Լրահոս
Օրվա լրահոսը

Չպետք է թույլ տալ, որ անցյալը մեզանից քարացած արձաններ կերտի

Սեպտեմբեր 19,2019 15:00

Չպետք է թույլ տալ, որ անցյալը հաղթի մեզ

Անցյալի հետ կռիվը մեր երկրորդ սիրտն է դարձել. այն գնալով էլ ավելի արագ է բաբախում մեր մարմնում՝ դառնալով մեր քաղաքական միտքն ու գիտակցությունը սնուցող միակ չխցանված զարկերակը։ Ստացվել է այնպես, որ անկախության մեր գրեթե ողջ ընթացքը, նրա քաղաքական ռիթմը բանավեճ ու անհաշտ դիմակայություն է այսօրվա ու անցյալի միջեւ՝ վերածվելով քաղաքական կենսակերպի։ Հայտնվել ենք մի սարդոստայնում, որտեղ ապագայի մասին մտածումների ազատ տեղ չկա. այդ արատավոր տեղապտույտում անցյալի շուրջ կռիվը, անհամաձայնությունն ու աղմուկը խլացրել է ապագայի ձայնը։ Երեւի չենք էլ արձանագրում, որ այն, ինչ ունենք այսօր, իրականում, այնքան էլ նոր բան չէ։ Լավ, թե՝ վատ, այդպիսին է եղել մեր վերջին երեսուն տարվա ընթացքը՝ կարճ ու մի փոքր ավելի ընդարձակ դադարներով։

Անկեղծ լինենք՝ այսօր այն իր ամենակուլ ընթացքի մեջ է. գործող իշխանությունների եւ Հայաստանի վերջին քսան տարիների իշխանությունների կոշտ դիմակայությունն այս ամենի խտացված արտահայտումն է միայն։ Մտովի հետ քայլենք՝ կարձանագրենք, որ այն, ինչ ունենք այսօր, նույն երեւույթի ընդամենը կրկնությունն է, նրա ամենաթարմ դրսեւորումը միայն։ Արձանագրենք՝ անցյալ տարի մեր երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, գեներացված ահռելի էներգիան, հանրային աննախադեպ աջակցությունը, անցյալի դասերը թվում է, թե անհրաժեշտ այն առավելագույնն էր, ինչը թույլ կտար իշխանություններին հայացքն ապագայի վրա, բացառապես ապագայի վրա սեւեռել։ Այսօր արդեն շատերին է տեսանելի, որ այդ բացառիկ հնարավորությունը, ցավոք, ձեռքից բաց է թողնվել։

Ի՞նչ ունենք հիմա։ Մի կողմից հանրային համաձայնություն, որ վերադարձը հնին, վերադարձը անցյալին ու նրա բովանդակությանը պիտի բացառվի։ Մյուս կողմից այն, որ գործող իշխանություններն այս կարճ ընթացքում, ցավոք, հասցրեցին ապացուցել, որ անցյալի հնարավոր լավագույն այլընտրանքը չէին։ Մի կողմից՝ ոտքով-գլխով, ուղնուծուծով անցյալում մխրճված, անցյալի հետ իր հաշիվները պարզող իշխանություններ, մյուս կողմից՝ հանրային աճող մտահոգություններ ու ափսոսանք։ Ժամանակն առաջ է գնում, ինչի հետ փաստացի անցյալն ավելանում է, ապագան՝ նվազում, երկրի հնարավորությունները մաշվում են, իսկ հասարակության ափսոսանքը՝ աճում։

Նրանք, ովքեր մտածում են, թե հնարավոր է վերադառնալ անցյալին ու դրա բովանդակությանը, իսկապես լավ չեն ըմբռնել ո՛չ նախորդ տարվա իրադարձությունների իմաստը, ո՛չ հետանկախական մեր ընթացքն են իմաստավորել այնպես, ինչպես հարկն է ու ո՛չ էլ զգում են ժամանակի շունչը։ Ու պիտի անկեղծություն ունենանք՝ արձանագրելու, որ անցյալին ու դրա բովանդակությանը վերադարձի մտայնությունը ուղիղ արդյունքն է նախեւառաջ գործող իշխանությունների կողմից անցյալի հետ լավ չմտածված, ինքնանպատակ, անհաշտ ու խորացող դիմակայության։ Հետեւանքն է իրական՝ հայացքն ապագային ուղղած առաքելության բացակայության, նման հորիզոնի չգոյության։

Այստեղ է, որ ծայրահեղությունների մի փոթորկոտ օվկիանոս է բացվում. ուրեմն, ռացիոնալ գնահատման փոխարեն պետք է ստվերել ու սեւացնել մեր երեկվա իսկ անցյալը որքան ուժ ունենք, որքան դա հնարավոր է։ Ուրեմն պետք է այսօրը հակադրել երեկվան, երեկվա մի էջը՝ նրա մյուս էջին ու այսպես շարունակ։ Ուրեմն պետք է ապացուցել, որ այն, ինչ եղել է երեկ՝ եղել է սխալ։ Ուրեմն պիտի քարոզել, որ մեզանից առաջ բոլորը թալանչիներ էին, նրանք ցանկանում էին քանդել ու վերացնել մեր պետականությունը, դատարկել Հայաստանը, ծախել Արցախը ու այսպես շարունակ։ Կանգ առնել է պետք։ Մենք, այո, բոլորս էլ անցյալից ենք գալիս, բայց նրա պատանդը չպիտի դառնանք։ Անցյալն էլ իր հերթին իր անաչառ ու իրական արժեւորումն է ուզում՝ զերծ օրվա քաղաքական նպատակահարմարությունից ու հետահայաց դիմակայությունից։ Հետպատերազմյան Ճապոնիայում ժողովրդավարացմանը զուգահեռ կայսերական ինստիտուտը պահելու այլ բացատրություն ու հիմնավորում չկար՝ անցյալը պիտի կամրջվեր ապագայի հետ։ Պատմությունն ապացուցեց, որ ճապոնացիները այդ հարցում եւս ճիշտ էին մտածում։  Այո, վերադարձ անցյալին ու նրա բովանդակությանը չի լինելու, սակայն դրա իրական երաշխավորումը անցյալի քննադատական, անաչառ, արժանապատիվ ու հանդարտ գնահատումն է, դրա սառնասիրտ երանգավորումն է, նրա գիտակցված կամրջումն է ապագային, այլ ոչ թե նրա ոլորաններում մոլորվելը։

Մեզ դո՞ւր է գալիս այն, ինչ ունենք այսօր։ Չխաբենք միմյանց. մեզ այն դուր չի գալիս։ Մեզ իրականում դուր չի գալիս, որ մեր երեք նախագահներն ու նրանց վարչակարգերը, խոշոր հաշվով, շարունակում են մնալ չգնահատված, կամ ինչպես հարկն է չգնահատված, յուրաքանչյուրը՝ յուրովի, յուրաքանչյուրը՝ մեր հասարակության այս կամ այն խմբի կողմից, յուրաքանչյուրն՝ այս կամ այն կերպ, յուրաքանչյուրը՝ ժամանակի այս կամ այն հանգրվանում։ Նույնը ընդդիմության առաջնորդների, նրա առանցքային դեմքերի պարագայում է։ Այսպես չի կարելի։ Այսպես պետականության լավ ավանդույթներ չենք սերմանում։ Պետք է ազնվություն ունենալ ու արձանագրել, որ իներցիայով թելադրված ու այսօր իր թռիչքն ապրող հետահայաց կռիվն ու դիմակայությունն է նաեւ, որ սնուցում է ռեւանշիզմը, սնուցում է այսօրվա ու երեկվա ինքնանպատակ դիլեման, մինչդեռ մենք երազանք ունենք՝ ապրելու ավելի լավ ապագայում։

Երեք տասնամյակներ խտացած մեր քաղաքական հարացույցը մեզ կործանարար բանաձեւ է պարտադրում՝ մեզ համար լավը նա է, ում մենք դեռ չենք ճանաչում։ Նա, ում ճանաչում ենք՝ արդեն վատն է։ Վատն են Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը, նրանց հետ աշխատած բոլորը։ Ճիշտ այնպես, ինչպես շատերի ընկալումներում լավն է այն երկիրը, որն իրենց անծանոթ է, որտեղ իրենք չեն ապրում, որտեղ ամեն բան այլ կերպ է արվում, որտեղ ամեն բան դրականորեն տարբեր է, մինչդեռ իրականությունը շատ հաճախ լրիվ այլ է։ Իսկ նա, ում մենք դեռ չենք ճանաչում, նա էլ անխուսափելիորեն կդառնա վաղը վատը, երբ իր ժամանակը կգա։ Շոշափենք հանրային տրամադրությունները ու կարձանագրենք, որ, արդեն վատն է նաեւ Փաշինյանն ու նրա թիմը։ Անկեղծ լինենք՝ բոլորս էլ միշտ չբարձրաձայնված մի յուրահատուկ ցավ ենք ապրել ու այսօր էլ նույն ցավն ենք ապրում, երբ այս կամ այն իշխանության օրոք կամ նրա կազմում իր պետությանը կամ իր քաղաքական թիմին անշահախնդրորեն ծառայած, պարկեշտ ու իր գործի պրոֆեսիոնալ, հայրենասեր մասնագետները, նաեւ շատ նախկին պաշտոնյաներ ու գործիչներ նույն հետահայաց քաղաքական դիմակայության հորձանուտի զոհերն են դառնում՝ մնալով չգնահատված, անտեսված, երբեմն էլ՝ անտեղի քարկոծված։ Խոսքն էլ մեկ-երկու տասնյակ մարդկանց ու մասնագետների մասին չէ, ինչի շռայլությունը անգամ մարդկային մեծ ռեսուրսներ ունեցող երկրները իրենց թույլ տալ չեն կարող։

Մինչդեռ իրականության մեջ բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի ունեցած խնդիրներն այնքան շատ են, մեր ձգտումներն ու երազանքներն էլ՝ այնքան հեռուն գնացող, որ առանձին վերցրած ոչ մի քաղաքական թիմ այսօր միայն իր մարդկային ռեսուրսներով ի զորու չէ՝ գնալու այդ խնդիրների լուծման իրական ճանապարհով։ Բարի ցանկությունը՝ ցանկություն, սակայն անցյալի շուրջ խորացող կռիվը դա ոչ միայն անհնար է դարձնում, այլեւ ժամանակի հետ էլ ավելի է ջլատում հանուն մեր պետության առաջընթացի լավագույն կադրերին համախմբելու իրական հնարավորությունը։ Մենք՝ բոլորս, դա տեսնում ենք, հասկանում ենք, բայց լռելյայն ընդունում ենք մեր անզորությունը՝ դեմ առ դեմ կանգնելու ու ճեղքելու հետահայաց քաղաքական դիմակայության այդ կործանարար շղթան՝ մեր այդ անզորությունը փաթեթավորելով ինչով ասես, միայն թե կոծկենք, քողարկենք մեր թունավորված գիտակցությունն ու կամքի բացակայությունը։ Անցյալն ինքնին չի կարող մեզ բաժանել, չի կարող մեզ թուլացնել, եթե մենք ինքներս դա թույլ չտանք։ Չպետք է թույլ տալ, որ անցյալը մեզանից քարացած արձաններ կերտի։ Չպետք է թույլ տալ, որ անցյալը հաղթի մեզ։  Չպետք է թույլ տալ, որ անցյալը վախեցնի մեզ. այն մեզ պիտի միայն համախմբի ու ուժեղացնի։

Էլի անկեղծ լինենք. այդ նույն անցյալի հետ չպարպվող կռիվն ու դիմակայությունն է, որ տասնամյակների ընթացքում մաշեցրել է մեր առանց այդ էլ սահմանափակ ռեսուրսը՝ համախմբվելու հանուն ինչ-որ բանի, հանուն այն ամենի, ինչ կարող է վերաբերել ապագային։ Ու երբեմն այդ իներցիան այնքան հզոր է, որ անգամ գործող իշխանությունները, տարիուկես առաջ ունենալով աննախադեպ հանրային աջակցություն, այդպես էլ չկարողացան իրենց դուրս դնել անցյալի այդ փակ ցիկլից՝ խոշոր հաշվով մխրճվելով ու մնալով այդ անցյալում, իրենց հետ անցյալակենտրոն դիմակայության պատանդը դարձնելով երկիրն էլ, նրա քաղաքական օրակարգն էլ։    Որքա՞ն կարող ենք անցյալի էջերը թերթ առ թերթ շրջել, պտտվել նրա ամեն մի սենյակում, կանգնել նրա ամեն մի կանգառում ու խաչմերուկում, անդադար քայլել նրա բոլոր փողոցներում, քայլել այնքան, մինչեւ բոլորս կմոլորվենք ու կմնանք այնտեղ կանգնած՝ իր ճանապարհը կորցրած ու մոլորված, իր հերթական փրկչին սպասողի մանկամիտ դերում։

Անցյալին վերադարձ չի լինելու, ու հենց դրա համար էլ մեզ պետք է իրական հեղափոխություն։ Անցյալին վերադարձ չի լինելու, ու հենց դրա համար էլ մեզ պետք է հեղափոխություն՝ դեպի ապագա։

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30