Այսօրվանից սկսվել է քննարկումների շարք`«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների թեմայով: Նախագիծը կձեւավորվի քննարկումների արդյունքում: Հոկտեմբերի 18-ին խորհրդարանական լսումներ են նախատեսված այս թեմայով, իշխող ուժը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հույս ունի, որ նախագիծն այդ ժամանակ պատրաստ կլինի: Այսօրվա քննարկման թեման էր` կուսակցությունների ֆինանսավորումը: Ներկայացվում էր միջազգային փորձը: Քննարկումն անցնում էր կիսադատարկ դահլիճում:
Համազասպ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հրավերներ ուղարկվել են արտախորհրդարանական կուսակցություններին, տեղեկատվությունը տեղադրվել է ԱԺ կայքում:
Հրավերին արձագանքել էին միայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից: Նրանք ներկա էին քննարկմանը:
«Այս փուլում խնդիրներն ենք սահմանում, ուզում ենք հասկանալ`որոնք են խնդիրները»,- ասաց Համազասպ Դանիելյանը: Լրագրողները հետաքրքրվեցին`ռեյտինգային ընտրակարգի փոփոխության քննադատված հարցի մասին: Իշխող ուժի պատգամավորն ասաց`անպայման անդրադառնալու են, այն անպայման փոփոխվելու է, քանի որ միասնական բացասական վերաբերմունք կա դրա նկատմամբ. «Բայց ռեյտինգային համակարգի վերացումը մի բան է, որն այս պահին հրատապ չի. մինչդեռ կուսակցությունների գրանցման, ֆինանսավորման, գործունեության կարգավորումները շատ ավելի հրատապ են»: Նա կարծում է, որ ավելի հրատապ է նաեւ ՏԻՄ ընտրությունների ընտրակարգի փոփոխությունը, քանի որ այդ ընտրություններն ավելի վաղ ենք ունենալու, քան ԱԺ ընտրությունները:
Կարդացեք նաև
Արտահերթ ընտրությունների հավանականության մասին լրագրողների դիտարկումներին էլ նա այսպես արձագանքեց. «Անկախ նրանից, թե որքան կլինի այս ԱԺ-ն իր լիազորությունների մեջ, այս փոփոխությունների իրականացումը պետք է լինի առաջնահերթություն`առաջիկա ընտրությունների`հերթական, թե արտահերթ, համար ավելի բարենպաստ դաշտ ապահովելու համար: Անկեղծ ասած, ինձ համար անգամ ընտրությունների արտահերթ լինելու խնդիրը երկրորդական է, ինձ համար շատ ավելի կարեւոր են այս ռեֆորմները: Բայց եթե խոսում ենք հավանականության մասին, ես քիչ հավանական եմ համարում, որովհետեւ մենք խոսում ենք այն ԱԺ-ի մասին, որը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է ընտրվել իրապես ժողովրդավարական ընտրությունների միջոցով»:
Անդրադառնալով «Կուսակցությունների մասին» գործող օրենքում եւ ԸՕ-ում քննարկման թեմայով բացերին, «Իմ քայլի» պատգամավորն ասաց, որ քարոզարշավների կարգավորումներում կան բացեր, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բավարար կարգավորված չեն, նաեւ սահմանված են խիստ, բայց չկիրառվող կարգավորումները: Ըստ նրա, նախատեսված պատժամիջոցները շատ խիստ են, մինչդեռ կան միջանկյալ տարբերակներ: Խոսքը կուսակցության գործունեության կասեցման մասին է, ինչը պետք է ավելի ճկուն եւ ժողովրդավարական, միջանկյալ լուծումներով փոխարինվի:
Կուսակցությունների հանրային ֆինանսավորման տարբերակը ներմուծվել է 2002 թվականին, կուսակցությունների մասին օրենքով, վերջին տասը տարում կուսակցություններին հատկացվել է մոտ 900 միլիոն դրամ: Ըստ պատգամավորի, դրա առյուծի բաժինը` 70-80 տոկոսը գնացել է իշխող կուսակցություններին. «Հանրային ֆինանսավորման նպատակներից մեկը կուսակցական համակարգի կայունացումն է եւ դա բիզնեսի ազդեցությունից նվազեցնելը: Հիմա, եթե ունենք այսպիսի կարգավորում, տեսնում ենք, որ այն չի աշխատել, որովհետեւ այն կուսակցությունները, որոնք ստացել են ֆինանսավորում, տեսնում ենք, որ այսօր խորհրդարանից դուրս են: Հատկացման, եղանակը, հատկացման չափը… միջազգային փորձը եթե նայենք, մեզ մոտ տրամադրվող գումարները տասնապատիկ ցածր են, բայց այս պարագայում էլ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետք է մեծ լինի, ինչի հնարավորությունները այսօրվա կարգավորումները թույլ չեն տալիս»:
Քննարկմանը ներկա «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ հիմա տարբեր հարցերի շուրջ փորձում են գալ կոնսենսուսի. «Տարիներ շարունակ օլիգարխների շուրջ ձեւավորված կուսակցությունների մոդել ենք ունեցել: Կուսակցությունները գոյատեւում են ոչ թե հասարակության նվիրատվություններով, այլ դարձել են գործատու՝ հասարակության անդամների համար: Քաղաքացին սովոր է կուսակցություններից գումար ստանալ: Այս մոդելը չի կարող լինել ժողովրդավարական: Չի կարող այդ կուսակցությունը ծառայել քաղաքացուն, որին ինքը փող է տալիս: Մոդելի փոփոխություն է պետք»: Կան տարբերակներ` երբ խրախուսվում է քաղաքացիների նվիրատվությունը եւ պետության կողմից նվիրատվությունները: Քննարկում են, լավագույն տարբերակը գտնելու համար, քանի որ եթե որեւէ տեղ կան պետական փողեր, դրանց շրջանառությունը պետք է թափանցիկ եւ վերահսկելի լինի:
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ էլ, այն գումարները, որոնք այժմ տրամադրվում են պետական բյուջեից կուսակցություններին, շատ քիչ են եւ չեն բավարարում անգամ օրենքի պահանջներն ապահովելու համար`մարզերում գրասենյակներ ունենալ եւ այլն. «Եթե ուզում ենք ժողովրդավարական երկիր լինել`պետք է կուսակցությունները հզորացնենք, որպեսզի դրանք ծառայեն ժողովրդի շահին եւ թույլ չտանք, որ կուսակցությունները կախված լինեն անհատներից, որոնք թելադրում են ժողովրդի եւ քաղաքականությանն ընդհանրապես»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարեւոր է համարում գործընթացը եւ դրա ներառականությունը. փոփոխությունների մասին քննարկումները սկսված են եւ դրանք գնում են ժողովրդավարական երկրների փորձի ուսումնասիրությունների ճանապարհով: Նախկինում, փոփոխություններն, ըստ նրա, տեխնիկական են եղել եւ իմիտացիոն բնույթ են ունեցել, քանի որ քաղաքական դաշտը բովանդակային չի եղել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ