Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված Սեւանի էկոհամակարգի խնդիրներին:
Պետական կառավարման մարմիններն ու հանրային հատվածը դեռ 3 ամիս առաջ էին համատեղ հանդիպմանը մատնանշել Սեւանա լճի հիմնախնդիրները: Այսօր ներկայացվածը արդեն քննարկվել է խորհրդարանում` հանձնաժողովականների, Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի ու այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խնդիրների շարքում էին ջրի մակարդակի բարձրացման տեմպերը, ձկնարդյունաբերության, ձկնորսության, ափամերձ տարածքների ու անտառների մաքրմանն ուղղված քայլերը:
Ինչպես փաստել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը` ներկայացված ուղղությունները կլինեն խորհրդարանական վերահսկողության առանցքում: Ըստ նրա` աշխատանքային հանդիպումը հնարավորություն կտա 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկմանը ներկայացնելու Սեւանի հիմնախնդիրների վերաբերյալ ֆինանսավորման հստակ հայտեր:
Քննարկմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշել է, որ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման գործընթացը մեկնարկել է: Աշխատանքներն սկսվել են ափամերձ անտառաշերտի մաքրմամբ: Փոխնախարարն ընդգծել է, որ ծրագիրը կտեւի շուրջ 3 տարի` հավելելով, որ ընթացքում կընդլայնվեն նաեւ անտառածածկ տարածքները: Հաջորդ փուլով կիրականացվի ձկնարդյունաբերության զարգացմանն ուղղված քայլեր:
Կարդացեք նաև
Նախատեսվում է 150 տոննա սիգի եւ 100 տոննա խեցգետնի որս: Խստիվ արգելվելու է նշված կենդանատեսակների փոքր չափերի որսը: Այդ ամենը վերահսկելի դարձնելու համար ուռկանների մեկ վանդակի տրամաչափը պետք է 50 միլիմետրից պակաս չլինի:
ՀՀ Ազգային ժողով