Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու մեխանիզմները. «Հրապարակ»

Սեպտեմբեր 18,2019 11:01

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 109-րդ հոդվածը սահմանում է կարգը եւ բոլոր այն դեպքերը, որոնց առկայության դեպքում ԱԺ-ն կարող է ՍԴ դիմել Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով։ Ըստ այդմ՝ «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը։ Եթե Սահմանադրական դատարանի դատավորը կատարել է էական կարգապահական խախտում կամ ձեռք է բերել կառավարության որոշմամբ սահմանված այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետեւանքով այլեւս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ապա Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել համապատասխան հիմքերի մասին հայտնի դառնալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում»։ Սա նշանակում է, որ առաջիկա օրերին ԱԺ-ն պետք է ներկայացնի որոշման նախագիծ, քանի որ Քոչարյանի գործով խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 4-ին։

Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում։ Որոշումն ընդունված է համարվում, երբ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով այն ընդունվում է։ Սակայն դրանից հետո նախագիծն ուղարկվում է ՍԴ, որը պետք է որոշում կայացնի՝ զրկե՞լ իր անդամին, թե՞ ոչ։ Քվեարկության արդյունքում եթե դատավորների 2/3-ը կողմ է քվեարկում, այսինքն՝ 6 անդամ, որոշումը մտնում է ուժի մեջ։

«Այստեղ կարեւոր հարցն այն է, թե իշխող խմբակցությունը կոնկրետ ինչ իրավական հիմք է վերցնում, որը տեսնելուց հետո միայն կարող ենք ասել՝ սա իրավական գործընթա՞ց է, թե՞ քաղաքական»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը։

Պատգամավորը տարակուսանք է հայտնում. «Մե՞կ դատավորի հետ կապված են կարգապահական խնդիրները, թե՞ երեքի։ Եթե մեկն է, ապա բա էն երկո՞ւսը, որոնց մասին Վահե Գրիգորյանը նույնպես իր գրությամբ հիշատակում էր»։

Կա տեսակետ, թե Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրել երկուսի վրա։ «Պետք է ապացույց ունենալ, եթե ճնշում է գործադրել, այդ ինչպե՞ս եղավ, որ երկու դատավոր էլ կարողանում են հատուկ կարծիք հայտնել, նրանց նկատմամբ ճնշում չի՞ գործադրվել։ Հազար հարց կա, ու միայն ենթադրություններով չի կարելի հիմք դարձնել։ Ինչպես ասում են՝ սատանան մանրուքներում է, ու պետք է հիմքերը շատ հստակ լինեն։ Եվ երկրորդ, եթե անգամ կան այդ հիմքերը, ընթացակարգը պետք է ճիշտ օգտագործվի, որ չստացվի՝ քաղաքական որոշում է։ Եթե պարզվի, որ քաղաքական որոշում է, իսկապես, իշխանությունների տարանջատման սկզբունքի հարց է բարձրանում։ Իսկապես, շատ նուրբ թելի վրայով ենք խաղում»։

Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են համարվում «էական կարգապահական խախտումներ», եւ ո՞վ է որոշում, թե իքս խախտումն էական է կամ ոչ։ «Իրականում, այո, մի քիչ էլ մեկնաբանության հարց է, եթե իրականում առկա է ճնշում, դա էական խախտում կարող է համարվել, բայց պետք է ապացուցել, որ կա ճնշում, միայն մտահոգություն հայտնելը բավարար չէ»։ Ընդդիմադիր ԼՀԿ-ն, ուստի, կսպասի որոշման նախագծին, որից հետո կհայտնի իր դիրքորոշումը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30