Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետի անհավանական եւ հավանական թեկնածուները

Սեպտեմբեր 18,2019 18:14

Վալերիյ Օսիպյանի՝ ոստիկանության պետի պաշտոնից ազատվելուց հետո, նույնիսկ մինչ այդ, երբ դեռ լուրեր էին շրջանառվում պաշտոնանկության մասին, սկսվեցին նոր ոստիկանապետի անուն եւ անուններ շրջանառել:

Կային նաեւ ինքնառաջադրվողներ:

Aravօt.am-ի տեղեկություններով, ոստիկանության պետի իշխանության ցանկալի թեկնածուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերն էլ առաջադրում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանին՝ «Նավակ Ճոճողին»: Նա մինչեւ Օսիպյանի հրաժարական էր ինքնասռաջադրվում: Գաբրիելյանը եւ ֆեյսբուքում եւ հարցազրույցներում ասել է իր հավակնության մասին. «Ես մեր ընկերական կռուգում միշտ էլ ասել եմ, որ էս երկրի ոստիկանապետը ես պետք է լինեմ։ Բայց դա չի նշանակում, որ այս պահի դրությամբ աչք ունեմ այդ աթոռին»:

Սակայն ոստիկանության պետի պաշտոնին հավակնելու համար օրենքը որոշ չափանիշներ է սահմանում:

Ըստ «Ոստիկանությունում ծառայության մասին օրենք»-ի 14-րդ հոդվածի, (Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները) 1. Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

Իսկ ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի`

Ոստիկանության բարձրագույն պաշտոններ` Ոստիկանության պետ, Ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ:

Ոստիկանության գլխավոր պաշտոններն են` գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, գլխավոր վարչության պետի տեղակալ, վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ, վարչության պետի տեղակալ, բաժնի պետ:

Անդրանիկ Քոչարյանը կարծես համապատասխանում է օրենքի պահանջներին, նա 1990-1991 թվականներին զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 1991-1995 թվականներին՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի: Գնդապետի նրա կոչումի մասին ոչինչ գրված է: Aravot.am-ը փորձեց պարոն Քոչարյանից ճշտել լուրը, սակայն նա տեղեկացրեց, որ Հայաստանում չէ, կվերադառնա 2 օրից:

Ոստիկանապետի մյուս եւ ամենահավանական թեկնածուն փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանն է, որն ունի գնդապետի կոչում, եւ մի կարեւոր հանգամանք էլ՝ վարչապետ Փաշինյանի ընկերն է:

Նշենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԱԾ եւ ոստիկանության մասին օրենքներում արված փոփոխությունների՝ «Լուսավոր Հայաստանի» նախագիծը, որի համաձայն, ԱԱԾ եւ ոստիկանության պետերը քաղաքական պաշտոններ են, եւ ինչպես նախագծի հեղինակներն են ասում՝ այդ պաշտոնները կարող է զբաղեցնել պատգամավորի չափանիշներին համապատասխան անձը: Չի բացառվում, որ ոստիկանապետի նշանակումը ձգձգվի մինչեւ այս օրենքի նախագծի ամբողջությամբ ընդունումը, որպեսզի իշխանության ցանկալի թեկնածուն, որը գնդապետի կոչում չունի, նույնիսկ տեղակալ էր չի եղել, եւ առնվազն 3 տարի չի էլ ծառայել համակարգում, նշանակվի ցանկալի պաշտոնին:

Նշենք, որ գործող օրենսդրությամբ, ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով: Այսինքն, հիմա ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Արման Սարգսյանը այդ «դիրքում» կարող է մնալ 6 ամիս, այդ ընթացքում նշանակում պետք է լինի, իսկ ԼՀ-ի նախագիծը հաստատ 6 ամսում կընդունվի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30