ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախորդ մրցութաշրջանի դրամաշնորհային ծրագրով իրականացված «Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբի երեխաների համար» ծրագիրն ամփոփվել է:
Սեպտեմբերի 11-ին գրադարանի ճեմասրահում ցուցադրվել են մանկապատանեկան ստեղծագործական անվճար խմբակներ հաճախած երեխաների աշխատանքները, իսկ թատերական խմբակի պարապմունքներն ամփոփվել են թումանյանական մոտիվներով հեքիաթների բեմադրությամբ:
Ծրագրի փոքրիկ շահառուներն ամռան 3 ամիսներին հնարավորություն են ստացել ըստ իրենց նախասիրության և անվճար հիմունքներով հաճախելու նկարչության, խեցեգործության, ուլունքագործության, ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակներ` հմուտ մասնագետների օգնությամբ ձեռք բերելու և զարգացնելու ստեղծագործական նոր հմտություններ: Սաների համար, պարապմունքներին զուգահեռ կազմակերպվել են ճանաչողական այցեր՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններ, Տեր-Ղազարյանների միկրոարվեստի թանգարան և «Մոսկվա» կինոթատրոն:
Նշենք, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 3-ից մեկնարկած՝ խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական խմբակներում ընդգրկվել են հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների և սահմանապահների՝ 7-15 տարեկան 55 երեխա:
Կարդացեք նաև
Ծրագիրը միտված էր նշյալ խմբերի երեխաների ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, նրանց ամառային արձակուրդի բովանդակալից անցկացմանը:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին