Զորավարժությունների ու բանակցությունների արանքում
Սեպտեմբերի վերջին մեկնարկելու է ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 74-րդ գագաթաժողովը, որին կմասնակցի նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հնարավո՞ր է, որ գագաթաժողովին հանդիպում տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն օրերս պատասխանել է. «Համանախագահների կողմից եղել է հանդիպում կազմակերպելու առաջարկ։ Կողմերը համաձայնել են։ Իսկ թե որտեղ եւ ինչ ժամկետներում կլինի հանդիպումը, կհայտարարվի համաձայնեցված կարգով»։
Որոշակի դադարից հետո՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են: Այս ընթացքում կողմերն իրենց հրապարակային հայտարարություններով, կարելի է ասել, ավելի են ամրացրել իրենց դիրքերը: Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարությունից հետո Բաքվից որոշակի անհանգիստ շարժումներ նկատվեցին: Ադրբեջանից իշխանությունների հայտարարությունները վկայում են, որ այնտեղ ընկալում են, որ Փաշինյանից անհարկի զիջումներ ակնկալելը անտեղի է:
Օրերս Փաշինյանը կրկին անդրադարձավ Արցախի թեմային, արձանագրելով, որ Հայաստանն ու Արցախը սպառնալիքների ներքո չեն գնալու խնդրի կարգավորմանը: Եթե Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, այսինքն՝ եթե միայն Ղարաբաղն ընդգրկվի Ադրբեջանի կազմում, եթե իրենց սկզբունքն այդպես կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչվող է, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում իր հնչեցրած այդ հայտարարությունը ծավալուն քննարկումների առիթ է դարձել:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ Ստեփանակերտում իր արած հայտարարությունը մեծ ու բուռն քննարկումների առիթ տվեց, բայց օգոստոսի 5-ի հայտարարությանը նախորդել էր մարտի 12-ի հայտարարությունը, որտեղ ինքն ասել էր, որ հայկական կողմը պետք է ստանա պարզաբանումներ, թե ինչ են նշանակում Մադրիդյան սկզբունքները, որն է Մադրիդյան սկզբունքների ընձեռած հնարավորությունների ամպլիտուդը, մասնավորապես՝ Ղարաբաղի կարգավիճակի առումով, որից հետո կարող են ասել՝ սկզբունքներն ընդունելի են, թե ոչ: «Հաջորդ հարցը, որը բարձրաձայնել եմ, այն է՝ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես եղել եմ առաջին ՀՀ ղեկավարը, որը հայտարարություն է արել, նաեւ խոսելով Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելի լինելու մասին, ինչի համար Հայաստանում քննադատվել եմ: Եվ ես նաեւ ուղիղ ասել եմ, որ համանման հայտարարություն ակնկալում եմ նաեւ Ադրբեջանի իշխանությունից: Իմ այդ հայտարարությունից անցել է մեկ տարի, բայց Ադրբեջանի ղեկավարությունը համանման հայտարարություն չի արել, եւ փոխարենն ասել է՝ խնդիրը կարող է լուծվել մեկ սկզբունքով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մինչդեռ Մինսկի խմբի համանախագահների հետ ոչ պաշտոնական քննարկումների ընթացքում ասվել է, որ բանակցությունները ենթադրում են, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր՝ ընդհուպ՝ Ադրբեջանի կազմից դուրս,- ասաց Փաշինյանը՝ նշելով,- եթե Ադրբեջանն ասում է, որ միայն մեկ տարբերակ կա՝ վերոնշյալը, ապա մենք կարող ենք արձանագրել, որ եթե իրենց սկզբունքն այդպես կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ պետք է լինի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»:
Ըստ էության, Փաշինյանն արդեն առանց բանակցությունների պատասխանում է Ալիեւին, որոշակիորեն թելադրելով հնարավոր բանակցային օրակարգ, թե ինչի շուրջ կարող է ծավալվել խոսակցությունը, եթե Ադրբեջանը շարունակի ցուցաբերել ոչ փոխզիջումային կեցվածք:
Ղարաբաղյան բանակցային գործընթացում ներկայիս մթնոլորտի շուրջ իր տեսակետներն է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբում նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալ Մեթյու Բրայզան: Նա «168 ժամին» տված հարցազրույցում ասել է. «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն վարչապետ Փաշինյանի մտադրությունների հարցում: Ես գիտեմ, որ Բաքվի ամենաբարձր իշխանությունները ցանկանում են առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած՝ արդյո՞ք վարչապետ Փաշինյանը կկարողանա արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները: Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը եւ ճնշում է վարչապետ Փաշինյանին»: Այնուհետեւ, նա հավելել է. «Սա միայն ներկայի խնդիր չէ, այլ անցյալ 20 տարիների, երբ Տեր-Պետրոսյանը մոտ էր բեկմանը եւ հայտնվեց հսկայական ճնշումների ներքո, որին հետեւեց ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, այնուհետեւ Սարգսյանի կառավարման օրոք մի քանի տարի առաջ եւս կար իրավիճակ, երբ կողմերը մոտ էին բեկման՝ Պուտինն ապրիլյան պատերազմից հետո ներկայացրել էր ուշագրավ առաջարկներ, որին հետեւեց ՊՊԾ գնդի գրավման ճգնաժամը: Նույնը, ըստ իս, ներկայումս է տեղի ունենում, երբ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է շարունակվում, Ղարաբաղյան խումբը չափազանց ակտիվ է, եւ կարծում եմ՝ նրանց աջակցում են շրջանակներ ԱՄՆ-ում, ինչպիսին Հայ Դատի հանձնախումբն է, որը չի ցանկանում կարգավորում եւ միշտ է ընդդիմացել դրան՝ անկախ նրանից, թե մենք ինչպես ենք փորձել առաջընթաց ապահովել: Մշտապես եղել են հակահայկական ալիքի մեջ: Քեն Խաչիկյանը Սերժ Սարգսյանին նույնիսկ դավաճան էր անվանում: Կարծում եմ, նույնը տեղի է ունենում Փաշինյանի հետ, նորություն այս ամենում չկա»:
Ըստ էության, Բրայզան, որը մոտ է կանգնած ադրբեջանական իշխանություններին, հստակ նկատել է, որ ադրբեջանական կողմում հույս ունեին Փաշինյանից զիջումներ ստանալ, սակայն Հայաստանում, ինչպես իր նախորդները, ճնշումների է ենթարկվում: Ուշագրավ է, Բրայզայի կողմից ապրիլյան պատերազմից հետո Պուտինի կողմից ներկայացված առաջարկի մասին հիշատակումը:
Ի դեպ, ամերիկացի նախկին համանախագահն անդրադարձել է նաեւ Մադրիդյան փաստաթղթին, հավելելով, թե չգիտի այս պահին ինչի շուրջ են բանակցությունները. «Մադրիդյան սկզբունքներն ամենահամապարփակ, տրամաբանական, ամենալավ շրջանակն են, ըստ իս, ԼՂ հակամարտության կարգավորման համար, դա հիմնարար համաձայնագիր է նախագահ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ, որը նրանք այդպես էլ չկարողացան ավարտին հասցնել: Ամենակարեւոր հարցն այն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով, միեւնույն ժամանակ՝ ԼՂ-ն ունենալու է ժամանակավոր կարգավիճակ»: Նա, ըստ էության, անուղղակիորեն ակնարկել է, որ չգիտի, արդյոք՝ Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր եւ վերջնական կարգավիճակի սկզբունքներն այսօր պահպանվո՞ւմ են, թե՞ ոչ:
Անդրադառնալով Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությանը, Փաշինյանը Վանաձորում ասել է, որ եթե այդքան հեշտ էր հիմնախնդիրը լուծելը, Բրայզան համանախագահ եղած ժամանակ կլուծեր: «Բրայզայի ասելով չի: Իմիջիայլոց, Բրայզան ի՞նչ է աշխատում, այնքան նախկին դեսպաններ կան, ճշտենք՝ ինչ է աշխատում Բրայզան, գուցե իր համար ավելի հարմար զբաղմունք կա, որովհետեւ երբ ինքը համանախագահ էր, դրանից շատ ջրեր են հոսել: Ինքը համոզվա՞ծ է, որ ամեն ինչին բավարար չափով տիրապետում է: Ես, օրինակ, համոզված չեմ»,- նկատել էր Փաշինյանը:
Նկատենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս ընթացքում զորավարժությունների են նախապատրաստվում: Հայաստանում լայնածավալ հրամանատարամասշտաբային զորավարժությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը: ՀՀ զինված ուժերն աննախադեպ ծավալի ռազմավարական զորավարժություն կանցկացնեն, տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Զորավարժությունները նախատեսվում է անցկացնել ՀՀ ողջ տարածքում։
Իսկ Ադրբեջանում արդեն իսկ մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ՝ զորքերի, ռազմական տարբեր միավորումների եւ կազմավորումների ներգրավմամբ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զորավարժություններին մասնակցում է մինչեւ 10 հազար զինծառայող, ավելի քան 100 միավոր տանկ եւ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 120 հրթիռային եւ հրետանային համակարգեր, ականանետներ, մինչեւ 20 միավոր բանակային եւ առաջնային ավիացիա, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.09.2019