Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես թատերային դիմահարդարումը Հայաստանում էլ վերածել լուրջ մասնագիտության

Սեպտեմբեր 19,2019 13:00

Թատերական գրիմին անդրադառնալու գաղափարը ծնվեց  վերջին շրջանում ճանաչված օպերային բարիտոն, վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանի՝ արտասահմանյան հեղինակավոր թատրոններում նրա կերտած կերպարների լուսանկարները դիտելուց հետո:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի գրեթե բոլոր թատրոններում նկատվում է թատերական գրիմից, կեղծամներից, երբեմն նաեւ բեմական հագուստից  խուսափելու միտում:

Ընդհանրապես կերպարների դիմահարդարումը, անսովոր կեղծամներն ու ճոխ հանդերձանքը բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում  առանձնակի շուք են հաղորդել թատերական, համերգային, օպերային  ու բալետային ներկայացումներին՝ ընդգծելով բեմական արվեստների տարբերությունը կյանքից, եւ առավել շեշտելով   բեմարվեստի ստեղծագործական անմրցակից մոտեցումների անգերազանցելի հմայքը:
Մեր ժամանակներում դիմահարդարում-կեղծամ հանդերձանքին հաճախ  փոխարինում են բեմական սարքավորումների տեխնոլոգիական  ֆանտաստիկ նվաճումները, որտեղ հին բեմական ձեւավորումները իսկապես կարող են խղճուկ տեսք ստանալ նոր տեխնոլոգիաների անսահման հնարավորությունների համեմատ:

«Առավոտի» հետ զրույցներում թատրոնի մարդիկ հավաստիացնում են, որ  նվաճումները, որպես կանոն` քիչ են, դրանց շուքի տակ գործունեություն ծավալողները՝ սարսափելի շատ: Արդյունքում բազում թատրոններ եւ բեմադրիչներ հենվում են իբր ժամանակակից մոտեցումների վրա եւ բեմադրում են ներկայացումներ, որտեղ ոչ գրիմ կա, ոչ կեղծամ, ոչ բեմական զգեստ եւ շատ անգամ՝ ոչ էլ բեմի ձեւավորում: Մեր զրուցակիցների որակմամբ՝ համատարած խեղճությունը ներկայացվում է իբր ժամանակակից մոտեցում, իրականում ֆինանսական եւ ստեղծագործական անկարողությունը փորձելով ներկայացնել որպես կոնցեպտուալ մոտեցում:

Ինչ վերաբերում է գրիմի եւ կեղծամի  «ասպարեզում»  աշխարհում տիրող ներկայիս վիճակին, ապա, ինչպես ամենուր, դիմահարդարման,  կեղծամների եւ բեմական զգեստների ոլորտում ժամանակակից աշխարհը նույնպես ունի բարձրակարգ, ապշելու չափ զարմանալի նվաճումներ, որոնք, սակայն, մեր թատրոններում դեռեւս տեսանելի չեն: Էլ չենք խոսում որոշ թատրոնների մեկ-երկու խաղացանկային ներկայացումների մասին, որոնք տարիներ շարունակ խաղացվում են արտիստների սեփական զգեստներով:

Մեզ հետ զրույցում օպերային հեղինակավոր թատրոնների բեմերը նվաճած Գեւորգ Հակոբյանը նախ նշեց, որ թատերային դիմահարդարի մասնագիտությունը շատ լուրջ մասնագիտություն է, հետո էլ հավելեց. «Հեղինակավոր ցանկացած թատրոնի դիմահարդար ունի համապատասխան կրթություն: Ցանկալի է, որ մեր թատրոնների դիմահարդարների համար կազմակերպվեն կատարելագործման դասընթացներ, հրավիրվեն մասնագետներ դրսից կամ մերոնք գնան դուրս կատարելագործվելու»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30