Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ինչպես նաև 314 հոդվածի 1-ին մասով։ Նա մեղադրվում է պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի գումար վատման եղանակով հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Անիի տարածաշրջանում սկսվել էին բողոքի ցույցերն ընդդեմ Արտակ Գևորգյանի։ Բնակիչներից շատերը պահանջում էին նրա հրաժարականը՝ մեղադրելով «15 տարի շարունակ խաբել ու թալանելու մեջ»։
Բողոքավորները նույնիսկ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ կառավարությունից պահանջելով՝ «անհապաղ «աստավկի» ուղարկել» համայնքապետին։
Կարդացեք նաև
Արտակ Գևորգյանի դեմ բողոքողները, մասնավորապես, նշում էին, որ նա 15 տարի շարունակ ՏԻՄ ընտրությունները կազմակերպել է ծանոթ-բարեկամով, 150 հազար դրամ աշխատավարձով կարողացել է 40 հազար դոլարանոց «Լեքսուս» գնել, մանկապարտեզներից մեկը դարձրել է իր առանձնատունը, պաշտոններ է բաժանել իր բարեկամներին։
Նրանք նաև ստորագրահավաք էին կազմակերպել ու փակել էին Մարալիկում գտնվող համայնքապետարանի դռներն՝ այսպիսով նրան արգելելով աշխատել համայնքապետ։
ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածը, որը կոչվում է «Յուրացնելը կամ վատնելը», նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ