Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը ոչ իրավական մտածելակերպն է

Սեպտեմբեր 19,2019 10:00

Որքա՜ն արագ է փոխվում հասարակության քաղաքականացված շերտերի վերաբերմունքը հայտնի պետական գործիչների հանդեպ: Դա հրաշալիորեն երեւում է Արթուր Վանեցյանի եւ Վալերի Օսիպյանի օրինակով: «Հեղափոխականների» դեպքում գործում է «սեւ-սպիտակ-սեւ» սխեման. սկզբից Վանեցյանը կոռումպացված «կագեբեշնիկ» էր, բիզնեսմեն, ՊՊԾ գնդում ինչ-որ մութ գործեր անող, այնուհետեւ (երբ «ժողովուրդը» նրան նշանակեց ԱԱԾ պետ) նա դարձավ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, իսկ հրաժարականից հետո նրան սկսեցին բնութագրել իբրեւ մի անձնավորություն, որը լավ չէր բռնում «նախկիններին», համ էլ Մոսկվայի հետ ինչ-որ կասկածելի կապեր ունի:

«Հակահեղափոխականների» համար, ճիշտ հակառակը՝ գործում է «սպիտակ-սեւ-սպիտակ» սխեման՝ անվտանգության համակարգում անբիծ ծառայություն -իշխանության պատվերով «գործերի թխում» եւ բիզնես-սպայի պատվի արթնացում:

Նույնը՝ Օսիպյանը: Մի դեպքում՝ նա սկզբից քաղաքացիական շարժումները ճնշող «միլիցա» էր, ՊՊԾ գնդում «Սասնա ծռերի» տղաների համբերությունը չարաշահած մարդ, այնուհետեւ դարձավ ոստիկանությունում համակարգային կոռուպցիան վերացրած «ժողովրդական ոստիկանապետ», իսկ հիմա ներկայացվում է որպես նախկին կոռումպացված ռեժիմի հետ սերտաճած «անհաջող կադր»:

Երկրորդ տեսանկյունից հակառակը՝ իր պարտականությունները պատվով կատարող սպա – իշխանության պատվերը կատարող «միլիցա» – արժանապատիվ կեցվածք ունեցող գեներալ: (Քանի որ Օսիպյանն ի վերջո վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել, սեւ-սպիտակ շղթան կարող է դառնալ քառամաս):

Իրականում այս քարոզչական, քաղաքականացված գնահատականները (թե՛ դրական, թե՛ բացասական) ոչ թե 100 տոկոսով սխալ են, այլ միակողմանի են, ծայրահեղացված եւ արտացոլում են իրականության միայն մի փոքր մասը: Օսիպյանը սովորական ոստիկան է, Վանեցյանը՝ անվտանգության սովորական աշխատակից, նրանք իրենց մեջ կրում են այդ երկու համակարգերի տարիներով ձեւավորված ավանդույթները՝ թե լավ, թե վատ:

Հրաշալի է, իհարկե, որ Հայաստանի ԱԱԾ-ն վերջերս սահմանազատվեց խորհրդային «կագեբեից», ստալինյան ռեպրեսիաներից եւ բրեժնեւյան «պատժիչ պսիխուշկաներից»: Խնդիրը, սակայն, ավելի խորն է՝ ի՞նչն է հանգեցրել  այդ սոսկալի երեւույթներին: Ինձ թվում է՝ ընդհանուր պատասխանը պարզ է՝ ոչ իրավական մտածելակերպը: Արդյոք ուժային, քննչական մարմիններում, դատախազությունում այն հաղթահարվե՞լ է: Արդյոք քաղաքական վերնախավը եւ հասարակությունն ընդհանրապես դրանից ձերբազատվե՞լ են: Ինձ թվում է՝ ոչ: Մարդիկ ասում են՝ եկեք ձեւականությունների հետեւից չընկնենք, սրան գնդակահարենք, սրան բռնենք, սրան պաշտոնանկ անենք՝ ժողովուրդը դա՛ է ուզում: Այդպիսի մտածողության պայմաններում ոստիկանությունից եւ ԱԱԾ-ից դժվար է ակնկալել շատ արդյունավետ աշխատանք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30