Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարապետյան ընտանիքի մեկենասությամբ բացվեց հիմնանորոգված Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրը

Սեպտեմբեր 18,2019 23:20

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում այսօր հանդիսավոր պայմաններում վերաբացվեց Վեհարանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրը։ Լրագրողները շրջեցին հիմնանորոգված եւ կահավորված Վեհարանում:

Վեհարանը, որը գրեթե մեկ դար առաջ կառուցվել է մեծանուն Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ, այսօր արդեն վերանորոգված տեսքով իր դռներն է բացում գործարար եւ բարեգործ Սամվել Կարապետյանի եւ նրա ընտանիքի բարերարությամբ: Կարապետյանների ընտանիքն ամբողջությամբ ստանձնել է Վեհարանի նորոգման ծրագիրը:

Վեհարանի հիմնարկեքի արարողությունը կատարվել է 1910 թվականին՝ Մատթեոս Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվել են 1914 թվականի՝ Տ. Տ. Գեւորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության ժամանակ:

Վեհարանի նորոգման աշխատանքները մեկնարկել են 2009-2010 թվականներին, որն իր ավարտին է հասել 2019-ին:


Վեհարանին կից  կառուցվել է ամբողջությամբ նոր հանդիսությունների սրահը, միջանկյալ հատվածում էլ՝ Սրբոց Հայրապետաց մատուռը՝ որպես առանձնակի աղոթքի վայր Ամենայն Հայոց Կաթողիկոսի համար: Ժամանակակից տեխնիկական հնարավորություններով, համաժամանակյա թարգմանության սարքերով հագեցած հանդիսությունների սրահում տեղ են գտել Էջմիածնի հիմնադրման եւ Հայրապետական աթոռի՝ Էջմիածնում 1441 թվականին վերահաստատման հարթաքանդակները:

Ինչպես Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանն ասաց, հանդիսությունների սրահում կազմակերպվելու են սիմֆոնիկ համերգներ, այլ միջոցառումներ: Սրահը  կարող է հյուրընկալել 650 այցելուի:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովրդի եւ իր կողմից գնահատանքի եւ շնորհակալության խոսք ուղղեց Կարապետյանների ընտանիքին՝ նշելով, որ աղոթք են բարձրացնում բարերարի ողջ ընտանիքի համար մաղթելով, որպեսզի Տերն իր օրհնությունը հովանի դարձնի նրանց վրա. «Այսօր մենք, շնորհիվ մեկ այլ ազգային մեծ բարերարի, տեր եւ տիկին Կարապետյանների, հնարավորություն ունեցանք վերանորոգված տեսնելու մեր պատմական շինությունը նաեւ ունենալու մատուռ Վեհարանի համալիրում եւ հանդիսությունների դահլիճ»:

Վեհափառի խոսքով, Հայրապետանիստը կառուցվել է գրեթե մեկ դար առաջ, սակայն այն երկար ժամանակ չի ծառայել իր նպատակին, գործածվել է իբրեւ զինվորական հոսպիտալ եւ միայն 1962 թվականին Վազգեն Հայրապետի ջանքերով է հնարավոր եղել վերադարձնել Մայր Աթոռին:

Վեհարանում գործում է գրադարան, որը նույնպես հիմնանորոգվել է եւ կահավորվել: Այստեղ պահվում են հարյուրամյակների ընթացքում Հայոց եկեղեցուն նվիրաբերված գրքեր: Գրադարանի առաստաղը Իտալիայի Բոլոնյա քաղաքում պահվող քարտեզի պատկերն է, որտեղ ներկայացված են 17-18-րդ դարերի հայկական լեռնաշխարհի բոլոր հայոց վանքերն ու կալվածքները: Գրադարանն ունի ժամանակակից հակահրդեհային համակարգ: Ձեռագրատունը եւս հաստատված է Վեհարանում: Այստեղ պահվում են մոտ հազար ձեռագիր մատյաններ, աշխարհահռչակ նկարիչների վրձնին պատկանող կտավներ: Գահասրահը նույնպես ամբողջությամբ կահավորվել է, որտեղ զանազան առիթներով եկեղեցու բարձրագույն հոգեւոր իշխանությունը ժողովներ է կազմակերպում: Վեհարանի սրահներից մեկում էլ ցուցադրված են ոսկեձույլ նմուշներ՝ Հայոց այբուբենի տառերը, Ծաղկյալ խաչը, խորհրդային Հայաստանի զինանշանը եւ այլ նմուշներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Ասողիկ Աբեղա Կարապետյանը նշեց, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր արձանագրության մեջ ասել է՝ երանի նրան ով հիշատակ ունի Սուրբ Էջմիածնում. «Էջմիածնում հիշատակ ունենալ նշանակում է հիշատակ ունենալ ամբողջ հայոց կյանքում  եւ հիշատակ ունենալ նաեւ երկնքում, քանի որ Էջմիածնի ճարտարապետն ինքը՝ Աստվածն է, միածին որդին»:

Վեհարանի հիմնանորոգման ճարտարապետը Աշոտ Արշակյանն է, Հանդիսությունների սրահի եւ մատուռի ճարտարապետությունն էլ

Ակադեմիկոս, ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն է ստանձնել:

Վեհարանի բացման արարողությանը, ներկա են գտնվել հանրապետության նախագահը, ՀՀ վարչապետը եւ բարերար Սամվել Կարապետյանը:

Վեհարանի հիմնանորոգման եւ սրահի ու մատուռի կառուցման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է մոտ 30 միլիոն դոլար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30