Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավով կարող ենք նշել, որ եկավ այդ օրը, երբ Վալերիյ Օսիպյանը հրաժարական տվեց». Շահեն Հարությունյան

Սեպտեմբեր 18,2019 17:16

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ափսոսում է ՀՀ արդեն նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի համար:

Շահեն Հարությունյանին հիշեցրինք՝ երբեմն-երբեմն դրական էր արտահայտվում Վալերիյ Օսիպյանի մասին, նրանց տանն էին ընտանիքով հյուրընկալվել, ինչպե՞ս կմեկնաբանի նրա հրաժարականը, նա պատասխանեց. «Իմ քաղաքական պայքարի շնորհիվ պարոն Օսիպյանին ճանաչում եմ դեռևս 2013-2014 թվականից: Ու հենց այդ քաղաքացիական պայքարի և քաղաքական շարժումների ընթացքում է այդ դրական վերաբերմունքը ձևավորվել՝ այդ քաղաքական փորձը հաշվի առնելով: Այսինքն՝ մեր շփումների արդյունքում որոշակիորեն ճանաչեցի Վալերի Օսիպյանին, և ինձ համար նա նախորդ ռեժիմի ամբողջ համակարգում եղել է դրական կերպար: Նրա հետ շատ ժամանակ ցույցների, քաղաքացիական անհնազանդության ակցիաների ընթացքում բազմաթիվ վեճեր, բախումներ ենք ունեցել, բայց դրա հետ մեկտեղ կարողացել ենք շտկել իրավիճակը և իրականացրել մեր խաղաղ ցույցը: Հենց ոստիկանապետ դառնալուց հետո էլ նրա հրավերով հյուրընկալվել ենք նրանց տուն: Ինձ համար Վալերիյ Օսիպյանի նշանակումը լավ նշանակում էր»:

Հարցին՝ ափսոսո՞ւմ եք հրաժարականի համար, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Գուցե այո, ու վաղուց կար տեղեկատվություն, որ հնարավոր է Վալերիյ Օսիպյանը հրաժարական տա: Միշտ հոգու խորքում մտածում էի, որ չի լինի նման բան, քանի որ կարծում եմ՝ նա որոշակի փոփոխությունների ոստիկանական համակարգում գնում էր: Հիմա ցավով կարող ենք նշել, որ եկավ այդ օրը, երբ Վալերիյ Օսիպյանը հրաժարական տվեց»:

Հրաժարականի պատճառները վերլուծել Շահեն Հարությունյանը չցանկացավ՝ նշելով, որ ուժայինների ղեկավարների հրաժարականներն այն հարցերն են, որ ուղղակի ենթադրությունների և կանխատեսումների ձևաչափով տեղին չէ և ճիշտ չէ վերլուծելը:

Հետաքրքրվեցինք՝ Ամուլսարի հարցը դերակատարություն ունեցե՞լ է մասնավորապես Վալերիյ Օսիպյանի հրաժարականի հարցում, քանի որ մամուլում եղան հրապարակումներ, թե Վալերիյ Օսիպյանը Անվտանգության խորհրդի նիստում կասկած է հայտնել, որ ոստիկանության կողմից դեպի Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհների բացման գործընթացը հարթ կանցնի, և վարչապետին ներկայացրել է ակտիվիստների դեմ ուժի կիրառման վտանգները: Լարված իրավիճակում անցած զրույցը հանգեցրել է նրան, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ ԱԱԽ անդամներն այսօր հերքել են, որ Օսիպյանի հրաժարականի հարցն արծարծվել է նիստի ընթացքում:

Շահեն Հարությունյանը նշեց. «Ամուլսարի հետ կապված կան խնդիրներ, որտեղ կարող էր ինչ-որ չափ վեճ լինել և տարաձայնություններ առաջանալ, բայց իմ կարծիքով՝ Ամուլսարը միայն բավարար չէ, որ նման հրաժարականների շքերթ լիներ»:

Մեր ճշտմանը՝ իսկ նախկին համակարգից լինե՞լը, Շահեն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ` հին համակարգից լինելու խնդիր չկա: Եթե վերցնենք այդ հանգամանքը, ապա ի սկզբանե նրան չէին նշանակի ոստիկանապետի պաշտոնին, բացի դրանից՝ նա չի կատարել որևէ քայլ, որը կարող էր կատարվել նախորդ համակարգի օրոք: Զուտ նախորդ համակարգից լինելու հանգամանքը դեռ չէր կարող պատճառ լինել նրան համակարգից հանելու համար: Եթե խնդիր էր առաջացնելու դա, կարող էին կամ չնշանակել, կամ ավելի վաղ աշխատանքից հեռացնել նրան»:

Մեր հարցին՝ ուժայիններին պաշտոնից ազատումները ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի նշած տարերային և հախուռն որոշումների շարքին չե՞ն դասվում, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Հենց Վանեցյանի հետ կապված բազմաթիվ  խնդրահարույց երևույթներ կան: Ամենակարևորը Դավիթ Սանասարյանի հետ կապված իրավիճակն է: ԱԱԾ-ն սկզբում հետաքննություն իրականացրեց, Դավիթին որպես մեղադրյալ ներկայացրեց, շուրջ կես տարի անց հետաքննություն անցկացրեց,  վերջերս հայտարարություն տարածեցին ԱԱԾ-ից, որ դեռևս Դավիթ Սանասարյանի գործի մեջ չի հայտնաբերվել որևէ խնդիր, որևէ հակաօրինական քայլ, պաշտոնի չարաշահում: Դրանից հետո, երբ Դավիթի փաստաբանական խումբը դիմեց, որ կասեցվի քրեական գործն ու քրեական հետապնդումը, ԱԱԾ քննիչը մերժեց: Այստեղ գալիս ենք ենթադրելու և համոզվելու, որ կա հստակ հետապնդում, քանի որ, եթե ԱԱԾ-ն հայտարարում է, որ չի եղել հակաօրինական քայլ, ապա դրանից բխող հետևանքներով պետք է դադարեցվի քրեական հետապնդումը: Հիմա մամուլում շրջանառվում են բազում  նյութեր կապված Արթուր Վանեցյանի հետ, նաև այն՝ հնարավոր է քրեական գործ հարուցվի նրա, նրա ընտանիքի նկատմամբ: Կարծում եմ նրա խոսքերը հենց այս համատեքստում չի կարելի լուրջ ընդունել, քանի որ դեռ չբացահայտված գործեր կան»:

Շահեն Հարությունյանին հարցրինք՝ ի՞նչ կարծիք ունի վերջին իրադարձությունների մասին իր հայրը՝ Շանթ Հարությունյանը: Նա նշեց, որ հոր հետ քննարկել է Արթուր Վանեցյանի հրաժարականը, բայց չցանկացավ նրա խոսքերը փոխանցել ու տեղեկացրեց՝ շուտով կլինի հնարավորություն, և հայրն իր մտքերը կարտահայտի:

Շանթ Հարությունյանին հիշեցրին՝ ոստիկանապետի հավանական թեկնածուի անուններ են շրջանառվում, օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյան, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյան, հարցրին՝ իսկ ինքը ոստիկանապետի՝ նախընտրելի թեկնածու ունի՞, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Ոստիկանապետի պաշտոնում պետք է գտնվի այն մարդը, որ իրապես կարող է ոստիկանական համակարգում փոփոխություններ իրականացնել, դրա համար ներքին արիություն կունենա, քանի որ հայ հասարակության և իրականության մեջ դա բարդ է: Անուններ տալուց զերծ կմնամ, քանի որ դա ևս պատասխանատվություն է ինձ համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30