուպ հասնելով 1 մլրդ 994 մլն դոլարի։

Թե ո՞րն էր նման կարճ ժամանակահատվածում արտաքին պահուստների այդպիսի կտրուկ անկման պատճառը, այդպես էլ անհայտ մնաց։ Հայտնի է սակայն, որ արժութային շուկայի տատանումները հարթելու կամ մեղմելու նպատակով հունվարին ԿԲ-ն տարադրամի ներարկում չի արել։ Այսինքն՝ պահուստները չեն ուղղվել արժութային շուկայի հավելյալ պահանջարկը բավարարելուն։ Մնում է ենթադրել, որ արձանագրված կտրուկ տեղաշարժը պայմանավորված էր բոլորովին այլ գործոններով։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30