Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. Արդեն անցել ենք հիասթափության փուլ, իսկ եթե կտրուկ փոփոխություններ չեն լինում, դրան հետևում է ապատիան. «Փաստ»

Սեպտեմբեր 19,2019 10:44

Ներիշխանական պայքար, 100 փաստեր, որոնք ներկայացվում են որպես ձեռքբերումներ, և փուլ, որը կարող է վտանգավոր լինել: Նշված բաղադրիչներն ու ներքաղաքական հարցերը «Փաստը» առանձին-առանձին դիտարկել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրույցում:

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ ներկայացված 100 փաստերը Վ. Հակոբյանը պարզ PR քայլ է համարում:

«Մեր երկրի զարգացումն ու փոփոխությունները չունեն այն տեմպը, որ անգամ մեկ տարվա ընթացքում 100 լուրջ նվաճում կուտակվի, ու հանրությանը ներկայացվի որպես նոր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների արտացոլում:

Ինչպես մայիսին տեղի ունեցած ասուլիսից հետո էի ասել, հիմա՝ առավել ևս, կարծում եմ, որ կարելի էր սահմանափակվել 10-20 փաստով, որովհետև, այսպես, թե այնպես, ամեն առավոտ սկսում ենք վիճակագրական որևէ ցուցանիշով, որին կա՛մ հավատում ենք, կա՛մ՝ ոչ, որից կա՛մ տպավորվում ենք, կա՛մ՝ ոչ:

Այդուհանդերձ, կա թերահավատություն, որովհետև Հայաստանում իրական կյանքը և վիճակագրությունն իրար չեն համընկնում: Ի հեճուկս այն ձևավորված կարծիքի, ըստ որի՝ Հայաստանում առանձնապես ոչինչ չի փոխվում, և թիմն իր աղաղակող ոչ պրոֆեսիոնալիզմով պարզ չէ, թե ինչով է զբաղված, ուզում են ներկայացնել, որ կան նվաճումներ, այդ թվում՝ փոքր:

Այսինքն, սա պարզ PR քայլ է, որն էֆեկտիվ չէ: Երբ մեծ հաղթանակներ չկան, այլ տարբերակ չի մնում, քան ներկայացնել, այսպես կոչված, փոքր հաղթանակները»,-նշում է քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ 100 փաստերի արձանագրությունները գրեթե ուշադրության չեն արժանացել ո՛չ մամուլում, ո՛չ հասարակության կողմից:

«Ըստ իս, գալիս է մի վտանգավոր փուլ, երբ մարդիկ որոշակի հիասթափություն են ապրում, որին սովորաբար հետևում է խորը ապատիան: Այսինքն, այն, ինչը կար ՀՀԿ-ի օրոք: Հիմա ոգևորությունից, էյֆորիայից դեպի ավելի սթափ դատողության շրջան ավելի արագ են անցնում: Արդեն անցել ենք հիասթափության փուլ, իսկ եթե կտրուկ փոփոխություններ չեն լինում, դրան հետևում է ապատիան:

Դատելով նրանից, որ առկա է բավականին սառը ու անտարբեր ռեակցիա այդ 100 փաստի նկատմամբ, կարող ենք ասել, որ մենք սկսում ենք գտնվել հիասթափություն-ապատիա տրանսֆորմացիայի ֆազայում: Սա բավականին տխուր փաստ է, որովհետև հույսերը մեծ էին, իսկ շանսը, որը տրվել է, չի օգտագործվում:

Համենայն դեպս, հասարակության ընկալման մեջ այդպես է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30