«Ցավալի է, որ շարունակվում են փակ դռների հետեւում, մութ հրաժարականները»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախօրեին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականին , ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Նա վկայակոչում է նախկինի փորձի շարունակությունը, երբ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության պատճառները չեն հրապարակվում. «Ավելին, եթե նախկինում հեռացողները վախենում էին խոսել, հիմա խոսում են եւ խոսում են անհարգալից, մի քիչ հեգնանքով»:
Հիշեցնենք, Արթուր Վանեցյանը հայտարարել էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:
Մեկնաբանելով Արթուր Վանեցյանի հայտարարությունը, Գեւորգ Գորգիսյանն ասում է`մոտավորապես սա էր ասում Արթուր Վանեցյանը. «Ես ձեր քաոտիկ համակարգում անելիք չունեմ, դա իմ պատվից ցածր է»:
Միայն Արթուր Վանեցյանի հրաժարականն իր համար բավարար է արձանագրելու, որ իշխող քաղաքական ուժի ներսում խնդիրներ կան, մանավանդ, որ Արթուր Վանեցյանն իշխանության ֆավորիտներից էր: «Ներսում կան բավականին խնդիրներ եւ հատկապես, հաշվի առնելով թե ինչ պաշտոն էր զբաղեցնում պարոն Վանեցյանը, դա կարող է շատ վտանգավոր դառնալ հենց իշխանությունների համար»:
Կարդացեք նաև
Հարցին`ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը`«Իմ քայլի»`ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու որոշման հետ, Գեւորգ Գորգիսյանն ասաց` ցավում է, որ քաղաքական մեծամասնությունը իրապես չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին եւ չի պատկերացնում, թե ի՞նչ քաղաքական զարգացումներ են գնում: «Փաստացի իրենց երկրորդ ռեյտինգով մարդը դուրս եկավ իշխանությունից եւ իրենց թիմից, բայց իրենք զբաղված են ՍԴ-ի շուրջ մտացածին, հորինված ճգնաժամ լուծելով: Այդ ճգնաժամը չի եղել, չկա եւ ես չեմ հասկանում, թե իրենք ինչն են ուզում լուծել: Բայց եթե պահանջում են ՍԴ նախագահի հրաժարականը`իրավունք ունեն»: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այդ իրավունքը պետք է հիմնավորված լինի. «Որոշումը թող տան`կտեսնենք, մեր գնահատականը կտանք: Բայց դա չպետք է լինի քաղաքական, հակառակ պարագայում շատ հեռու կգնանք ժողովրդավարությունից եւ իշխանությունների տարանջատման ճյուղերից»:
Քանի դեռ «Իմ քայլը» խորհրդարանում մեծամասնություն ունի, նա չի կարծում, թե արտահերթ ընտրությունները հնարավոր են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ