Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սուրբ Էջմիածնում առնչվում ես հոգևոր Հայաստանին». Արմեն Սարգսյան

Սեպտեմբեր 18,2019 22:22

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է հիմնանորոգված Վեհարանի, նորակառույց Ս. Հայրապետաց մատուռի և հանդիսությունների սրահի բացմանը:

Արարողությունը տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Շուրջ մեկ դար առաջ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի մեկենասությամբ կառուցված վեհարանի համալիրը հիմնանորոգվել և բարեկարգվել է բարերար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի նվիրատվությամբ:

Ն.Ս.Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին նախագահ Արմեն Սարգսյանը և հանդիսավոր արարողությանը մասնակից հյուրերը շրջել են հիմնանորոգված շենքերում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Ն.Ս.Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության խոսքից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով.

«Վեհափառ Տեր,

Հարգելի պարոն Կարապետյան և Կարապետյան ընտանիքի ներկայացուցիչներ,

Սիրելի հայրենակիցներ, հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Ավելի քան 1700 տարի առաջ այս տարածքում կառուցվեց Մայր տաճարը, որը այնուհետև դարձավ հրաշալի մի համալիր: Այն իր շուրջը ձևավորեց յուրահատուկ միջավայր՝ հոգևոր, քրիստոնեական և, իհարկե, հայկական:

Այդ համալիրն այսօր հոգևոր կենտրոն և ուխտատեղի է մեր ողջ ժողովրդի համար:

Մայր Աթոռի համալիրի մաս կազմող շենքերի մեջ առանձահատուկ կոթող է Վեհարանը՝ Ամենայն Հայոց Հայրապետի նստավայրը և պաշտոնական գրասենյակը:

Սուրբ Էջմիածնում առնչվում ես հոգևոր Հայաստանին: Իսկ հոգևոր Հայաստանը միայն հոգևոր խոսքը և միջավայրը չեն:

Հոգևոր Հայաստանը նաև հավատի ու սիրո, արվեստի ու մշակույթի այն ուժն է, որը տիրապետում է այստեղ՝ այս պատերի ներքո: Այդ ուժը ոգևորում է և հուսադրում, քաջալերում է և մղում արարելու, ստեղծելու, ստեղծագործելու և օգտակար լինելու:

Մեր հայրենիքը, մենք բոլորս այդ ուժի կարիքն ունենք, նրա զորությունից ծնվող էներգիայի, ջանքի, գործի և արարման կարիքը:

Մեր օրերում հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես են աշխարհի տարբեր վայրերում խեղաթյուրվում արժեհամակարգերը, ինչպես են քաղաքակրթությունները զոհաբերվում քաղաքականությանը, մարդկային հարաբերությունները՝ աշխարհաքաղաքական կամ քաղաքական շահերին, ինչպես են մարդիկ միմյանց հանդեպ դառնում անտարբեր ու հաճախ օտար: Մինչդեռ մեզ՝ հայերիս, անհրաժեշտ է համախմբված ու ավելի սրտացավ լինել միմյանց հանդեպ եւ ոչ միայն միմյանց հանդեպ, այլև մեր ընդհանուր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի հանդեպ, պետության հանդեպ, մեր եկեղեցու հանդեպ, մեր ողջ ազգի և յուրաքանչյուր հայի հանդեպ, բանակի հանդեպ, մեր ազգային արժեքների հանդեպ:

Հայաստանը գտնվում է ոչ միայն քաղաքակրթությունների համախմբման, այլև՝ քաղաքակրթությունների բախման խաչմերուկում:

Հայ եկեղեցին և մեր հավատքը եղել ու մնում են մեր ազգային ինքնության խարիսխը և հենարանը:

Հարգելի բարեկամներ,

Մի քանի օր անց միասին նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձը: Մեր եկեղեցու նշանավոր դեմքերից մեկը՝ Պոլսո հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը, ասում էր․ «Եկեղեցին դարձավ բացակայող պետականության երևացող հոգին»:

Այդպես էր այն ժամանակ, երբ պետականությունը դեռ երազանք էր: Արդեն 28 տարի այդ երազանքն իրականություն է դարձել։

Այսօր այստեղ՝ Վեհարանում ուզում եմ հիշատակել Վազգեն Առաջին Վեհափառի փայլուն խոսքերը․ «Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն»:

Այսօր մենք ունենք այդ հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, որի շենացմանը պետք է մասնակից լինենք բոլորս միասին։

Սիրելի բարեկամներ,

Գնահատանքի խորին զգացումով պետք է նշեմ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ներդրումն այդ ամենի մեջ:

Խորհրդանշական է, որ Վեհարանի վերակառուցված շենքն իր դռները բացում է Վեհափառի գահակալության 20-րդ տարեդարձի նախօրյակին:

Վեհափառ Տեր, շնորհավորում եմ։

Սիրելի բարեկամներ,

Երբ 20-րդ դարասկզբի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի նվիրատվությամբ կառուցվեց Վեհարանի այս շենքը, դա նույնպես մասնակցություն էր հայրենիքի շենացմանը։

Պատահական չէր, որ Մանթաշյանցն իր բոլոր փաստաթղթերի վրա հայերենով գրում էր՝ «Աստծով»։

Վեհարանը կառուցվեց 1910-1915 թվականներին։ Վեհարանի առաջին սրահները լցվեցին ոչ միայն Վեհափառի ներկայությամբ, այլև մանուկներով, որոնք որբեր էին եւ փախել էին 1915 թվականի Մեծ եղեռնից։ Մեր Վեհարանը դարձավ նաև ազգային կենտրոն, որտեղ բոլորս միասին պատսպարեցինք մեր երեխաներին, որտեղ մեր ազգային մեծ պոետ Հովհաննես Թումանյանն իր ներդրումը բերեց երեխաների կրթության գործին։ Սա է սկիզբը։

Վերաբերմունքն ու հարգանքը Մայր Աթոռի նկատմամբ, Վեհարանի նկատմամբ շարունակվում են, և այդ շարունակությունը տեսնում ենք այսօր վերակառուցված Էջմիածնում։

Իմ խորին շնորհակալությունը մեր բոլոր բարերարներին, ովքեր ներկա են այստեղ և ովքեր ներկա չեն։

Սիրելի բարեկամներ,

Սիրելի Սամվել Կարապետյան, Կարապետյան ընտանիք,

Ձեր գործունեությունը Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում և նաև այլ երկրներում արժանի է ամենաբարձր գնահատականի:

Այն Հայաստանում բարեգործության, ներդրումների, անշահախնդիր նվիրվածության լավագույն օրինակներից մեկն է:

Կարապետյան ընտանիքի բարերարությամբ կամ ներդրումներով կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասին ծանոթացանք այսօր՝ այս փոքրիկ ֆիլմի միջոցով։ Սակայն իրականում ես անձամբ գիտեմ, որ այդ բարերարությունը և ներդրումները շատ ավելի մեծ են, քան այն, ինչ տեսանք։

Ի սրտե ուզում եմ առողջություն և ամենայն բարիք մաղթել Սամվել Կարապետյանին, նրա տիկնոջը՝ Էթերի Կարապետյանին, ձեր ողջ ընտանիքին, ձեր զավակներին՝ Տաթևիկին, Սարգիսին, Կարենին:

Ես վստահ եմ, որ վերակառուցված այս Վեհարանը շատ շուտով նորից լցվելու է հայ մանուկներով, բայց այս անգամ մանուկներով, ովքեր այս հոյակապ սրահը և Վեհարանի տարածքն օգտագործելու են երգելու, ուրախություն բերելու, ստեղծագործելու և իրենց փայլուն արվեստը ցուցադրելու համար։ Վստահ եմ, որ այս հոյակապ սրահն օգտագործվելու է հայ մշակույթի ամրացման համար։ Ուրախությամբ կմասնակցեմ այն ապագա համերգներին, ցուցադրություններին, որոնք արժանի են լինելու այս հոյակապ սրահին և Վեհարանին։ Մի քանի րոպե առաջ սեղմեցի մեծ մաեստրոյի՝ Տիգրան Մանսուրյանի ձեռքը։ Մաեստրո՛, կարծում եմ՝ Ձեր փառահեղ երաժշտությունը և այս փառահեղ շենքն արժանի են իրար։

Շնորհավորում եմ, պարո՛ն Կարապետյան։ Դուք հասել եք այն երազանքին, որի մասին խոսում էինք։ Ձեր բարեգործությունը մի քանի նպատակ ունի, մեկը եկեղեցին է։ Այս Վեհարանով բոլորս կարող ենք հպարտանալ։

Իմ կյանքի ընթացքում ես շատ վեհարաններ և մեծ քրիստոնեական կենտրոններ եմ տեսել՝ Էջմիածնից սկսած մինչև Երուսաղեմ, մինչև Վատիկան և այլն։ Բայց ա՛յս Վեհարանն այսօր մեզ հպարտ է դարձնում և լավագույնների շարքում է, եթե, իհարկե, լավագույնը չէ։

Այնպես որ, շնորհավորում եմ, լավագույն մաղթանքներս։

Կուզենայի վերջում Կարապետյան ընտանիքին, պարոն Սամվել Կարապետյանին մաղթել՝ թող ձեր բոլոր ձեռնարկները լինեն, ինչպես Մանթաշովը կասեր՝ Աստծով, և միշտ պսակվեն հաջողությամբ:

Խոսքս ուզում եմ ավարտել Հայրապետական մաղթերգի տողերով․

Տեր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30