Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային ուսանող լինելու «հետեւանքները»

Սեպտեմբեր 19,2019 12:30

Երբեւիցե մտածե՞լ եք, թե ինչպիսի զգացողություն է լինել միջազգային ուսանող։ Հավանաբար՝ այո, մանավանդ եթե իմ ընկերներից եք, կամ ունեք ինձ նման ընկեր։ Եվ անխտիր բոլորը, ովքեր գոնե մի անգամ մտածել են մեր ապրումների մասին, կարծում են, թե միջազգային ուսանող լինելը ամենազվարճալի, ամենահետաքրքիր ու ամենաանմոռանալի կյանքի փորձառությունն է, որ երիտասարդը կարող է ունենալ։ Ու բոլոր այդ մարդիկ կցանկանային ամենաքիչը մեկ անգամ սեփական մաշկի վրա զգային այս հրաշալի փորձը։

Եվ այո, միջազգային ուսանող լինելը զվարճալի է, քանի որ ունես շատ ընկերներ, այն էլ տարբեր երկրներից, քանի որ գրեթե ամեն շաբաթ-կիրակի գնում ես փարթիների, քանի որ պետք չէ անհանգստանալ ճիշտ ժամանակին տուն վերադառնալու համար։ Միջազգային ուսանող լինելով՝ ձեռք ես բերում այնպիսի գիտելիք եւ հնարավորություններ, որոնք հայրենիքում դժվար թե ստանայիր։ Ձեռք ես բերում պատասխանատվության բարձր զգացում, պունկտուալություն, սկսում ես ճանաչել ինքդ քեզ եւ վերջապես՝ կամա թե ակամա հասունանում ես։ Այս ամենը հրաշալի է հնչում, այդպես չէ՞։

Բայց կան մի շարք այլ բնորոշներ, որոնց մասին քչերն են խոսում։

Առաջին անգամ տնից հեռու, դժվար է հարմարվել գրեթե ինչ-որ բանի ընդհանրապես։ Պահանջվում է ժամանակ՝ տնից հեռու ապրելուն հարմարվելու համար։ Տան ուտեստը, պահարանները, պատշգամբից բացվող արեւածագը, մահճակալդ, նույնիսկ թեյի բաժակը, եւ մնացած բոլոր անշունչ եւ շնչավոր իրերը, որոնց արժեքը երբեւէ իսկապես չես գնահատել, սկսում ես կարոտել մի անբացատրելի սիրով։ Բայց դա խնդիր չէ, կանցնի ընդամենը մի քանի ամիս ու ամեն ինչ կընկնի իր տեղը։ Այո, ամեն ինչ կընկնի իր տեղը մի քանի ամսից։ Իսկ հետո մի երկու ամիս էլ կանցնի, կսկսվի արձակուրդ ու դու պետք է վերադառնաս տուն։ Ահա մեծ սպասումներով ու հուզմունքով վերադառնում ես, սակայն մի ուրիշ դատարկություն է քեզ սպասում, որովհետեւ քեզանից բացի, ոչինչ չի փոխվել տանը՝ ամեն ինչ ճիշտ նույնն է, նույնիսկ քո դարակի գրքերի հերթականությունը։ Կարծես ուղղակի ինչ-որ ժամանակ է անցել ու դու բաց ես թողել այս ժամանակահատվածը կյանքիցդ։ Եվ ահա այսպես կյանքդ բաժանվում է երկու մասի։ Ունես երկու տուն, կամ ընդհանրապես այլեւս չունես, ունես երկու իրարից բոլորովին տարբեր ընկերական շրջապատ, մի խոսքով, սկսում ես բաժանվել երկու մասի, երկու իրարից բոլորովին տարբեր «ես»-ի, ու կորցնում ես քո իսկական «ես»-ը։

Հրաժեշտ տալը տարբեր մարդկանց դառնում է սովորություն, կամ էլ դու ես դառնում սառնասիրտ, քանի որ բախտավոր ժպիտով հրաժեշտ ես տալիս նույնիսկ նրանց, որոնց գիտես, էլ երբեք նորից չես հանդիպի։

Սկսում ես ծանոթանալ հեռախոսիդ թերությունների հետ։ Հասկանում ես, որ չես կարող փոխանցել քո բոլոր հուզմունքները ընտանիքիդ, մայրդ չի կարող փոխանցել նոր եփած ճաշի հոտը, իսկ ընկերուհիդ վերջին բամբասանքը ամաչում է պատմել հեռախոսով։

Այսպես անցնում է երեք-չորս տարի, եւ վերջապես վերադառնում ես տուն՝ մեծ ակնկալիքներով, բարձր մոտիվացիայով ու հույսերով։ Բայց ամեն ինչ, ինչպես միշտ, քո պատկերացրածից տարբերվող է, այս անգամ շատ ավելի բացասականորեն։ Փաստորեն, ընտանիքդ հարմարվել է առանց քեզ կենսակերպին, ընկերներդ վաղուց փոխարինել են քեզ ուրիշ մեկով, իսկ մոտիկ ընկերուհուդ այլեւս չես հասկանում։ Մտածում ես՝ ժամանակը ամեն ինչ կուղղի։ Բայց անցնում է ժամանակ ու դու դեռ աշխատանք չես գտել, չես կարողանում ընկերներ ձեռք բերել, մայրդ էլ քեզ երբեք չի լսում, սկսում ես կարոտել հին ուսանողական օրերը։

Ու ահա այսպես հավերժ մնում ես պանդուխտ։

Սյուզանա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ          

Իսրայելի միջերկրածովյան միջազգային դպրոցի ուսանող

«Առավոտ» օրաթերթ
18.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30