Հնարավո՞ր է ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում պաշտոնանկություններ լինեն: Այսօր այս հարցին ի պատասխան՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես ոչ մի բան չեմ կարող բացառել, բայց ոչ հանձնաժողովի գործունեության արդյունքում: Շատ հնարավոր է եզրակացությունը լինի այնպիսին, որ նաեւ պաշտոնանկություններ լինեն, բայց այս պահին ես բացառում եմ, որովհետեւ 2016-2017-ին տասնյակ քրեական գործեր են հարուցվել հենց ապրիլյան դեպքերի մասով: Տարբեր որոշումներ են կայացվել, մինչ այժմ էլ շարունակվում են»:
Նա ասաց, որ եղել է բազմակողմանի վերլուծություն, որը կարող է ուղղորդիչ դեր ունենալ հանձնաժողովի համար:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախագիծ է բերել ԱԺ, որով առաջարկվում է ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի չափանիշները հավասարեցնել կառավարության անդամի չափանիշներին, դրա արդյունքում 25 տարին լրացածն էլ կարող է դառնալ ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ: Նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: Այս նախագծի հետ կապված ՊՆ նախարարն ասաց. «Ես ցենզի մասին գնահատական չեմ տա, բայց կարծում եմ, կառուցվածքային փոփոխություններ էլ պետք կլինեն»:
Հարցին՝ նորմա՞լ եք համարում, որ ոստիկանապետը, ԱԱԾ պետը նշանակվեն ոչ թե համակարգից, այլ՝ 25 տարին լրացած, 4 տարվա փորձով՝ նա պատասխանեց. «Եթե դա լինելու է քաղաքական պաշտոն, ես խնդիր չեմ տեսնում»: Թե անհրաժեշտություն կա՞ այդ պաշտոնները քաղաքական դարձնելու՝ նա պատասխանեց, որ մի քանի տարի առաջ հակառակ գործընթացն է եղել, հիմա որոշումները փոխվում են, բայց բուն այդ նախագծին նա ասաց, որ դեռ չի ծանոթացել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ