Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանի հրաժարականը ու առաջ բերած ներքաղաքական արձագանքները վկայեցին, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում այլևս չի գործում սև-սպիտակ տրամաբանությունը. «Ժամանակ»

Սեպտեմբեր 18,2019 12:15

ԱԱԾ պետի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականը, դրա վերաբերյալ հայտարարության բովանդակությունն ու առաջ բերած ներքաղաքական արձագանքները, քննարկումները վկայեցին, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում այլևս չի գործում սև-սպիտակ տրամաբանությունը, սակայն միևնույն ժամանակ պարզ չէ, թե ինչ տրամաբանություն կամ գունապնակ է գործում:

Այդպիսով, հրաժարականը վկայեց, որ Հայաստանի հետհեղափոխական ներքաղաքական կոնֆիգուրացիայի հարցը ոչ միայն շարունակում է մնալ կամ լինել բաց, այլ մեծ հաշվով դեռևս չունի էլ մոտավոր ուրվագծեր, պատկերացնելու համար, թե ինչ ուղղությամբ կարող է ընթանալ ներքաղաքական քարտեզագրումը: Միաժամանակ, Վանեցյանի հրաժարականին հաջորդած հանրային արձագանքները հուշեցին, որ Հայաստանում բացարձակապես առկա չէ ներքաղաքական գունավորման համար անհրաժեշտ սոցիալական գունավորում կամ բազա, որովհետև ինքնին ամենևին սև-սպիտակ չենթադրող պաշտոնանկությունը կամ հրաժարականը հանրությունը դիտարկեց հենց սև-սպիտակի տրամաբանությամբ, չարի և բարու, հեղափոխության ու հակահեղափոխության:

Իհարկե, այդ հարցում հանրությանը զգալիորեն օգնեցին ուժեր, որոնց քաղաքական շահերից է բխում սև-սպիտակ տրամաբանության «հավերժացումը», որովհետև չունենալ բովանդակային քաղաքականության այլ հեռանկար, այդպիսով նրան գոնե կարողանում են օգտագործել միակ՝ սևի դեմ կռվելու ռեսուրսը: Սակայն այդ սևին տպավորիչ կերպով հաղթած իրականության պայմաններում, այդ հաղթանակից մեկուկես տարի անց, սևերի դեմ կռիվը կամ քաղաքական գործունեության առանցքում այդ կռիվը դնելն այլ բան չէ, քան հողմաղացների դեմ պայքարը: Բայց քանի որ չկա այլ պայքար, ներքաղաքական կյանքում «հողմաղացը» վայելում է մեծ պահանջարկ: Ու դա վերածվում է հանրային պահանջարկի, քանի որ չկա ուրիշ առաջարկ: Արդյունքն այն է, որ շերտերի խորքում տեղի ունեցող իրապես բազմերանգ գործընթացները հանրության շրջանում արժանանում են պարզունակ ընկալումների, ինչն էլ իր հերթին նպաստում է իրական գործընթացների ստվերային բնույթին:

Օրինակ՝ ԱԱԾ պետի հրաժարականից հետո շատ են հնչում հայտարարություններ, որ իշխանությունն ու հրաժարական տվողը պետք է ներկայացնեն պատճառների վերաբերյալ կոնկրետ տվյալներ, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե ինչ է կատարվում: Իսկ կա՞ տվյալների հետ աշխատող հանրություն, եթե լինեն կամ մատուցվեն դրանք:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30