Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրրանը» «ճախրեց» Խաչատրյանի տուն-թանգարանում

Սեպտեմբեր 18,2019 18:00

Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Հանդիպում Խաչատրյանի տանը» շարքի հերթական միջոցառումն էր «Արվեստի ճախրանք» խորագրով: Այս նախագծի համահեղինակ լուսանկարիչ Տիգրան Առաքելյանին արվեստասեր հասարակությունը կմտաբերի բազմաթիվ ձեռնարկներից: Նա առաջինն էր, որը Հայաստանում ֆլեշ մոբ իրականացրեց բալետի արտիստի մասնակցությամբ, որի ընթացքում բալետի պրիմա պարուհի Սյուզի Փիրումյանն իր արվեստը ցուցադրեց երեւանյան մետրոյի կայարաններում: Այս անգամ Տիգրանը համագործակցել է Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի հետ: Իսկ տուն-թանգարանի հյուրերն են «Օրրան» մանկական կենտրոնի փոքրիկ արվեստասերները:

  Հիշեցնենք, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրումից մինչ օրս (հիմնադիրներ՝ Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյաններ) առաքելությունների թվում է բացահայտել ու զարգացնել երեխաների հետաքրքրություններն ու ընդունակությունները եւ ուղղորդել նրանց համապատասխան ապագա մասնագիտության:

Բնականաբար, Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած նախագիծը բարեգործական է, որի նպատակն է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ներգրավել մշակութային կյանքի մեջ, բացահայտել նրանց գուցե թաքնված տաղանդը, օգնել կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում:

«Օրրանի» սաները կայացած այս նախագծի միջոցով շփվեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարողներ, վաստակավոր արտիստներ Սյուզի Փիրումյանի եւ Սեւակ Ավետիսյանի հետ, նաեւ վայելեցին նրանց արվեստը: Իսկ հատուկ հյուրը՝ դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ, Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ինչպես եւ ակնկալվում էր, դատարկաձեռն չէր ներկայացել:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը կարեւորեց այս միջոցառումը, նշելով՝ «Սա հենց կրթական-մշակութային ծրագիր է, այս դեպքում՝ «Օրրանի» 8-14 տարեկան սաների համար տարիքային մի շրջան է, որ նրանք պետք է արդեն մտածեն, խորհեն ապագա մասնագիտության ընտրության շուրջ: Ո՞վ գիտե՝ գուցե ներկաներից, ասենք՝ 8-ամյա մեկ-երկու երեխա ընտրեն հենց բալետարվեստը…»: Տիկին Գրիգորյանը հավելեց նաեւ, որ տուն-թանգարանում նման միջոցառումներից հետո կազմակերպվում է լուսանկարների ցուցադրություն:

Նրա խոսքով՝ Տիգրան Առաքելյանն այն եզակի պրոֆեսիոնալներից է, որի լուսանկարները հաճախ ավելին են ասում, քան «կենդանի» միջոցառումը:

Հավելենք նաեւ, որ լուսանկարիչն ու տուն-թանգարանի տնօրենը մինչ արվեստագետներին ծանոթացնելը, կազմակերպեցին երեխաներ շրջայցը հեղինակավոր այս մշակութային օջախում, մեկ առ մեկ ծանոթացնելով Խաչատրյանի ոչ միայն ստեղծագործություններին, այլեւ տուն-թանգարանում գտնվող նրա անձնական իրերին:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30