Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք. հասարակական կարծիքի ուսումնասիրություններ. ՀՔԱՎ

Սեպտեմբեր 19,2019 10:11

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության  ներգրավմամբ 2019թ․ մայիսին ՀՀ ողջ տարածքում արդեն 5-րդ անգամ, սկսած 2014 թ․-ից, իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն՝ պարզելու հասարակության դիրքորոշումները միջազգային կառույցների՝ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության հանդեպ։

Տարբեր տարիներին իրականացրած հետազոտությունների համեմատության արդյունքում հետաքրքիր փաստեր ենք արձանագրել։

2017 թ․-ի համեմատ՝ 2019-ին նվազել են և Եվրոպական միության, և Եվրասիական տնտեսական միության կողմնակիցների թվերը։ Սակայն եթե ԵՄ-ի կողմնակիցների թիվը նվազել է 3%-ով և դարձել 30%, ապա ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը նվազել է միանգամից 12%-ով և դարձել 20%։

Ուշագրավ է, որ երկու կառույցներին էլ անդամակցելուն կողմ անձանց թիվը 2017-ի համեմատ 2019-ին աճել է ավելի քան կրկնակի անգամ՝ դառնալով 30%։

2016, 2017 և 2019 թթ․-ի համեմատական տվյալներով ՀՀ նկատմամբ ՌԴ վերաբերմունքի ցուցանիշին զուգահեռ փոփոխվում է նաև ԵԱՏՄ անդամակցության ցանկություն  հայտնողների թիվը։ Որքան բարձր է ՀՀ նկատմամբ ՌԴ վերաբերմունքը բարեկամական համարողների թիվը, այնքան բարձր է ԵԱՏՄ անդամկցության կողմնակիցների թիվը և հակառակը։ Սակայն նույն կապն առկա չէ ԵՄ-ի հարցում․ անկախ ՌԴ-ի վերաբերմունքի մասին կարծիքից՝ հարցվողների մեծամասնությունը հակված է ԵՄ անդամկացությանը։

Հետաքրքիր պատկեր է ստացվել նաև ըստ մարզերի դիրքորոշումների հարցում․ ըստ տարիների համեմատության արդյունքում բոլոր մարզերում ԵԱՏՄ անդամակցության հակվածությունը նվազում է, սակայն ԵՄ-ի դեպքում կրկին պատկերը միանշանակ չէ․ աճի միտում առավել ցայտուն արտահայտված է Երևան քաղաքում, Արագածոտնի, Արարատի, Լոռու և Վայոց Ձորի մարզերում։

Ըստ բնակավայրի տիպի ևս ԵԱՏՄ-ին անդամակցությանը հակված անձանց թիվը նվազման միտում ունի։ ԵՄ-ի հարցում կրկին տարբերվող ցուցանիշներ են․ ԵՄ-ին անդամակցելուն հակված հարցվողների թիվը, ըստ տարիների, աճել է Երևան քաղաքում և գյուղական վայրերում և նվազել մարզային քաղաքներում։

Դիտարկված բոլոր տարիներին ԵՄ-ին անդամակցությանը ավելի շատ հակված են իգական սեռի ներկայացուցիչները։

Եթե նախորդ տարիներին 46 և ավելի տարիքի հարցվողների մեծ մասը հակված էր ԵԱՏՄ-ին անդամակցելուն, ապա 2019-ին այդ տարիքային խմբում գերակշռում են երկու կառույցներին էլ անդամակցելուն հակված անձինք։ ԵԱՏՄ-ին անդամակցելուն հակված անձանց թիվը զգալիորեն նվազել է նաև 36-45 տարեկանների շրջանում։

Ըստ տարիների՝ ԵՄ-ին անդամակցելուն են հակված ավելի շատ տարրական, միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողները։

Եվրամիությանը ՀՀ-ի անդամությանը կողմ են մեծամասամբ 18-45 տարեկան,  իգական սեռի ներկայացուցիչներ, որոնք բնակվում են մայրաքաղաքում, և նրանց ընտանիքի միջին ամսական եկամտի չափը բարձր է 65.001 դրամից:

ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամությանը ավելի շատ նախապատվություն են տալիս  61 տարեկանից բարձր, արական սեռի ներկայացուցիչները, որոնք բնակվում են գյուղական բնակավայրերում և նրանց ընտանիքի միջին ամսական եկամտի չափը ցածր է 35.000 դրամից:

Մեր կարծիքով, ավելի բարձր տարիքային խմբերի ներկայացուցիչները, ապրելով ԽՍՀՄ ժամանակաշրջանում, կողմ են արտահայտվում ԵԱՏՄ-ի ՀՀ-ի անդամությանը, դրանով իսկ արտահայտելով անցյալի վերականգնման իրենց ձգտումները, ընդ որում՝ որքան մեծանում է հարցվողների տարիքը, այնքան ավելի շատ է նրանց թիվը ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամության կողմնակիցների մեջ:

ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամության կողմնակիցների հիմնական մասը կազմում են ամենացածր եկամտային խմբին պատկանողները:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ տեղեկատվության աղբյուրը ևս մեծ ազդեցություն ունի դիրքորոշման վրա։ Հետաքրքիր փոփոխություն է նկատվում իշխանությունների կողմից վերահսկվող աղբյուրից՝ հեռուստատեսությունից, տեղեկատվություն ստացողների կարծիքներում։ Եթե 2017-ին նույն աղբյուրից տեղեկատվություն ստացողներն ավելի շատ հակված էին ԵԱՏՄ-ին, ապա 2019-ին, իշխանության փոփոխությամբ պայմանավորված, այդ խմբի ներկայացուցիչների մեծամասնությունը հակված է 2 կառույցներին էլ անդամակցելուն։

Հետաքրքիր է, որ եթե նախորդ տարիներին հստակ կապ կար միգրացիոն տրամադրությունների ու միջազգային կառույցներին անդամակցելուն հակվածության միջև (Եվրամիությանը՝ ՀՀ-ի անդամության կողմնակիցների թվում գերակշռում էին  արտագաղթելու ցանկություն հայտնողները), ապա 2019-ին նման կապ չի բացահայտվել։

Ընդհանուր առմամբ կտրուկ աճել է արտագաղթել չցանկացողների թիվը: Երկրի ապագայի նկատմամբ լավատեսների թիվը ևս աճել է, ինչը, ըստ մեզ, ուղղակի կապված է 2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած հասարական-քաղաքական իրադարձությունների և այդ իրադարձությունների հասարակական ընկալումների հետ: Լավատեսներն ավելի շատ են ԵՄ անդամակցությունը նախընտրողների մեջ։

Հետազոտության արդյունքներն ավելի մանրամասն ներկայացված են ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30