Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՍԴ, դու չպե՛տք է անգործության մատնվես, ՍԴ, դու չպե՛տք է դառնաս քաղաքական գործընթացների մաս». Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ-ի խնդրի լուծման մասին

Սեպտեմբեր 18,2019 16:11

Ինչպես հայտնի է, ԱԺ-ում նախաձեռնություն է պատրաստվում՝ Սահմանադրական դատարանի շուրջ խնդիրը լուծելու համար: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, ԱԺ-ն կարող է ՍԴ դիմել Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով։ «Իմ քայլը» խմբակցությունը աշխատում է նախագծի վրա, այն դեռ շրջանառության մեջ չի դրվել, բայց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը որոշ փակագծեր բացեց. «Համապատասխան հիմքերի առկայության պարագայում ԱԺ-ն 3/5-ով կայացնելով համապատասխան որոշում, դիմում է ՍԴ-ին ու ՍԴ-ն է լուծում տվյալ հարցը: Հիմքեր կարող են լինել էական կարգապահական խախտումը, անհամատեղելիությունը պաշտոնի, քաղաքական գործունեությամբ զբաղվելը…»:

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ ՍԴ-ն չի քննել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը, որը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի հարցի քննությանը ՍԴ երեք անդամների մասնակցության անհնարինությանը, ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանն ասել էր, որ այն օրենքի խախտումով է ներկայացված եղել:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ «կոլեգիալ մարմինները կարող են խոսել ակտերի միջոցով, որեւիցե ակտ, որ այդ դիմումը քննարկվել է եւ մերժվել է զուտ նրա համար, որ, օրինակ, պատշաճ եղանակով չի ներկայացվել, չունենք, չկա որեւէ փաստաթուղթ, որ քննարկվել է»: Նա ասաց, որ Արեւիկ Պետրոսյանի հետ համաձայն չէ. «Դատավորի դիմում է եղել եւ առնվազն դիմումին արձագանք պետք է լիներ: Ես, հանրությունը որտեղի՞ց պետք է տեղեկանանք, որ այդ հարցին պատշաճ արձագանք եղել է»:

Հարցին՝ եթե խորհրդարանը նախագծին տա իր համաձայնությունը, վերջին խոսքը ՍԴ-ինն է, ինչքանո՞վ է հավանական, որ ձեր տեսակետը ՍԴ-ի առնվազն 6 դատավորների տեսակետների հետ կհամընկնի՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «ՍԴ-ի անկախությունը ենթադրում է, որ ՍԴ-ն պետք է գործի իր լիազորությունների շրջանակում, պետք է ինքը նախեւառաջ հարգի իր հեղինակությունը, պետք է որոշումներ կայացնի, որով կապացուցի, որ մենք գործ ունենք ՍԴ-ի հետ, այլ ոչ թե քաղաքական մարմնի հետ: ՍԴ-ն քաղաքական մարմին չէ, չպետք է ներառված լինի որեւիցե քաղաքական գործընթացների մեջ եւ երաշխիքային դրույթը, որը նախատեսված է սահմանադրության մեջ, հենց ընդգծում է ՍԴ-ի անկախությունը: ՍԴ, դու ինքդ պետք է որոշես՝ կա՞ խնդիր, թե՞ չէ, ՍԴ, դու չպետք է անգործության մատնվես, ՍԴ, դու չպետք է դառնաս քաղաքական գործընթացների մաս: Սա է խնդիրը»:

Վլադիմիր Վարդանյանը խոսեց ՍԴ-ի՝ քաղաքականացված լինելու մասին: Նա ասաց, որ ՍԴ-ն չպետք է քաղաքականացված լիներ, բայց ցավում է, որ այդպիսին է. «Քաղաքական գործընթացներին մասնակցության հետ կապված մենք որեւէ բիծ չպետք է ունենանք ՍԴ-ում: ՍԴ-ն պետք է ոչ թե դեպքից դեպք կամ իրավիճակից իրավիճակ այս կամ այն լուծումը գտնի, այլ ՍԴ-ն, Ֆեմիդայի արձանը տեսել եք, առանց նայելու ովքեր են կողմերը, աչքերը փակ պետք է տեսնի ինչ հիմքեր կան, կայացնի որոշում, որը հիմնված է Սահմանադրության վրա: ՍԴ-ի վերջին որոշման հետ կապված հատուկ կարծիքների ուսումնասիրություն հանգեցնում է նրան, որ ՍԴ-ն շեղվել է օրենսդրական բացը լրացնելու հետ կապված նախկինում բազում գործերով արտահայտած իրավական դիրքորոշումից»:

Հարցին՝ Հրայր Թովմասյանի ղեկավարած ՍԴ-ից այդպիսի սպասելիքնե՞ր ունեք՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Ես մեծ ակնածանք ունեմ դատական իշխանության նկատմամբ եւ հավատում եմ, որ դատական իշխանության մեջ առկա խնդիրները ունակ են լուծել հենց դատավորները»: Հարցին՝ դուք լիազորությունների չարաշահում տեսե՞լ եք ՍԴ-ի կողմից՝ նա պատասխանեց. «Մենք ունենք հիմնավոր կասկածներ որոշ հարցերի վերաբերյալ եւ այդ հիմքերի շրջանակներում հարցը պետք է քննարկվի»:

Հարցին՝ Քոչարյանի պաշտպանները նշում են, որ ՍԴ-ի հետ կապված օրենսդրական գործընթացը սկսեցիք Քոչարյանի գործով դատական նիստից մեկ օր առաջ եւ դրա համար կալանքից չազատեցին Քոչարյանին, այսինքն, ըստ նրանց, դա ճնշում էր դատարանի վրա, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Վարդանյանը պատասխանեց. «Վայ այն դատարանին, որ պետք է առաջնորդվի նրանով, որ ԱԺ-ում ինչ-որ գործընթացի նախաձեռնման մասին են խոսում եւ ինքը շեղվելով իր լիազորություններից, պետք է կայացնի այլ որոշում, եթե դա կարող է ազդի դատավորի համոզմունքների վրա: Երկու գործընթացներն իրար հետ բացարձակապես փոխկապակցված չեն: Հիմքը հայտնաբերելուց հետո երկշաբաթյա ժամկետ կա ու դրա համար է հիմա արվում»:

Վլադիմիր Վարդանյանը նաեւ վստահեցրեց, որ ԱԺ-ի նախաձեռնությամբ իշխանությունների տարանջատման սկզբունքը չի խախտվել. «Ո՞վ ունի ՍԴ-ի դատավորի լիազորությունը դադարեցնելու լիազորություն՝ ՍԴ-ն, ո՞վ իրավունք ունի այդ հարցով դիմել ՍԴ-ին՝ ՀՀ ԱԺ-ն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30