Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղավիացիայի ոչ իրավաչափ անգործության հետեւանքով ընտանիքին պատճառվել էր գույքային վնաս

Սեպտեմբեր 19,2019 13:30

«Զվարթնոց» օդանավակայանի հանրակացարանները քանդվել էին եւ դրա փոխարեն հանրակացարանում բնակվող մորը եւ որդուն Երեւանում տրվել է 42.1 քմ մակերեսով բնակարան՝ 64 քմ-ի փոխարեն: Քաղավիացիայի ոչ իրավաչափ անգործության հետեւանքով այս ընտանիքը զրկվել էր 64 քմ մակերեսով բնակարան ստանալու իրավական հնարավորությունից, նրանց պատճառվել էր գույքային վնաս՝ բնակարանի 64 քմ եւ 42.1 քմ-ի տարբերության շուկայական արժեքի չափով։

Իսկ հանրակացարանները քանդվել էին Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 392-Ն որոշմամբ հաստատված՝ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարչի կողմից ներկայացված, «Մաստեր պլանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1510-Ն որոշման հավելվածի 6.4.4 կետի համաձայն. «Համաձայն կոնցեսիոն պայմանագրի՝ օդանավակայանում պետք է բնակիչներ չլինեն մինչեւ այն կոնցեսիայի հանձնումը։ Օդանավակայանի տարածքում գտնվող երկու բարձրահարկ շենքերը եւ երկու հանրակացարանները ենթակա են քանդման։ Բնակիչների բնակարանային խնդիրը լուծելու նպատակով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պատրաստ է նրանց համարժեք փոխհատուցում տրամադրել` իր ծախսերով շենք կառուցելով կամ Մալաթիա-Սեբաստիա, կամ Աջափնյակ համայնքներից որեւէ մեկում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերը նշված նպատակով օրենքով սահմանված կարգով համապատասխան տարածք տրամադրի «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին»։

Վարչական դատարանի դատավոր Ս. Հովակիմյանի որոշմամբ Գոռիշխան եւ Հռիփսիմե Իշիկյանների հայցը բավարարվել է։

Ոչ իրավաչափ է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից Իշիկյաններին` որպես մեկ ընտանիք «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանում երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցուցակում չհաշվառելը (անգործությունը)։

Հայցվորները դատարանին հայտնել էին, որ 1994-ից հանդիսանալով մայր եւ որդի, որպես մեկ ընտանիք, բնակվել են «Զվարթնոց» օդանավակայանի հանրակացարանների «Ց» մասնաշենքի թիվ 305-րդ սենյակում։

2007 թվականին իրենց հարեւանությամբ բնակվող մեկ այլ ընտանիք, որոնք միաժամանակ զբաղեցնում էին նույն մասնաշենքի թիվ 306-րդ եւ 310-րդ սենյակները, երբ որ մշտական բնակության համար տեղափոխվեցին այլ վայր, այդ սենյակներից մեկը` 310-ը, սկսեց զբաղեցնել իրենց մյուս հարեւաններից մեկը, իսկ 306-րդ սենյակը այդ պահից սկսած մինչ այժմ փաստացի զբաղեցնում եւ այդտեղ բնակվում է որդին՝ Գոռիշխան Իշիկյանը։ Որդին դպրոցական էր, սովորում էր Երեւանում, նշյալ տանը ուսման եւ պարապմունքների ժամանակահատավածում չի գտնվել: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ցերեկային ժամերին կատարված ստուգայցերի ժամանակ 306-րդ սենյակի դուռը եղել է փակ, բնականաբար, նրանք  չեն կարողացել այդ սենյակում տեսնել Գոռիշխանին: Դա էլ պատճառ է դարձել, որ եզրակացնեն, որ 306-րդ սենյակում որեւէ մեկը չի բնակվում, եւ հայցվորի ընտանիքին ընդգրկել է որպես մեկ սենյակ զբաղեցնող բնակիչների ցանկում, նոր կառուցվող բնակելի շենքում հատկացվել է ավելի քիչ բնակելի մակերես ունեցող բնակարան, քան կհատկացվեր, եթե համահայցվորներին ընդգրկած լինեին երկու առանձին սենյակներ զբաղեցնող բնակիչների ցանկում։

Դատարանում առկա էին հարեւանների կողմից տրված հայտարարությունները, վկայությունները: Նրանք պնդել էին, որ մայրը եւ որդին տասնյակ տարիներ է, ինչ բնակվում են այդ հանրակացարանում, իսկ երբ հարեւանների կողմից թիվ 306-րդ սենյակը ազատվել է,  այդտեղ փաստացի մինչ օրս բնակվել եւ բնակվում է Գոռիշխանը:

Պաշտոնական փաստաթղթերի մեջ առկա էր ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի 13.03.2013 թվականի տեղեկանքը, համաձայն որի` Գոռիշխան Իշիկյանը փաստացի բնակվում է «Զվարթնոց» օդանավակայանի հանրակացարանի թիվ 306 սենյակում։ Գոռիշխանի անձնագրում վերահաստատվում է այդ հանգամանքը. նա հաշվառված է ք. Երեւան, «Զվարթնոց» օդանավակայանի «Ց» մասնաշենքի 306-րդ սենյակում։

Ի դեպ, հայցվորները կատարել են կոմունալ վճարումներ՝ զբաղեցնելով տվյալ հասցեն:

Մինչ այդ հայցվորի եւ պատասխանողի միջեւ կնքվել են մի շարք համաձայնագրեր եւ պայմանագրեր, համաձայն որոնց՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող բնակելի  եւ հանրակացարանների շենքերը քանդվելու են, իսկ այդտեղի փաստացի բնակիչներին այլ վայրում նոր կառուցվող շենքերում հատկացվելու են համապատասխան բնակտարածքներ։

Կազմվել է վերաբնակեցման մասին համապատասխան ամփոփագիր, որը հաստատվել է նաեւ կառավարության կողմից, ըստ որի՝ այն բնակիչները, որոնք հանրակացարաններում փաստացի զբաղեցնում են 2 առանձին սենյակներ, նրանց հատկացվում է 64 քմ ընդհանուր մակերեսով բնակարան, որն ունի երկու ննջասենյակ եւ այլ հարմարություններ։ Այնինչ քաղավիացիան հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորները հանդիսանում են տարբեր սեռի անձինք եւ մոտ յոթ տարի է, ինչ հանրակացարանում զբաղեցնում են երկու առանձին սենյակներ, եւ նրանց հասանելիքի փոխարեն առաջարկում են ընդամենը 40 քմ ընդհանուր մակերեսով բնակարան, որն ունի ընդամենը մեկ ննջասենյակ եւ այլ հարմարություններ։

Պատասխանող` ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացրել է նախկին հանրակացարանների փաստացի բնակվող բնակիչների վերաբերյալ ուսումնասիրություն։ Փաստացի բնակվող բնակիչների ցանկը կազմելու համար կատարվել են ստուգայցեր, որոնց արդյունքում կազմել են այն բնակիչների ցուցակները, որոնց հետ պետք է կնքվի անհատույց սեփականության իրավունքով բնակարանի տրամադրման մտադրությունների մասին համաձայնագրեր։

ԿԱ ՔԱԳՎ-ի կողմից ձեւավորված հանձնաժողովի կողմից հայցվորը չէր ընդգրկվել այն բնակիչների ցանկում, որոնք հանրակացարանում փաստացի զբաղեցնում են երկու սենյակներ, այն պատճառաբանությամբ, որ հանրակացարան այցելելու ժամանակ բնակիչը չի գտնվել թիվ 306 սենյակում։

Իշիկյանները դիմել են պատասխանողին, որպեսզի ընտանիքի անդամներին որպես երկու առանձին սենյակներ զբաղեցողների նոր կառուցվող շենքում տրամադրվի երկու ննջասենյակ ունեցող եւ 64 քմ ընդհանուր մակերեսով բնակարան, սակայն իրենց այդ պահանջը մերժել էին, այդ պատճառով դիմել էին դատարան:

Ըստ պատասխանողների, այս գործով հարեւանների հայտարարությունները բավարար հիմք չեն ապացուցելու համար այն փաստական հանգամանքները, որ նրանք զբաղեցրել են հանրակացարանի մեկ այլ սենյակ էլ: «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նախկին հանրակացարանների բնակիչները այդ տարածքների նկատմամբ չեն ունեցել սեփականության կամ օգտագործման` օրենքով սահմանված կարգով գրանցված իրավունքներ եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու կոնցեսիոները որեւէ կերպ ծանրաբեռնված չեն եղել նշված տարածքներում հաշվառված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու պարտավորությամբ։ Գլխավոր վարչությունը բազմիցս պատասխանել է հայցվորների դիմումներին եւ հարցումներին` նախկին հանրակացարաններում Գոռիշխան Իշիկյանի` 306-րդ սենյակում բնակվելու հանգամանքի վերաբերյալ. «Հայցվորները բազմիցս դիմել են գլխավոր վարչությանը նաեւ այնպիսի պահանջներով, որպիսիք դուրս են գլխավոր վարչության իրավասության սահմաններից, օրինակ, տրամադրել նրանց ավելի մեծ բնակմակերես ունեցող բնակարան, քան այն է, որը նրանք փաստացի ստացել են նորակառույց բազմաբնակարան շենքերում։ Գլխավոր վարչությունը, ինչպես արդեն իսկ նշվեց, նախկին հանրակացարանների քանդման, բնակիչների ցուցակագրման, նրանց նոր բնակարանների տրամադրման եւ տեղափոխման ամբողջ գործընթացում իրականացրել է միայն բնակիչների ցուցակագրում»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30