Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի կոնգրեսականները հոկտեմբերի 1-ին Հայաստան մեկշաբաթյա այցի շրջանակներում որոշել են նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելել

Սեպտեմբեր 19,2019 01:10

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն եւ Ֆրանք Փալոնը հոկտեմբերի մեկին Հայաստան մեկշաբաթյա այցի շրջանակներում որոշել են նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելել, ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած Ամերիկայի հայկական համագումարի միջոցառման շրջանակներում հայտարարել է Պասադենան ներկայացնող Ջուդի Չուն.

«Ես առանձնակի հետաքրքրությամբ նախատեսում եմ Արցախ այցելել, որպեսզի ինքս համոզվեմ, թե այնտեղ իրավիճակն ինչպիսին է»:

Կոնգրեսական Չուի նախաձեռնությունը, որը շուրջ մեկ ամիս առաջ ընդունվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնությամբ, նախատեսում է ղարաբաղյան շրջանում զինադադարն ամրապնդող Ռոյս-Էնգելի առաջարկի իրականացման համար 4 միլիոն դոլար հատկացնել: Այդ գումարով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղադրվելու են հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել, թե որ կողմն է խախտել զինադադարը.

«Այս միջոցներն ուղղված են խաղաղության ամրապնդմանն ու զինադադարը խախտողներին պատասխանատվության ենթարկելուն»:

Ջուդի Չուն փորձելու է նաեւ հավելյալ 6 միլիոն ուղղակի ամերիկյան օգնություն ապահովել Ղարաբաղին: Կոնգրեսականի խոսքով, նա տպավորվել էր դեռեւս գարնանը Կոնգրեսում կայացած Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպումից.

«Արցախ այցելել հատկապես շատ եմ ուզում, որպեսզի իրավիճակին ծանոթանամ, տեսնեմ, թե այնտեղ ինչ է կատարվում եւ ապագայում կարողանամ էլ ավելի լուրջ աջակցություն ցուցաբերել Արցախում խաղաղության հաստատմանը»:

Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի հիմնադիր եւ համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնի կարծիքով իրենց այցը հատկապես կարեւոր է, քանի որ ամերիկյան օրենսդիրների առաջին այցն է Հայաստան Թավշյա հեղափոխությունից հետո.

«Մեր այցի պատճառներից մեկն այն է, որ մեր խումբը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի նոր կառավարությանն ու խորհրդարանին»:

Փալոնի խոսքով, չնայած Պետքարտուղարությունն ամերիկացի օրենսդիրներին խորհուրդ է տվել խուսափել Ղարաբաղ այցելությունից, պատվիրակությունը որոշել է այնուամենայնիվ կատարել նաեւ այդ այցելությունը: Ինչ վերաբերում է Հայաստան այցելությանը, ապա դրա շրջանակներում կոնգրեսականները նախատեսում են հայաստանցի գործընկերների հետ քննարկել քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը.

«Մենք շատ խանդավառված ենք Թավշյա հեղափոխության արդյունքով։ Հայաստանն ավելի ժողովրդավար երկիր դառնալու ճանապարհին է։ Մեզ ոգեշնչում է նոր կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների իրականացման եւ երկրում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված քաղաքական կամքը»:

Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30