ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականը, չգիտես ինչու, ցնծությամբ ընդունվեց ընդդիմության եւ հատկապես նախկին իշխանությունների ու նրանց հարող շրջանակների կողմից։ Նրանց հիացրել էր հատկապես հրաժարականի տեքստը (որն, ի դեպ, բացարձակապես կապ չուներ սպայի պատվի հետ՝ սպաներն այդպես չեն հեռանում), եւ բոլոր նրանք, ովքեր ընդամենը ամիսներ առաջ Արթուր Վանեցյանին համարում էին Նիկոլ Փաշինյանի ձեռքին «բութ գործիք» ու խոսում նրա ընտանիքի բիզնեսներից եւ 50 հազար դոլարանոց բաճկոններից, հանկարծ սկսեցին հիանալ նրա «սպային վայել արժանապատիվ կեցվածքով»։
Թե որն էր հրաժարականի (թեեւ վարչապետի արձագանքը ենթադրել է տալիս, թե դա, այնուամենայնիվ, ոչ այնքան հրաժարական էր, որքան պաշտոնանկություն) հիմնական պատճառը՝ երեւի այդպես էլ մինչեւ վերջ պարզ չդառնա, հատուկ ծառայությունների ղեկավարների պաշտոնանկությունների դեպքում միշտ չէ, որ փակագծերը բացվում են։
Փոխարենը՝ կարելի է ենթադրել, թե հատկապես ինչն էր ուրախացրել ընդդիմադիր շրջանակներին, եւ ինչու էին ամենաշատը ուրախացել հատկապես նրանք, ում նկատմամբ հարուցված աղմկահարույց քրեական գործեր կան, եւ ովքեր մոտ ապագայում մեծ հավանականությամբ կարող են հայտնվել ճաղավանդակների ետեւում։ Այստեղ առանցքայինը երեւի Վանեցյանի հրաժարականի տեքստի «կանգ առ» բառերն էին՝ ակնհայտորեն ուղղված վարչապետին։ Ըստ էության նույն կոչով արդեն ավելի քան մեկ տարի է հանդես են գալիս նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ազգականները՝ իշխանություններին կոչ անելով դադարեցնել նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումները, անցյալը թողնել անցյալում, ամեն ինչ սկսել նոր էջից եւ շարժվել առաջ՝ առանց ետ նայելու: Ու հիմա նրանք հրճվում են, որ նույն բանը Վանեցյանն է ասում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում