«Սանիթեք» ընկերության անձնակազմը խիստ մտահոգ է, թե ինչպես են մեր աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել և ապահովել մեր քաղաքի բարեկեցիկ առօրյան, ժամացույցի ճշգրտությամբ ստացել իրենց աշխատավարձերը, այսօր մեզ հետ միասին հայտնվել նման անելանելի վիճակում: Շատ մտահոգիչ է նաև այն, թե ինչպես է քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության ղեկավարությանն ու ընկերության այս տարիների արած աշխատանքը:
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ oգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից «Սանիթեք» ընկերությանը պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ` 12 վարչական շրջանների սպասարկման համար: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանի կողմից մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրա և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ` վճարվել է 12 վարչական շրջաններից միայն 5-ի համար (նամակին կից ներկայացնում ենք բոլոր փոխանցումները հավաստող փաստաթղթերը): Օգոստոս ամսվա առաջին կեսին փոխանցված գումարը ընկերությունը ծախսել է իր ամենօրյա աշխատանքների կազմակերպման համար` վառելիքի, սանմաքրման պարագաներ ձեռք բերելու, ֆինանսական այլ պարտավորությունների կատարելու և այլ ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով:
Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, առ այսօր քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել, ավելին` վարչական շրջանների կողմից չեն ընդունվել «Սանիթեք»-ի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը: Նշենք նաև, որ «Սանիթեք» ընկերության օգոստոս ամսվա աշխատավարձային ֆոնդը շուրջ 132 միլիոն ՀՀ դրամ է, որի վճարման հնարավորությունն ընկերությունը չունի, քանի որ չի ստացել քաղաքապետարանի կողմից օգոստոս ամսվա երկրորդ վճարումը: Ողջ օգոստոս ամսվա համար, փաստացի, փոխանցվել է ամբողջ գումարի 32.5%-ը:
Այս ամենի հետ մեկտեղ մենք ամեն օր արձանագրում ենք քաղաքապետարանի շարունակական ցուցադրական գործողությունները և ստերը, որոնք ղեկավարվում են տաղանդավոր դերասանների կողմից. ճշմարտությունն այս ողջ ընթացքում երբեք չի հարգվել և գնահատվել քաղաքապետարանի կողմից: Անձնական շահերի և սեփական օրակարգի համար «Սանիթեքին» ստելն ու վատաբանելը մի բան է, իսկ սեփական ժողովրդին ստելը` մեկ այլ:
Կարդացեք նաև
Կոչ ենք անում հասարակությանը պարզելու, թե ինչու են շարունակաբար առգրավվում «Սանիթեք» ընկերության գումարները և որպես օրինակ հարցնել, թե ինչո՞ւ են գնում 52 աղբատար մեքենաներ, երբ 30 աղբատարներն ավելի քան բավարար են քաղաքի մաքրման համար, որտեղից են գնվում աղբադույլերն ու ինչ որակի են դրանք: Սա է արդյո՞ք հանրային միջոցների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը:
«Սանիթեք» ընկերությունը միշտ գործել և շարունակում է գործել օրենքի տառին համապատասխան:
«Սանիթեք» ընկերության տնօրինություն