Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը «Արմենպրեսում» կայացած ասուլիսում նշեց, որ 2018թ հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 17-ը ԲՈԿ մուտքագրվել է 286 գործ, մինչդեռ այս տարի նույն ժամանակահատվածի համար՝ 188-ը: Գոգյանն ասում է, որ հնարավոր է մյուս տարի ավելի շատ հոսք ունենան, որովհետեւ հնարավոր է այս տարի պակասող 88-ը միանա հաջորդ տարվա գործերի թվին, քանի որ դրանք հավանաբար վերամշակման եւ թերությունները շտկելու փուլում են:
ԲՈԿ նախագահը շեշտեց, որ մշակվում է մի համակարգ, որը ցույց կտա, թե ովքեր են իրականում գիտությամբ զբաղվում, կբացառվեն լրիվ նույն թեմայով ատենախոսությունների պաշտպանությունները, իսկ ատենախոսների պաշտպանությունները կհեռարձակվեն բաց կամ փակ ձեւաչափով: Սմբատ Գոգյանը տեղեկացրեց, որ հնարավոր է սփյուռքի գիտնականներին էլ ընդգրկեն մասնագիտական խորհուրդներում, ինչը, նրա ձեւակերպմամբ, թույլ կտա խոսափել «ես քեզ համար, դու ինձ համար» աշխատաոճից:
Նա խոսեց համակարգային խնդիրներից, ասաց, օրինակ` բանասիրական գիտություններից անցյալ տարի հաստատվել է 40 ատենախոսություն, այս տարի 12-ը: Սմբատ Գոգյանը տարակուսանք հայտնեց, որ ռոմանագերմանական լեզուների վերաբերյալ ատենախոսությունները հայերեն են գրվում:
Անդրադարձ եղավ տնտեսագիտության ոլորտին: Նա նշեց, որ անցյալ տարի հաստատվել է այդ ոլորտի 70 ատենախոսություն, այս տարի ընդամենը 29-ը, սակայն այդ թիվը կարող է որոշակիորեն աճել: Շեշտեց, որ թվի նվազումը կապված չէ որակի բարձրացման հետ: «Նկատել ենք, որ որոշ ոլորտներում կա գիտությունը ինժեներությւոնից տարբերակելու խնդիր, կա նաեւ գիտական նպատակի բնագավառի հստակեցման խնդիր… Հաճախ հայցորդներին թվում է, թե վիճակագրական տվյալների հավաքագրումը գիտություն է, իրականում դա գիտական գործունեության հետ կապ չունի»,-ասաց ԲՈԿ նախագահը:
Կարդացեք նաև
Արտագրություններից էլ խոսք գնաց: Ասաց, որ ինքը եւ ԲՈԿ-ի աշխատողները երբեք անվանական չեն խոսում այդ խնդիրը բարձրաձայնելիս: Ինչ վերաբերվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության մասին իր կողմից բարձրաձայնմանը, Գոգյանը նշեց. «Այստեղ եղավ երկու կողմի բախում, ինչի արդյունքում խնդիրը դուրս եկավ ջրի երես եւ շահարկվեց մեդիայում: Նա Հայաստանի պատմության մեջ վերջին մեկ տարվա մեջ միակ մարդը չէ, որի վերաբերյալ այդ խնդիրը եղել է: Դեռ անցյալ տարի հայտարարել էի, որ երկու ռեկտոր իրենց ատենախոսությունների հետ խնդիր ունեն: Այդ երկուսը դիմում գրեցին, գնացին եւ հանրույթը չիմացավ, թե ում մասին է խոսքը: Ես ցանկանում եմ խնդիրները լուծել համակարգային, բայց ոչ անձնական եւ շոու սարքելու նպատակով»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ