Իրանի և Վաշինգտոնի միջև միջուկային համաձայնության շուրջ ծավալվող հակամարտության և Պարսից Ծոցի տարածաշրջանում կոշտ պատերազմի շրջանակներում սեպտեմբերի 10-ին ԱՄՆ անկանխատեսելի նախագահ՝ Դոնալդ Թրամփը աշխատանքից հեռացրեց Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: Վերջինս հայտնի էր Իրանի նկատմամբ իր կոշտ և անզիջող քաղաքականությամբ։
«Բոլթոնին հայտնել եմ, որ իր ծառայությունները Սպիտակ տանն այլևս անհրաժեշտ չեն: Ես կտրականապես համաձայն չեմ նրա մի շարք առաջարկների հետ: Այդ պատճառով ես խնդրեցի նրան հրաժարական ներկայացնել»- ինչպես միշտ այս անակնկալ որոշման մասին իր թվիթերյան էջում գրառում էր արել Թրամփը:
Միջազգային քաղաքական դաշտում Դոնալդ Թրամփի այս որոշումն հանգեցրեց ամենատարբեր մեկնաբանությունների և ոմանք լավատեսորեն գնահատելով այս քայլը այն մեկնաբանեցին, որպես նոր սկիզբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ միջուկային բանակցությունների վերսկսման նախանշան։ Իհարկե չի բացառում այն հանգամանքը, որ թերևս միջնորդական գաղտնի բանակցությունների արդյունքում իրանցիները համաձայնության էին հասել ԱՄՆ-ի որոշ դիվանագիտական շրջանակների հետ, Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ԳԱ նիստի շրջանակներում հանդիպել ԱՄՆ-ի նախագահի կամ նրա օգնականների հետ։ Չնայած երկրորդ տարբերակը դեռ բացառված է և սովորաբար նման միջազգային նիստերի ընթացքում Իրանի պաշտոնյաները հաճախ տեսախցիկների և լրագրողների աչքից հեռու հանդիպել են ԱՄՆ-ի դիվանագետների հետ։
ԱՄՆ-ի նախագահը հնարավոր է համարել սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակում:
Կարդացեք նաև
Այս փաստին հաջորդեց Վաշինգտոնի կողմից հնչեցրած որոշ հայտարարությունները բանակցության հավանականության մասին։ Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ Թրամփը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց նախապայմանների, բայց պաշտպանում է Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ուղեգիծը:
Թեև Ռոուհանին, Ֆրանսիայի Բիարից քաղաքում կայացած մեծ յոթնյակի երկրների 2-րդ խմբի գագաթնաժողովից հետո հայտարարել էր, որ պատրաստ Ֆրանսիայից ստանալ է 15 միլիարդ դոլար վարկային գիծ, և պատրաստ է հանդիպել բոլորի հետ՝ խնդիրները լուծելու համար, սակայն վեց ժամ անց հոգևոր գերագույն առաջնորդի ճնշման հետևանքով, նա հայտարարեց, որ Իրանի տեսանկյունից, պատժամիջոցների պայմաններում ԱՄՆ-ի հետ բանակցելն իմաստ չունի»:
Զգալով իր սխալ քայլը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքեց այն տեղեկատվությունը, թե ինքը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց որևէ նախապայմանի:
Իսկ, Ռոուհանիի հայտարարությունը հաստատվեց նաև Իրանի Արտաքին գերատեսչության խոսնակի կողմից, որի ղեկավար Զարիֆն անմիջական դերակատարում ունի ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու գործում։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման մասին որոշ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի կապակցությամբ, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Աբաս Մուսավին շտապեց ասել է, որ նման հանդիպում տեղի չի ունենալու:
Կողմերի այս հայտարարություններից հետո տեղի ունեցավ առավել ևս անսպասելի և բավականին վտանգավոր իրադարձություն Պարսից ծոցի տարածաշրջանում։ Իրանի կողմից Պարսից ծոցում սանձազերծված տանկերների պատերազմից ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՀՕՊ ուժերի կողմից ամերիկյան ԱԹՍ-ը խոցելուց հետո, այս անգամ, Եմենի բանակը և ժողովրդական ուժերը, սեպտեմբերի 15-ին, 10 ԱԹՍ-երով կամ անթև հրթիռներով հարձակում են իրականացրել այդ երկրի նավթի ազգային ընկերության՝ Արամքոյի երկու նավթազտարաններ՝ Բաիղի և Խարիսի դեմ:
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Եմենի բանակի ու Իրանի կողմից հովանավորվող Հութիների ուժերի կողմից այդ երկրի ազգային Արամքո նավթային ընկերության դեմ իրականացված հարձակումից հետո, նավթի արտադրությունը կիսով չափ կրճատվել է:
Ինչպես Ռոյթերս լրատվական գործակալությունն է հաղորդել, շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումներից հետո, այդ երկրի բորսայի ինդեքսն 2.3 տոկոս անկում է գրանցել: Սա Իրանի համար շատ ուրախալի իրադարձություն է համարվում։
Այս դեպքից անմիջապես հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին է մեղադրել հարձակումները իրականացնելու մեջ։ Իրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքը, սակայն միջազգային դիվանագիտական հանրությունը վերապահորեն է արձագանքել այս հարցին։ Նույնիսկ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պահպանողական դիրքորոշում են ընդունել դեպքի կապակցությամբ, չնայած ԱՄՆ-ի կողմից ստացած տեղեկություններին, խուսափել են ուղղակիորեն Իրանին մեղադրել Արամքոյի նավթային օբյեկտների դեմ իրականացված հարձակման դերակատարություն ունենալու մեջ։
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլազիզ բին Սալմանը, սեպտեմբերի 17-ին Ջիդդա քաղաքում կայացած մամլո ասուլիսում ասաց, որ մենք փորձում ենք պարզել Արամքոյի նավթային օբյեկտների դեմ հարձակման և դրանում ներգրավված անձանց կամ դերակատար ուժերի ինքնությունը: Այդուամենայնիվ Միացյալ Նահանգները պնդում է՝ կան ապացույցներ, որ Իրանը պատասխանատու է հարձակումների համար:
Թվում է, թե Իրանը փորձում է, շարունակել իր պրոքսի պատերազմը Միացյալ նահանգների ու նրա տարածաշրջանային դաշնակիցների շահերի դեմ և այսպիսով ԱՄՆ-ին հասկացնել, որ իր սպառնալիքները լուրջ են և ԱՄՆ-ին ստիպել իր ռազմական ուժերին հեռու պահի Իրանի կողմից նախանշված կարմիր գծից։ Իրանի կրոնական և ռազմական իշխանությունների համար արդեն ապացուցվել է, որ չնայած ԱՄՆ-ի նախագահի հերթական հռետորաբանություններին ու սպառնալիքներին, Վաշինգտոնը պատրաստ չե ներգրավվել տարածաշրջանային անցանկալի պատերազմում և Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին աշխատանքից հեռացնելը վկայում է այդ մասին։
Ներկայիս պայմաններում Իրանը հասկացել է, որ սահմանափակ հարվածներով և պրոքսի պատերազմի մարտավարությամբ կարող է ահաբեկել ԱՄՆ-ի տարածաշրջանային արաբ դաշնակիցներին և դեպի արևմուտք էներգետիկայի հոսքը խանգարելով՝ Եվրոպային ստիպել ավելի լուրջ քայլեր ձեռնարկել Իրանի հետ ֆինանսական փոխանակման մեխանիզմի (INSTEX) լիովին գործադրման համար։ Այժմ տարածաշրջանում նախաձեռնությունն անցել է Իրանի ձեռքը և Իսլամական Հանրապետությունը պատրաստ չէ առանց նախապայմանի և մեծ արտոնություններ կորզելով բանակցել ԱՄՆ-ի հետ։
Որոշ միջազգային փորձագետներ կարծում են, ենթադրելով, որ ԱՄՆ պաշտոնյաների պնդումները ճիշտ են, Իրանը փորձում է ստուգել Սպիտակ տան պատասխանատուների եռման կետը: Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստի նախօրեին և, երբ Դոնալդ Թրամփն արդեն պատրաստվում իր երկրորդ նախագահության ժամկետը ապահովելու համար, Սպիտակ տունը, կարծես, շատ չի շտապում արձագանքել Իրանի կողմից ստեղծված այս նոր քննությանը:
Այս իրավիճակը լիովին ձեռնտու է Թեհրանի իշխանության համար, քանի որ մի կողմից Իրանի պահապանների կորպուսը կարողանում է վերահսկել Մերձավոր Արևելքի և մասնավորապես Պարսից ծոցի ռազմական իրավիճակը և առանց լուրջ և ուղղակի դիմաբախման ԱՄՆ-ի ուժերի հետ շարունակել իր աջակցությունը տարածաշրջանի շիա զինված խմբավորումներին Իրաքում, Սիրիայում և Հեզբոլլաի շարժմանը Լիբանանում։ Այնպես որ Պեկինում Չինաստանի Պաշտպանական համալսարանում ունեցած ելույթում, Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին նշել է.«Իրանի իսլամական հանրապետությունը պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունն ու շահերը Պարսից ծոցում, սակայն ցանկացած օտարերկրյա միջամտության կամ ագրեսիայի դեպքում, կպաշտպանի իր անվտանգությունն ու ինքնիշխանությունը»: Սա ցույց է տալիս, որ Իրանի հոգևոր իշխանությունները նպաստելով, անվտանգությանն ուղղված պահապանների կորպուսի ջանքերը Պարսից ծոցում, փորձում են սահմանափակ բախումներ հրահրելով տարածաշրջանում թուլացնել ԱՄՆ-ի դիրքերը պարսիցծոցյան արաբական երկրների մոտ և պատժամիջոցների պայմաններում շրջանցելով նավթի վաճառքի արգելքը, որոշ քանակությամբ դոլարային եկամուտ ապահովել երկրի համար, մինչև այն ժամանակ, որ կարողանան ֆինանսավորել իրենց տարածաշրջանային դաշնակիցներին Մերձավոր Արևելքի պրոքսի պատերազմի դաշտում։
Հատկանշական, որ Իրանի որդեգրած այս ռիսկային քաղաքականությունը մինչ այժմ արդյունավետ է եղել այն առումով, որ Իրանը կարողացել է ներքին ճակատում ստեղծել միասնական ճակատ՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի դեմ, բացառությամբ տնտեսական դաշտում, առանց լուրջ վնասներ կրելով ժամանակավորապես պահպանել իր դիրքերը տարածաշրջանում։
Հենց այս նկատառումով է, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենին սեպտեմբերի 17-ին ունեցած իր ելույթում հստակորեն նշել է. «ԱՄՆ-ի հետ ոչ մի մակարդակում բանակցություն տեղի չի ունենալու»։
ԻԻՀ առաջնորդն ասել է. «ԻԻՀ բոլոր պաշտոնատարները միաձայն համոզված են, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի մակարդակում չեն բանակցելու»:
Բանակցության մասին ամերիկացի պաշտոնատարների տարբեր դիրքորոշումների մասին Իրանի առաջնորդն ասել է. «Երբեմն ասում են առանց նախապայմանի բանակցություններ, երբեմն ասում են բանակցություն 12 պայմանով: Նման հայտարարությունները կամ նրանց խճճված քաղաքականության հետևանքն են, կամ էլ հնարք՝ դիմացի կողմին մոլորեցնելու համար: Այաթոլլահ Խամենեին հավաստիացրել է, որ եթե ԱՄՆ-ը զղջա և կրկին վերադառնա իր կողմից խախտված միջուկային համաձայնություն, այդ ժամանակ կարող է համաձայնության անդամ մյուս պետությունների նման, նիստերին մասնակցելով, բանակցել Իրանի հետ: Նա հավելել է, որ հակառակ դեպքում, ոչ մի մակարդակում բանակցություն տեղի չի ունենալու ԻԻՀ պաշտոնատարների և ամերիկացիների միջև, ոչ Նյու-Յորքում և ոչ էլ այլուր: Այաթոլլահ Խամենիի այս հայտարարությունը բովանդակային առումով կրկին երկակի ուղերձ է պարունակում իր մեջ, որ Իրանը պատրաստ չե ներկայիս Ռոուհանիի գլխավորած իշխանության միջոցով բանակցել ԱՄՆ-ի ներկայիս գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի հետ։ Իսկ եթե հետագային ԱՄՆ-ի իշխանությունները, Թրամփի գլխավորությամբ կամ նոր նախագահի ցանկությամբ փորձեն բանակցել Իրանի հետ, ապա նրանք պետք է վերադառնան ՀԳՀԾ-ին, և օրակարգից դուրս մղվի Իրանի հրթիռային ծրագրերն ու տարածաշրջանային ազդեցության նվազեցման պահանջները։
Ներկա դրությամբ, տարածաշրջանում լարվածության աճով Սաուդյան Արաբիան, որպես արաբական աշխարհում Ամերիկայի ամենախոշոր դաշնակիցը, այժմ միանում է ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիային և ակնկալվում է, որ Ռիադին օրինակին կհետևեն արաբական մի շարք երկրները, սակայն չի թվում, որ ԱՄՆ-ը պատրաստ կլինի ի նպաստ Սաուդյան Արաբիային ռազմական լուրջ հարված հասցնել Իրանին կամ Եմենում նրա դաշնակից Հութիներին, քանի որ Սաուդյան Արաբիան պաշտոնապես Իրանին չի մեղադրել Արամքոյի օբյեկտների դեմ իրականացված հարձակման դերակատարության մեջ:
Մյուս կողմից Թրամփը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները կսպասի դեպքի մասին տեղեկատվությունները հաստատելու համար, թե ով է եղել հարձակումը հրահրողը, ինչպես նաև կսպասի Սաուդյան Արաբիայի պատասխանին, որի ղեկավարությունը սերտ կապեր ունի Թրամփի վարչակազմի հետ:
Միացյալ Նահանգները, Իրանը, Սաուդյան Արաբիան և Հութիները երկար անցյալ ունեն փաստերը աղավաղելու համար, և սա ավելացնում է մեղադրանքների կասկածը:
Ամեն դեպքում, Այաթոլլահ Խամենեին, որպես Իսլամական Հանրապետությունում առանցքային որոշումներ կայացնող, նախքան Նյու Յորքի ՄԱԿ-ի Գերագույն ժողովը, հստակեցրել է իր դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցությունների և հարաբերությունների վերաբերյալ: Նա նաև ընդգծել է, որ բանակցությունը ԱՄՆ-ի չարամիտ հնարքն է նշելով, որ Վաշինգտոնի հետ բանակցություններ չեն լինելու, ոչ Նյու Յորքում, ոչ էլ այլուր:
Վահե ԱՐԱՄՅԱՆ