Փաշինյանը, որ շարունակ ներկայացել է որպես կեղծարարության դեմ պայքարի մարտիկ, որպես հաջողություն է ներկայացնում կեղծիքով ստացված արդյունքները: Վարչապետը հաջողությունների շարքում նշում է, որ թարմ ձկան արտահանումն ավելացել է 23%-ով: Չենք վիճարկում: Բայց ընդամենը օգոստոսի 29-ին կայացած կառավարության նիստում նա բառացիորեն ասում էր հետևյալը. «Ձկնարդյունաբերությունն այսօր մեր տնտեսության կայացած ճյուղերից է, և պարզ է, որ դրա արդյունքում մենք նաև լուրջ խնդիրներ և ռիսկեր ենք ունեցել: Մենք հաշվարկել էինք, որ տարեկան 1 մլրդ դոլարի ջուր ենք սպառում, որպեսզի 150-200 մլն դոլարի ձուկ արտադրենք: Բայց ունենք իրողություններ, և ընտրությունը հետևյալն է. կամ, արտեզյան ավազանի վրա խաչ ենք քաշում, որը չենք կարող անել, կամ էլ ասում ենք՝ ձկնարդյունաբերության վրա ենք խաչ քաշում, որը կրկին չենք կարող անել, որովհետև երկու դեպքում էլ նշանակում է հարվածել տնտեսությանը: Դրա համար էլ մենք պետք է քայլ-քայլ գնանք, որպեսզի կարողանանք այս ռիսկերը և հնարավորությունները կառավարել և գալ հավասարակշռված լուծումների»: Փաստորեն, ձկնարդյունաբերության եղած ռիսկերն ընդունելով հանդերձ, նույն վարչապետը 15 օր անց չի վարանում և Արարատյան դաշտի ջրային ավազանում խորացող ռիսկերի հաշվին ձկան ավելի արտադրությունն ու արտահանումը ներկայացնում է որպես հաջողություն:
Մինչդեռ, նրա իսկ թիմի տնտեսագետ մասնագետը պնդում է, որ Հայաստանը ձկնաբուծությամբ չի կարող զբաղվել, առավել ևս արտահանման նկատառումներով: «Լավագույնը, ներքին պահանջմունքների որոշակի տոկոսը բավարարելն է: Բայց արտահանում ենք ու մի բան էլ հպարտանում ենք, սրա ծավալների մեծացմամբ, երբ ամբողջ պրոցեսը դարձել է անկառավարելի, երբ անգամ այսօր չկա հաշվարկ, թե ինչ արժե մեկ կգ ձկան աճեցումը ՀՀ-ում: Այս ոլորտում մեր դժբախտությունները տնտեսական հեղափոխության մեջ այն է, որ դեռ մեզ թվում է, թե անվճար ջուր ունենք: Նման բան չկա ո՛չ ոռոգման, ո՛չ հիդրոէներգետիկայի, ո՛չ որևէ այլ նպատակներով: Ջուրը գնահատել կարող ենք, բայց եթե դա մտցնենք գնի կամ սակագնի մեջ, մենք վճարունակ չենք: Գոնե հաշվարկը պետք է լինի, որ մենք իմանանք այդ ջրի գինը:
Ցավալի է, բայց մինչ օրս նման խնդիր չի դրվել: Տնտեսական հեղափոխության ամենամեծ գաղափարախոսությունը այն պետք է լինի, որ շուկայական տնտեսության մեջ ձրի, անվճար ապրանք չկա: Մինչդեռ մեզ ասում են՝ «Վեոլիա»-ի հետ պայմանավորվածության արդյունքում ջրի գինը չբարձրացավ: Ո՞նց չբարձրացավ, երբ բոլորս վճարում ենք դոտացիոն համակարգի համար մեր գրպանից կամ հարկերի տեսքով»:
«2019 թ. առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում, նախորդ տարվա համեմատ, արձանագրվել են հետևյալ փոփոխությունները. ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48%-ով կամ 426.2 հեկտարով, կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով կամ 1004 հեկտարով, հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94.5%-ով կամ 182.2 հեկտարով, սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26%-ով կամ 15.1 հազար տոննայով…»:
Կարդացեք նաև
Նախ զարմանալի է, որ գյուղատնտեսության մասով (և ընդհանրապես) վարչապետը խոսում է 8 ամսվա տվյալներով այն պարզ պատճառով, որ դրանք դեռ չկան: Դա ի միջի այլոց: Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններին. «դրանք արագորեն զարգանում են, բայց առավելապես Արարատյան դաշտում, որ, մի կողմից, դրա համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ չունի, մյուս կողմից՝ եղած հողերը դրվում են ջերմոցի տակ, այն դեպքում, երբ Սևանի ավազանը անհամեմատ ավելի լավ պայմաններ ունի: Պետության դերն այն է, որ ինքը կարգավորի, թույլ չտա Արարատյան դաշտում ջերմոցային տնտեսությունների այդպիսի զարգացում, որովհետև դրա ազդեցությունը, ի վերջո, բացասական է լինելու: Խորհրդային միությունում էլ դա շատ լավ հասկանում էին, ու 1200 մ բարձր հատվածն էր ջերմոցային տնտեսության տակ՝ ի դեմս Սևանի ավազանի: Անհասկանալի է Արարատյան դաշտը ջերմոցների տակ դնելու միտումը, բայց դա հետևանք է պետական քաղաքականության բացակայության: Իսկ հիմա ինչ է արվելու 1200 մ բարձրության վրա Սևանի անմշակ տարածքները: Մինչդեռ դա կդառնար գյուղնշանակության հող ջերմոցների համար:
Այստեղ է, որ պետությունն իր միջոցներով պետք է ուղղորդիչ դեր ունենա: Անձնագիր ունենա ջերմոցի համար՝ տարածքով, տեղով, ջրով, հոսանք, գազ, միայն թե կառուցեն՝ ամեն ինչով նշված: Ներդրողին էլ, եթե ջերմոց է ուզում կառուցել, առաջարկի անձնագրերի տարբերակներ: Մի բան էլ տեղական հարկերից մեկ-երկու տարով ազատի:
Արարատյան դաշտում ջերմոցներ կառուցելու առումով տնտեսագիտական ու տնտեսական տրամաբանություն չկա: Սա լուրջ խնդիր է, որ կառավարությունում պետք է հասկանան»: Երկրի վաղվա օրով անհանգստացող մասնագետի բացատրությունն է ի պատասխան վարչապետի «ոգևորության»:
Ինչ վերաբերում է սառնարանային տնտեսությունների հզորությունների 15 հազար տոննայով ավելացմանը: Նշենք, որ Հայաստանում գյուղատնտեսության մեջ սառնարանային տնտեսությունների ամենահզոր կենտրոնը գտնվում է Արտաշատի տարածաշրջանի Վերին Արտաշատ գյուղում: Այստեղ վերջին տարիներին միջին հաշվով տարեկան սառնարանային պահպանության էր դրվում 15 հազար տոննա խաղող: 2018-2019թթ. ձմռանը պահպանության էր դրվել 7-8 հազար տոննա խաղող ու, այդքանով հանդերձ, դրա մի զգալի մասը փչացավ իրացման հարցում առաջացած դժվարությունների պատճառով: Այս տարի շատերը շվարած վիճակում են, չեն կողմնորոշվում՝ սառնարանային պահպանության դնե՞լ, թե՞ ոչ:
Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: